HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«էրեբունի-Երևան»-ի օրը մայրաքաղաքի փոքր կենտրոնում երթևեկություն չի լինելու

Հոկտեմբերի 10-ին «էրեբունի -Երևան» տոնակատարության միջոցառումները  պատշաճ կազմակերպելու նպատակով և անվտանգության նկատառումներից ելնելով` փակվելու են մի շարք կենտրոնական փողոցներ և հրապարակներ: Ինչպես Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց  Ճանապարհային ոստիկանության առաջին գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը, առավոտյան  8-30-ից  փոքր կենտրոնում երթևեկությունը դադարեցվելու է: Ամբողջությամբ փակ կլինի Հանրապետության հրապարակը, Մաշտոցի պողոտան և Արգիշտիի փողոցը կփակվեն` սկսած Հաղթանակի կամրջից, Բաղրամյան պողոտան` Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Ֆրանսիայի հրապարակ: Թումանյան, Սայաթ-Նովա, Տիգրան Մեծ փողոցները` Խանջյան փողոցի հետ հատման մասերից դեպի փոքր կենտրոն, Աբովյան փողոցը` Մոսկովյան փողոցի խաչմերուկից  դեպի Հանրապետության հրապարակ, Տերյան փողոցը` Կորյունի փողոցի խաչմերուկից դեպի փոքր կենտրոն, Նալբանդյան փողոցը` Սախարովի հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ: Մինչև ժամը 14-00-ը փակ կլինի Էրեբունի թանգարանի հարակից հրապարակը, ժամը 12-14-ը մասամբ փակ կլինեն Էրեբունու, Արցախի և Տիգրան Մեծի փողոցները` քանի որ այս ուղղությամբ նախատեսված է Արգիշտի արքայի շքախմբի երթը: Այդ ընթացքում, ինչպես տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը,  համաքաղաքային երթուղիները գործելու են շրջանցող փողոցներով: «Անցած տարվա համեմատությամբ երթևեկության դադարեցումներն այս տարի նվազագույնի են հասցվել: Գրիգոր Լուսավորչի փողոցը չի փակվելու` Պռոշյան-Պարոնյան փողոցներից դեպի Արշակունյաց պողոտա ուղղությունն աշխատելու է, սակայն «Մետրոպոլ» հուրանոցի  կողմից մուտքը դեպի Լուսավորչի փողոց  փակ է լինելու, այն կբացվի ժամը 16-00-ից հետո, երբ Երևանի քաղաքապետարանի մոտից դեպի Հանրապետության հրապարակ շքերթն ավարտված կլինի»,- տեղեկացրեց Արսեն Արշակյանը: Օպերատիվ ծառայությունների, տոնակատարության սպասարկող անձնակազմի, ինչպես նաև լրատվամիջոցների համար մուտքը վերոնշյալ փողոցներում կթույլատրվի հատուկ անցագրերով: Ի գիտություն փոքր կենտրոնում գործող մասնավոր ընկերությունների` Արսեն Արշակյանը նշեց, որ  փակ փողոցներով թույլատրվելու է միայն հաց առաքող մեքենաների մուտքը: Ժամը 22-00ից հետո ամբողջությամբ կվերականգնվի հասարակական տրանսպորտի աշխատանքը փոքր կենտրոնում ` բացառությամբ Հանրապետության հրապարակի: Ինչպես տեղեկացրեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արմենակ Ադամյանը, Երևանի քաղաքապետի որոշման համաձայն, հոկտեմբերի 10-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի երկարացված ռեժիմով` մինչև ժամը 24-00-ն: Տրանսպորտի վարչության պետը տեղեկացրեց նաև, որ հոկտեմբերի 10-ին ողջ օրվա ընթացքում գործելու են նաև լրացուցիչ համաքաղաքային երթուղիներ` մետրոպոլիտենի «Երիտասարդական», «Զորավար Անդրանիկ» և «Բարեկամություն» կայարաններից  դեպի ծայրամասային թաղամասեր: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter