1 միլիոն դոլարով հնարավոր կլիներ ավելի մեծ թվով կարիքավոր երեխաների կյանքեր փրկել
ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր ուսումնասիրության համաձայն, առավել անբարենպաստ պայմաններում ապրող խավի վրա կենտրոնանալով կարելի է ավելի արագ հասնել երեխաներին վերաբերող ՀԶՆ-ներին
Այսօր լույս տեսած ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության համաձայն` համաշխարհային հանրությունը կարող է փրկել միլիոնավոր կյանքեր` ներդնելով իր ռեսուրսները` ի օգուտ առավել անբարենպաստ պայմաններում ապրող երեխաների և համայնքների: Նման մոտեցումը թույլ կտար նաև հաղթահարել աճող անհավասարությունները, որոնք ուղեկցում են ՀԶՆ-ներին հասնելու ճանապարհի առաջընթացը:
Այս նոր տվյալները ներկայացված են հետևյալ երկու հրատարակություններում` Անվահասարության կրճատումը ՀԶՆ-ները նվաճելու ճանապարհին: Առաջընթաց հանուն երեխաների: ՀԶՆ-ներին հավասարության սկզբունքով հասնելը:
Չնայած միջազգային համայնքը մեծ առաջընթաց է գրանցել Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ, առավել շատ բան դեռևս պետք է իրականացվի գալիք հինգ տարիների ընթացքում:
Համեմատելով տարբեր ռազմավարությունների արդյունավետությունը առավել կարիքավոր անձանց հրատապ առողջապահական աջակցություն ցուցաբերելու նպատակով, ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ 1 միլիոն ԱՄՆ դոլարով հնարավոր կլիներ ավելի մեծ թվով կարիքավոր և անապահով խավի երեխաների կյանքեր փրկել, քան դա հնարավոր է ներկայումս:
«Մեր տվյալները կասկածի տակ են դնում այն ավանդական կարծիքը, որ ամենաաղքատ և առավել անբարենպաստ պայմաններում ապրող երեխաների հիմնախնդիրների վրա կենտրոնանալը ծախսարդյունավետ չէ»,-նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթընի Լեյքը: «Հավասարության վրա հիմնված ռազմավարությունը ոչ միայն բարոյական հաղթանակ կբերի, որը ինքնին ճիշտ սկզբունք է, այլ նաև գործնականորեն ճիշտ կլինի»:
Ուսումնասիրությունն իրականացվել է միջազգային փորձագետների հետ խորհրդատվության արդյունքում, որոնք բնութագրեցին հիմնական տվյալները` որպես և' զարմացնող և' չափազանց կարևոր:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքներն ինձ ստիպեցին կարծել, որ հավասարության հասնելու ձգտումը կարող է միանգամայն արդարացված լինել ոչ միայն բարոյական, այլ նաև կիրառական արժեքներից ելնելով», նշեց Սասեքսի Զարգացմանն առնչվող խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն, «Զարգացման հորիզոններ» բլոգի հեղինակ և միջազգային փորձագետների աշխատանքային խմբի մասնակից` Լոուրենս Հադադը, որը վերլուծել է ուսումնասիրության նախնական տարբերակը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության հիմնական եզրահանգումներից մի քանիսը ներկայացված են ստորև`
- Հավասարության նվաճմանն ուղղված մոտեցումը ավելացնում է ներդրումներից ստացված դիվիդենտները` թույլ տալով կանխարգելել մանկական և մայրական մահացության բարձր ցուցանիշն ու զարգացման հապաղումները, քան այլընտրանքային ռազմավարության դեպքում:
- Հիմնվելով հավասարության մոտեցման վրա` ցածր եկամուտ և բարձր մահացության ցուցանիշներ ունեցող երկրում 5 տարեկանից ցածր երեխաների մահացության ցուցանիշների նվազեցման նպատակով 1 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումը թույլ կտար կանխարգելել 60 տոկոսով ավել մահացություններ, քան առկա մոտեցումը:
- Քանի որ յուրաքանչյուր երկրում բնակչության առավել անապահով խավի շրջանում տարբեր հիվանդություններից, առողջական խնդիրներից և անգրագիտությունից տուժում են երեխաները, այս երեխաներին կենսականորեն անհրաժեշտ ծառայություններով ապահովելը կարող է զգալիորեն արագացնել ՀԶՆ-ներին հասնելու առաջընթացը և նվազեցնել տարբեր երկրներում առկա անհավասարությունները:
Առաջընթաց երեխաների համար: Հավասարության սկզբունքով ՀԶՆ-ներին հասնելը, ՀԶՆ-ներին հասնելու առաջընթացի մասին ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցը ներկայացնում է տվյալներ, որոնք հաստատում են կարևոր ցուցանիշների միջև առկա անհավասարությունները, ներառյալ զարգացող և արդյունաբերական երկրների, ամենահարուստ և ամենաաղքատ քվանտիլների, գյուղական և քաղաքային բնակչության, ինչպես նաև տղաների և աղջիկների միջև: Հիմնական տվյալները ներառում են`
- Զարգացող երկրներում ամենաաղքատ տնային տնտեսությունների 20 տոկոսում առավել քան երկու անգամ ավելի հավանական է,որ երեխաները մահանան նախքան հինգ տարեկան դառնալը, քան ամենահարուստ տնային տնտեսությունների 20 տոկոսի դեպքում:
- Բնակչության ամենաաղքատ քվանտիլից երեխաներն առավել քան երկու անգամ թերքաշ կարող են լինել և թերսնուցման առավել մեծ ռիսկի ենթարկվել, քան հարուստ քվանտիլներում:
- Չնայած վերջին տասնամյակում տարրական կրթության ոլորտում գենդերային հավասարության հարցում առկա առաջընթացին, զարգացող երկրներում կրթության հասանելիության հարցում աղջիկներն ու երիտասարդ կանայք գտնվում են բավականին անբարենպաստ վիճակում, հատկապես միջնակարգ դպրոցում:
- 884 միլիոն անձանց, որոնց համար խմելու ջուրը մատչելի չէ, 84 տոկոսը ապրում է գյուղական վայրերում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցները թողարկվում են «Փրկեցեք Երեխաներին» կազմակերպության զեկույցի հետ համատեղ, որը կոչվում է «Արդար հնարավորություն ապրելու: Ինչու՞ է հավասարությունն այդքան կարևոր երեխաների համար» և որը հիմնվում է ՀԶՆ 4-ի վրա, այն է` 1990-թ. մինչև 2015թ. երկու երրորդով կրճատել 5-տարեկանից ցածր երեխաների մահացությունը:
«Փրկեցեք Երեխաներին» կազմակերպության զեկույցում անդրադարձ է արվում աշխարհի ամենատարբեր երկրներում հարուստ և անապահով խավի շրջանում մանկական գոյատևման հարցում առկա խոչընդոտներին: Այստեղ նշված է, որ առավել մարգինալացված համայնքների հետ աշխատանքը որոշիչ նշանակություն ունի անհավասարությունները նվազեցնելու և ՀԶՆ 4-ին հասնելու գործում:
«Հազարամյակի հռչակագիրը ստեղծվել է աշխարհի առավել անապահով խավի կյանքը բարելավելու նպատակով՚, ասաց Լեյքը: ՙՄենք համոզված ենք, որ այս ուսումնասիրության արդյունքները իրական ազդեցություն կունենան ՀԶՆ-ներին հասնելու համաշխարհային հանրության վերաբերմունքի և մարդկային զարգացման վրա ընդհանուր առմամբ, ինչը մեզ կօգնի բարելավել միլիոնավոր խոցելի երեխաների կյանքը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել