HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը լինելու է ավելի կոշտ ու քննադատական

«Մարդու իրավունքները կարևորագույն արժեք են այսօրվա հասարակության մեջ, այստեղ չկա բանավեճ, այլ կա կոնսենսուս, խնդիրն այն է` արդյոք մենք կարողանում ենք ստեղծել միջավայր, որ այդ համընդհանուր ազատությունները կարողանան իրացվել»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ:

Կառավարության ղեկավարի համոզմամբ` մարդու իրավունքների իրացումը այսօր Հայաստանում լուրջ խնդիր է, քանի որ հասարակության մեծամասնության համար մարդու իրավունքները զուտ բառակապակցություն են, որի իմաստը նրանք չեն հասկանում, այլ կերպ ասած` այսօր մարդու իրավունքները Հայաստանում «գիտակցված անհրաժեշտություն չեն»: 

Ի հակադրություն վարչապետի` մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը դրական միտում է արձանագրում այն առումով, որ հասարակության մեջ մեծանում է իրենց իրավունքների պահանջատիրությամբ հանդես գալու անհրաժեշտությունը: Սակայն, նրա համոզմամբ, Հայաստանում շարունակվում են մարդու իրավունքների զանգվածային իրավախախտումները, քանի որ «իշխանությունների կողմից ակտիվ դիմադրություն կա մարդու իրավունքների պաշտպանությանը»:

Առաջին պաշտպանը մատնանշում է մարդու մի շարք հիմնարար իրավունքներ և ազատություններ, որոնք անփոփոխ կերպով անընդհատ ոտնահարվում են: Լարիսա Ալավերդյանի համոզմամբ` այսօր Հայաստանում արդար դատավարությունը դարձել է մի անհասանելի նպատակ: Ըստ նրա`հնարավոր չէ կառուցել կայուն իրավական պետություն, երբ նման պետություն կառուցելու համար անհրաժեշտ 3 հիմնասյուներից մեկը`դատական համակարգը, կոտրված է կամ բացակայում է, իսկ մյուս երկուսը` գործադիր և օրենսդիր իշխանություններն էլ լիովին կայացած չեն. «Մենք կայունությունը պատկերացնում ենք մի հարթություն, որի վրա կարող ենք անվտանգ քայլել, այնինչ մենք այսօր ունենք մի հարթություն, որից մենք անընդհատ կարող ենք սահել ու ընկնել անդունդը` անիրավական և անիրավաչափ գործողությունների հարթության մեջ»:

Լարիսա Ալավերդյանը լուրջ դժվարություններ է տեսնում նաև արտահայտվելու իրավունքը իրացնելու առումով, քանի որ համաձայն չէ իշխանությունների այն պնդումների հետ, որ չկան արհեստածին խոչընդոտներ հավաքների ազատության առումով: Նրա խոսքերով` հիմնականում խրախուսվում են ապաքաղաքականացված կամ պրոիշխանական երթերը, իսկ ընդդիմադիրների պարագում` 10 դեպքից մեկը. «Մենք չպետք է սպասենք, որ իշխանությունները որոշեն` ինչքանով է պահանջված ինչ-որ հասարակական կամ քաղաքական խմբի կողմից նախաձեռնված հավաքը կամ երթը»: 

Փաստելով, որ ընդդիմադիր լրատվամիջոցները ևս լիովին անկախ չեն, այնուամենայնիվ, առաջին պաշտպանը կարծում է, որ իշխանությունները պետք է առավել շահագրգռված լինեն` ունենալու ազատ լրատվամիջոցներ և դրանով իսկ ապահովելու խոսքի և ռղեկատվության ազատությունը Հայաստանում: Տիկին Ալավերդյանը  ուշադրություն է հրավիրում նաև լրագրողների նկատմամբ տեղի ունեցող բռնությունների վրա: Նա չի հավատում, որ այդ բռնությունները «պատահական ինչ-որ խուլիգաններ են անում, քանի որ այդ դեպքերն անընդհատ կրկնվում են»:
Լ. Ալավերդյանը կարծիքով` սեփականության իրավունքը նույնպես Հայաստանում մնում է անպաշտպան, և 2006 թ. ԱԺ ընդունած օրենքը հանրային շահի մասին չի եկել պաշտպանելու այդ իրավունքը, քանի որ օտարելու իրավունքը օրենքով կառավարությանն է տրվել. «Չէր կարելի այդ իրավունքը տալ կառավորությանը, քանի որ նրա խմբակային շահը ավելի է համընկնում այդ օտարումից օգտվող մասնավոր անձի հետ, քան օրենսդիրինը»:

Նախկին պաշտպանը ցավով անդրադառնում է նաև ընտրելու և ընտրվելու հետ կապված Հայաստանում առկա խախտումներին` առաջնահերթ նշելով այն, որ ցանկացած քաղաքացի, հայտնվելով այլ երկրում, զրկվում է ընտրելու իրավունքից, այդ թվում` դիվանագիտական շրջանակները, ովքեր ի պաշտոնե են գտնվում արտերկրում: Միևնույն ժամանակ, նա փաստում է, որ օրենսդրական բազմաթիվ փոփոխություների արդյունքում այնպիսի մի վիճակ է ստեղծվել, որ «դժվար որսալի է և հեշտ իրականացվելի է այն, որ մեկ մարդը մի քանի անգամ քվեարկի: Ինչ վերաբերում է ընտրվելու իրավունքին, Լ. Ալավերդյանը հիշեցնում է, որ քաղաքացիների մեծ մասը սահմանափակված կամ զրկված է քաղաքապետի կամ ավագանու պաշտոնում ընտրվելու իրավունքից, քանի որ այս պաշտոնում ընտրվելը ենթադրում է կուսակցական պատկանելություն:

Ըստ նախկին պաշտպանի` լուրջ խնդիրներ կան նաև կյանքի իրավունքի հետ կապված, քանի որ կյանքի իրավունքի ապահովումը ընկալվում է զուտ «մահապատժի վերացում», սակայն իրականում կյանքի իրավունքի ապահովում նշանակում է «առողջ և ապահովված քաղաքացիների առկայություն»: Ըստ Լ. Ալավերդյանի` անառողջ և չապահովված կյանք ունեցող մարդկանց թիվը երկրում աճում է, քանի որ նվազագույն աշխատավարձը ավելի ցածր է, քան նվազագույն սպառողական զամբյուղը. «Մենք նման խավ ենք արտադրում»,- մտահոգվում է տիկին Ալավերդյանը:

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը կարծում է, որ կա մեկ առաջնային խնդիր` անկախ դատական իշխանության խնդիրը, որի առկայության պայմաններում, ըստ նրա, կարելի է և' խոշտանգումներից զերծ մնալ, և' վերականգնել խոսքի ազատությունը, ազատ ընտրելու իրավունքը, քանի որ մյուս խնդիրները համակարգային բնույթ չեն կրում:

ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի համոզմամբ` նորանկախ Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկը «մարդու իրավունքների պարբերաբար և համակարգված ձևով ոտնահարումն է»: Հենց այդ պատճառով էլ Վ. Դալլաքյանը պարադոքս է համարում այն, որ չնայած դատական համակարգը, ոստիկանությունը և դատախազությունը կոչված են պաշտպանելու մարդու իրավունքները, բայց մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը ցույց է տալիս, որ ամենաշատ բողոքներն ուղղված են հենց այդ կառույցներին: Ըստ պատգամավորի` Հայաստանում չի գործում քաղաքակիրթ աշխարհում ընդունված սկզբունքը, որ ոչ թե մարդն է պետության համար, այլ պետությունն է մարդու համար: 

Վ. Դալլաքյանն առաջարկում է մխիթարվել նրանով, որ մենք ժողովրդավարության ճանապարհին գտնվող փոքր պետություն ենք, և կարծում է, որ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը ևս աստիճանաբար կլուծվի: Սակայն, նա գտնում է, որ դրա համար պետք է իշխանությունների կողմից դրսևորվի քաղաքական կամք, և ժողովրդի իրավագիտակցության բարձրացմանն ուղղված քայլեր, օրենսդրական բարեփոխումներ իրականացվեն, ապահովվի հասարակության վերահսկողությունը իշխանության քայլերի նկատմամբ: Պատգամավորի կարծիքով` մարդը նախ իր իրավունքները պետք է պաշտպանի ինքն իրենից, դրսևորի ինքնազսպում և լինի պահանջկոտ ինքն իր նկատմամբ:

Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի անդամ, «Իրավունք և ազատություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, նախկին քաղբանտարկյալ (1980-ականներին) Վարդան Հարությունյանը նույնպես այն կարծիքին է, որ Հայաստանում խախտվում են մարդու բոլոր իրավունքները, և մարտի 1-ը ընդհանուր հայտարարն էր այն ամենի, ինչ որ տեղի է ունենում Հայաստանում տասը տարի շարունակ. «Այդ տասը տարին պետք է հանգեցներ ինչ-որ սարսափելի իրադարձության և հանգեցրեց»: Չնայած Վարդան Հարությունյանը բարձր չի  դասում մարդկանց քաղաքական, քաղաքացիական կամ սոցիալական իրավուքներից որևէ մեկը, սակայն ասում է, որ դժվար է զբաղվել այլ իրավախախտումների դեպքերով, երբ Հայաստանում կան մոտ 70 քաղբանտարկյալներ. «Մի բան է, երբ վտանգված է մարդու կյանքը, ազատությունը, արժանապատվությունը, մի բան է, երբ ինչ-որ մեկը ունի սոցիալական պրոբլեմներ, մարդը անպաշտպան է` անկախ իր գրաված հասարակական դիրքից”:

Իսկ դատական համակարգը, ըստ Վ. Հարությունյանի, մի հիվանդ համակարգ է, որն ուղղակի հանձնարարություն է ստանում վերևից և իրագործում այն` մշտապես գտնվելով «նվաստացած վիճակում», դրա համար էլ, նրա կարծիքով, այսօր դատավոր լինել` նշանակում է անարժանապատիվ մարդ, մարդ, ով պատրաստ է կատարել ցանկացած հանձնարարություն: Վերջերս դատավորների աշխատավարձերի բարձրացումը նա դիտում է այս համատեքտում. «Մեր համակարգում դա որևէ դրական դեր չի կատարելու, քանի որ դատավորը մտածում է` եթե իմ տերը ինձ տալիս է ավելի բարձր աշխատավարձ, ապա ես պետք է ավելի մեծ պատրաստակամությամբ աշխատեմ»: 

Վ. Հարությունյանը հույսեր չի կապում նաև Եվրախորհրդի ընդունած վճիռների հետ, քանի որ ՀՀ քաղաքացուն պարտված գումարները վճարվում են ոչ թե մարդու իրավունքը խախտած չինովնիկի գրպանից, այլ պետական բյուջեից: Նա ավելացնում է, որ նույն իշխանավորն էլ պատշտպանված է այնքան ժամանակ, քանի դեռ գտնվում է իշխանական որևէ օղակում:

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի նախագահ Գոռ Հակոբյանի կարծիքով` չնայած ամենատարբեր մակարդակներով բարձրաձայնվում են քաղաքական և քաղաքացիական իրավունքների խախտման դեպքերի մասին, սակայն Հայաստանում ավելի շատ խախտվում են մարդու սոցիալական իրավունքները` սոցիալական ապահովման, աշխատանքի, օթևանելու իրավունքները: Նրա կարծիքով` քաղաքացիները չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները, քանի որ չարդարացված վախ ունեն դատական համակարգի նկատմամբ: Գոռ Հակոբյանի համոզմամբ` ամեն ինչ պետք է սկսել ներքևից, և եթե լինի քաղաքացիների մի ինչ-որ հատված, ով քաջություն կունենա դատական կարգով պաշտպանել իր իրավունքները, ապա հնարավոր կլինի բավականին լավ արդյունքներ ստանալ, առավել ևս, որ այսօր չկա ինֆորմացիայի խնդիր: Ըստ Գ. Հակոբյանի` եթե ամեն մի քաղաքացի այսօր իրավունքը ընկալի որպես արժանապատվություն և «վիրավորվի», ապա այդ ընկալումը նրան պայքարելու ուժ կտա: 

Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի նախագահ Լևոն Ներսիսյանի խոսքերով` չինովնիկական ապարատը մեզ մոտ ընտրվում է ոչ թե ըստ պրոֆեսիոնալության մակարդակի, այլ, լավագույն դեպքում, ըստ անգլերենի իմացության, և այլևս կարևոր չէ, թե իրենք ինչպես են կատարելու իրենց պարտականությունները: Մարդու իրավունքների պաշտպանությունը, ըստ նրա, նաև գալիս է  նրանից, որ իրավական կազմակերպությունները, երբ զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ, պայքարում են ոչ թե երևույթը վերացնելու դեմ, այլ ուղղակի մասնավոր խնդիրներ են լուծում` պաշտպանելով առանձին քաղաքացիների իրավունքները: 

Իրավական ասպեկտից բացի` մարդու իրավունքների պաշպանությունը ունի մեկ այլ` ավելի առաջնային ասպեկտ`բարոյականը: «Ընտանեկան, կլանային, կորպորացիոն շահերը ավելի բարձր են դասվում, քան ազգային շահերը, մեզ մոտ տիրում է համընդհանուր գավառամտություն, և առկա է կոմպետենտության բացակայություն: Ցանկացած մարդ պետք է լինի քաղաքացի, լինի բարոյական և հիշի, որ ինքը իրավունքներից բացի ունի նաև պարտավորություններ»,- ասում է Լ. Ներսիսյանը:

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը 2007 թ. իր տարեկան զեկույցում որպես մարդու իրավունքների խախտման առավել տարածված դեպքեր մատնանշել էր արդար դատաքննության, սեփականության իրավունքի, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հետ կապված իրավախախտումները: Արմեն Հարությունյանի կարծիքով` այս տարի ոչ միայն համակարգային առումով առկա պատկերը չի փոխվել, այլև նոր արհեստական խոչընդոտներ են առաջացել նաև քաղաքացիական իրավունքները իրացնելու առումով: Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ այս տարվան վերաբերող իր տարեկան զեկույցը լինելու է ավելի կոշտ ու քննադատական, բայց հիմնական շեշտադրումները չեն փոխվելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter