HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Բացառիկ գերակա հանրային շահի շահառուները

ՀՀ կառավարությունը 2007 թ. մարտի 1-ին ընդունել է «Երեւանի վարչական սահմանների որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 347-Ն որոշումը, որը, միանշանակ, կարելի է դասել էլիտար որոշումների շարքին: Էլիտար, որովհետեւ այն նույնպես ընդունվել է «ազգային էլիտայի»` է՛լ ավելի հարստանալու տենչին հագուրդ տալու համար:

Հիշյալ որոշմամբ կառավարությունը քաղաքի 20 հսկայական հատվածներ ճանաչել է բացառիկ գերակա հանրային շահ եւ առանձնացրել պետության կարիքների համար` կառուցապատման նպատակով: 

Որոշման ընդունումը հիմնավորվել է նրանով, որ նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող տարածքների սեփականատերերի շահերին, քանի որ արդյունքում կվերանա առկա խառը` հին եւ ոչ ֆունկցիոնալ շինություններով անկանոն կառուցապատումը: Սահմանվել է, որ բացառիկ` գերակա շահ ճանաչված նշված տարածքի ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երեւանի քաղաքապետարանը: 

Քաղաքապետ Երվանդ Զախարյանին լիազորվել է` անցկացնել հասարակության եւ պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողի հրապարակային սակարկություն` մրցույթ, իսկ ձեռք բերող թեկնածուի ընտրության դեպքում ներկայացնել առաջարկություն` կառավարության որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ:

Հենց այդ առաջարկության արդյունքում էլ ամիսներ անց` 2007 թ. դեկտեմբերի 27-ին, կառավարությունը փոփոխություններ է մտցրել N 347-Ն որոշման մեջ եւ քաղաքի նշված 20 օտարվող հատվածների ձեռքբերողներ են ճանաչվել 11 ընկերություններ: 

Այդ ընկերությունների անունները ոչինչ չեն ասում, սակայն ընդամենը՝ առաջին հայացքից: Իրականում դրանց հետեւում կանգնած են «ազգային էլիտայի» ներկայացուցիչները: «Հետքն» արդեն անդրադարձել է դրանցից մեկի` «Քառանիշ» ՍՊԸ-ի պատմությանը (Տես` «Ես չեմ ուզում իմ սեփականությունը տալ իրենց»): Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցներին հարող տարածքը (9400 քմ ընդհանուր մակերեսով) ձեռք բերած այս ընկերության տնօրենն ու հիմնադիրը Սուրեն Գեւորգյանն է: Նա ՍՊԸ-ի գործունեության մանրամասներին ուղղակի տեղյակ չէ եւ թաքցնում է, որ ինքը քաղաքապետարանի աշխատակից է: Պատճառը շատ պարզ է. «Քառանիշը» պատսպարում է «ազգային էլիտայից» Երվանդ Զախարյանին, իսկ տվյալ դեպքում օտարվող տարածքների սեփականատերերի շահը ստորադասվել է առեւտրի կենտրոն կառուցելու «գերակա շահին»:

Քաղաքապետարանի անցկացրած «հասարակության ու պետության կարիքների համար» օտարվող սեփականությունը ձեռք բերողների մրցույթում հաղթել են նաեւ «Սկառտա» եւ «Արդավի» ՍՊԸ-ները: Առաջինը ձեռք է բերել Մ. Խորենացի, Նար-Դոս եւ Տիգրան Մեծ փողոցների միջեւ ընկած հատվածը` մոտ 13 հազար 170 քմ ընդհանուր մակերեսով, երկրորդը` Մ. Խորենացի, Զավարյան եւ Տիգրան Մեծ փողոցների միջակայքում գտնվող տարածքը` մոտ 7 հազար 835 քմ ընդհանուր մակերեսով:

«Սկառտայի» տնօրեն Գագիկ Բաղդասարյանը հրաժարվեց պատասխանել «Հետքի» հարցերին, սակայն միջնորդավորված փոխանցել է, թե պատրաստ է հանդիպել գալիք տարվա հունվար ամսին: Իսկ «Արդավի» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Սիմոնյանը նշում է, թե իրենց բոլոր գործողություններն իրականացվելու են «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքին համապատասխան: Ըստ այդմ` տարածքի հարյուրավոր բնակիչներին տրվող փոխհատուցումը լինելու է շուկայական արժեքին համարժեք` գումարած 15 տոկոս հավելավճար:

«Ա´յ մարդ, ոչ մի փոխհատուցման դիմաց ես իմ տունը չեմ վաճառում: Այն ժառանգել եմ պապիցս. գույքային թերթը թվագրվում է 1928 թվականով: Վեց հոգով դրանում ապրում ենք, բայց հիմա եկել դուրս են հանում»,- ասում է Մ. խորենացի 50 երկհարկանի տան սեփականատեր Հենրիկ Պողոսյանը: Նա նշում է, որ քաղաքապետարանը, թեեւ պարտավոր էր, բայց բնակիչներին տեղյակ չի պահել իրենց օտարվող տարածքի մրցույթ-աճուրդների անցկացման մասին:

«Այս հատվածում բնակիչներից շատերը ՍՊԸ-ներ ունեն, խանութներ են բացել ու զբաղվում են մսի վաճառքով: Եթե մրցույթի մասին իմանայինք, գուցե բոլորով հավաքվեինք, թեկուզ վարկ կվերցնեինք ու ինքներս կիրականացնեինք այդ կառուցապատումը»,- ավելացնում է Զավարյան 35 տան բնակիչ Կարեն Հովակիմյանը

«Բնակիչներն էլ կարող էին թերթ կարդալ եւ մասնակցել մրցույթին: Դրա մասին տեղեկությունը հրապարակվել է «Հայաստանի Հանրապետություն» թերթում, եւ մենք թերթից էլ իմացել ենք: Թե մրցույթին ուրիշ ո՞վ է մասնակցել, ինձ առանձնապես չի հուզում: Գիտեմ, որ հաղթողը մենք ենք»,- ասում է «Արդավի» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Սիմոնյանը: Վերջինս շեշտում է, որ օտարվող տարածքի մրցույթի ժամանակ «Արդավին» առաջարկել է յուրաքանչյուր քմ-ի դիմաց հայտարարված մեկնարկային 3000 դրամից շատ ավելի բարձր գին, ինչի պատճառով էլ նախապատվությունը տրվել է իրենց:

«Նախագծերն արդեն պատրաստ են. կառուցելու ենք տարբեր տեսակի շինություններ` բազմաբնակարան շենքեր, ինչպես նաեւ հասարակական նշանակության օբյեկտներ: Պատվիրել ենք լիցենզավորված կազմակերպություններից մեկին` «Կառուցագետ» ՍՊԸ-ին, որպեսզի գնահատի իրացվող տարածքի անշարժ գույքերի գինը, եւ եթե քաղաքացու օբյեկտի նշանակությունը հասարակական է, ապա նա կստանա հասարակականին համապատասխան փոխհատուցում»,- մանրամասնում է Արմեն Սիմոնյանը:

Հենրիկ Պողոսյանն ու նրա բախտակիցները, այսինքն` նրանք, ովքեր հրաժարվել են թույլ տալ գնահատող կազմակերպության ներկայացուցչին կատարել ուսումնասիրություն, տուժելու են բացառապես իրենք: Որովհետեւ այս դեպքում գնահատումը կատարվելու է միայն տան դրսից, եւ փոխհատուցվող գումարի չափը կնվազի:

«Վերջնաժամկետը հունվարի 1-ն է, եւ մինչ այդ մենք անխտիր բլոր բնակիչներին ծրարի մեջ կուղարկենք պայմանագրերի նախագծերի օրինակները` գնային առաջարկներով հանդերձ»,- նշում է «Արդավի» ՍՊԸ-ի տնօրենը: 

Այս ընկերության հիմնադիրը Հակոբ Կարապետյանն է, որի անունը հանրությանը հայտնի չէ: Ո՞վ է նա եւ որտեղի՞ց նրան այդքան մեծ գումարներ` խոստացվող շուկայականից բարձր ծախսերը եւ նման խոշոր կառուցապատման ծրագիրն իրականացնելու համար: 

«Հակոբ Կարապետյանը ՀՀ քաղաքացի է, թե ո՞ւմ հետ ի՞նչ կապ ունի, չեմ կարող պատասխանել,- պարզաբանում է Արմեն Սիմոնյանը եւ զարմանում,- իսկ ո՞վ ասաց, որ ներդրումների համար գումարի հայթայթումը Հակոբ Կարապետյանի  խնդիրն է: Դա իմ պրոբլեմն է, գուցե վա՞րկ եմ վերցնելու: Բայց չեմ կարող ասել` որտեղից եմ այն հայթայթելու. կոմերցիոն գաղտնիք է»:

«Երեկվա երեխաները չենք, ամեն ինչ էլ լավ հասկանում ենք եւ գիտենք, թե ինչ են անում ու ով է այս ամբողջի հետեւում»,- ավելացնում է Հենրիկ Պողոսյանը:

Իրականում «Արդավի» եւ «Սկառտա» ՍՊԸ-ների գրասենյակները նույն հասցեում են` Մ. Խորենացու 69: Ավելին` նույնն են նաեւ նրանց իրավաբանական հասցեները` Աբովյան 46-2: Իսկ «Սկառտայի» հիմնադիրը Բեգլար Բեգլարյանն է` «ազգային ընտրյալներից» Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի հայրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter