HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ` «Մալիկա» և «Մոկոնաթ» ՍՊԸ-ների գործադիր և փաստացի տնօրենի նկատմամբ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Մալիկա» ՍՊ ընկերության գործադիր տնօրենի եւ «Մոկոնաթ» ՍՊ ընկերության փաստացի տնօրենի  կողմից կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելու, ինչպես նաեւ փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունից  ստացված նյութերի ստուգմամբ պարզվել է, որ «Մալիկա» ՍՊ ընկերության գործադիր տնօրեն Ա. Ասատրյանը  միաժամանակ հանդիսացել է նաեւ «Մոկոնաթ» ՍՊ ընկերության փաստացի տնօրենը: «Մալիկա» ՍՊ ընկերության անվամբ  ներմուծված ապրանքներն օրենքով սահմանված  կարգով   իրացնելու  եւ դրանից առաջացած հարկերը  պետբյուջե վճարելու փոխարեն  նա 2007թ. հուվարի 3-ին  մեկ հաշիվ-ապրանքագրով  նշված ՍՊ ընկերության 332.851.700 դրամի  ապրանքային մնացորդը վաճառել է  «Մոկոնաթ» ՍՊ ընկերությանը: Իսկ «Մալիկա» ՍՊ ընկերության համար առաջացած 65.303.100 դրամ հարկային պարտավորությունը պետական բյուջե  չվճարելու նպատակով կանխամտածված ստեղծել է  անվճարունակության հատկանիշներ: Մասնավորապես` արհեստականորեն ավելացնելով «Մալիկա» ՍՊ ընկերության պարտքը, ընկերության փոխտնօրենի հետ նախնական համաձայնության գալով` 2006թ. դեկտեմբերի 31-ի ամսաթվով կազմել է  կեղծ փաստաթուղթ` իբր  «Մալիկա» ՍՊ ընկերությունը  իրեն` տնօրեն Ա. Ասատրյանին, պարտք է  20.644.090 դրամ, ճիշտ այնքան, որքան  իբր Ա. Ասատրյանը պարտք է եղել  իր ընկերոջը` Դ. Անանյանին: Այնուհետեւ կանխամտածված անվճարունակության հատկանիշների ստեղծումը  քողարկելու, պարտատիրոջը` պետությանը, պարտքը չվճարելու նպատակով Ա. Ասատրյանը,  Դ. Անանյանի հետ  նախնական համաձայնության գալով, 2007թ. հուվարի 4-ի ամսաթվով կազմել է  պահանջի իրավունքը զիջելու կեղծ   պայմանագիր` նրան իր ունեցած 20 644 090 դրամ պարտքը «Մալիկա» ՍՊ ընկերությանը փոխանցելու վերաբերյալ (ցեսիա): Հետագայում ակնհայտ կեղծ փաստաթղթերն օգտագործելով` 2007թ. մարտի 6-ին   դիմել են  ՀՀ տնտեսական դատարան` «Մալիկա» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու խնդրանքով: ՀՀ տնտեսական դատարանի` 2007թ. մարտի 22-ի  դատավճռով հիշյալ ընկերությունը սնանկ է ճանաչվել: Արդյունքում` պարտատիրոջը` պետությանը,  պատճառվել է առանձնապես խոշոր չափերի  վնաս: Բացի այդ`  «Մալիկա» ՍՊ ընկերության սնանկության կառավարիչը,  սնանկության գործընթացի ընթացքում ունենալով  ընկերության  հաշվապահական փաստաթղթերի կորստի վերաբերյալ հակասական տեղեկություններ,  պարտապանի  ֆինանսական վիճակի վերլուծություններում չի անդրադարձել սնանկության պատճառներին, կանխամտածված սնանկության հատկանիշներին: Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքը, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ եւ 325-րդ հոդվածների 2-րդ մասերի, 38-193-րդ եւ  193-րդ  հոդվածներով: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության` քննչական գլխավոր վարչություն`  նախաքննություն կատարելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter