
Բագրատաշենը, շնորհիվ տեղի շուկայի, Հայաստանում հայտնի էր գրեթե բոլորին: Արդեն 4 տարի է, ինչ փակվել է Բագրատաշեն-Սադախլո հայ-վրացական շուկան: Շուկայի փակումը մեծ չափով ազդել է գյուղի վրա: Նախկինում Նոյեմբերյանից օրական 3-4 միկրոավտոբուս էր գյուղ մտնում (օրական 3-4 ուղերթ կատարելով), այժմ միայն մի միկրովտոբուս է մեկնում` այն էլ կիսադատարկ վիճակում:
Վրաստանի ադրբեջանաբնակ Սադախլոյին սահմանակից գյուղի բնակչությունը նվազել է: Շուկայի փակվելուց հետո Բագրատաշենի բնակչությունը 3500-ից դարձել է 3100, մարդիկ տեղափոխվել են Ռուսաստան կամ Հայաստանի տարբեր վայրեր:
1948թ. հիմնված Բագրատաշենում բնակվում են Հայաստանի, Ջավախքի, Ադրբեջանի հայաշատ վայրերից վերաբնակներ, անցյալ դարի առաջին կեսում Հայաստան եկած սփյուռքահայերի սերունդներ: Շուրջ 75 վայրից սերվածները ապրում են համերաշխ, դժվարին, բայց խաղաղ կենցաղով: Ամռանն այստեղ 40 աստիճան շոգ է: Խմելու ջրի խնդիրը եղել եւ մնում է: Գյուղը խմելու ջուր է ստանում Դեբեդ գետի ափից ընդամենը 5 մ հեռավորությամբ գտնվող խորքային հորից: Ավելի քան կես դար առաջ փորված հորի խորությունը 70 մետր էր, աստիճանաբար ավազը լցվել է հորը,եւ հիմա ջուրը մղվում է 15 մետր խորությունից: Լցվող ավազը հաճախ պոմպի խափանման պատճառ է դառնում:

Բագրատաշեն համայնքի ղեկավար Արկադի Մակյանն ասում է, որ առաջիկայում ԻՖԱԴ կազմակերպության ֆինանսավորմամբ նոր խորքային հոր կփորվի: Նրա վկայությամբ` այս` թիվ 40 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը 2009թ. փետրվարին գյուղի ջրամատակարարման համար 3000 դոլար արժողությամբ պոմպ է նվիրել, օրերս էլ` եւս մեկ պոմպ: Բացի այդ` պատգամավորը ֆինանսավորել է գյուղի հիմնական դպրոցի դահլիճի եւ երկու դասասենյակների նորոգումը: Բագրատաշենցիները անհանգիստ են Թեղուտի պղնձի հանքավայրի առաջիկա շահագործումից` վախենալով, որ խմելու ջրում ծանր մետաղների պարունակությունը մեծ կլինի: Պետական բյուջեի հատկացրած 30 միլիոն դրամով խմելու ջրագծի ներքին ցանց է կառուցվել գյուղի այն թաղամասերում, որոնք երբեւէ խմելու ջուր չեն ունեցել:
Բագրատաշենի համար կարեւոր խնդիր է գազաֆիկացումը: Համայնքի ղեկավարը հույս է հայտնում, որ ԻՖԱԴ կազմակերպության ֆինանսավորմամբ առաջիկայում կգազաֆիկացվեն Բագրատաշենն ու հարակից գյուղերը` Դեբեդավանը, Դեղձավանը, Պտղավանը:
Համայնքի այս տարվա բյուջեն 44 միլիոն 493 հազար դրամ է, որից 23 միլիոնը 84 հազարը`պետական լրավճար: Նախորդ տարիներից սեփական եկամուտների շուրջ 30 միլիոն դրամ ապառք կա, որի զգալի մասը հողի հարկի պարտք է: 2008-ի նոյեմբերից համայնքը ղեկավարող Արկադի Մակյանը ձգտում է նախորդ տարիների հողի հարկի պարտքերը հավաքագրել, ինչը դժվար գործ է: 52-ամյա Արկադի Մակյանը մինչ համայնքի ղեկավար ընտրվելը, 20 տարի գյուղի հիմնական դպրոցի տնօրենն էր:
-Չե՞ս փոշմանել, որ ավելի հանգիստ գործը փոխարինել ես գյուղապետի դժվարին աշխատանքով,-հարցնում եմ նրան:
Գյուղապետը հաստատակամ է, չի փոշմանել: Նա գտել է համագյուղացիներից նախորդ տարիներից կուտակված հարկերը հավաքագրելու, պարտապաններին շահագրգռելու յուրօրինակ ձեւ: Գյուղի հիմնական դպրոցի ուսուցիչները իրենց ապառքները մարում են,եւ այդ գումարներով, «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրով կրթօջախի շենքը նորոգվում է: Գյուղապետի հետ եղանք դպրոցի շենքում, 6 դասասենյակը եւ միջանցքները նորոգվել են: Գյուղի մյուս` միջնակարգ դպրոցի ուսուցիչներին էլ գյուղապետը խոստացել է, որ հարկերի ապառքները վճարելու դեպքում դպրոցի կողքին գտնվող հրապարակը, որը աղբավայր էր, կկառուցապատվի որպես երեխաների խաղահրապարակ: Այդ գործընթացը կսկսվի երկու օրից:

Բագրատաշեն մտնող ճանապարհին շատ փոսեր կային, Բագրատաշենի մաքսակետից մինչեւ գյուղի մուտք գյուղապետարանը փոսային նորոգումներ, ասֆալտի ծածկի նորոգում է կատարել: Առաջիկայում կնորոգվի գյուղի մուտքից մինչեւ մանկապարտեզ ընկած շուրջ 800 մետրանոց հատվածը: Համայնքի ներդրումով, «Վարձատրովի հասարակական աշխատանքներ» ծրագրով գյուղապետարանը ցանկապատել է գյուղի գերեզմանատունը: Ի դեպ, ցանկապատված տարածքում հայկական գերեզմաններից վերեւ գտնվում են ադրբեջանական շիրմաքարերը:
Սեպտեմբերի 1-ի դրությամբ համայնքապետարանը սեփական եկամուտների պլանը կատարել է 107 տոկոսով: Շուկայի փակվելը նաեւ նպաստեց, որ գյուղացիները սկսեն զբաղվել հողագործությամբ: Բագրատաշենը 1088 հա վարելահող, 174 հա խաղողի եւ պտղատու այգի ունի: Դրանից 50 հեկտարը ձիթենու այգի է, որը 2006 թ. ավագանու որոշմամբ 25 տարով վարձակալության է հանձնված «Ուղտասար» ՍՊԸ-ին: Գյուղի հողերից 804 հա-ն ոռոգելի է, որից 430-ը` ինքնահոս եղանակով: Վերջին տարիներին ոռոգելի ցանքատարածությունների մեջ մեծ է արեւածաղկի բաժինը:
Բագրատաշենցի գործարար տիկին Սուլթանիկ Վաթյանը տարիներ շարունակ զբաղվում է արեւածաղկի սերմի ներկրմամբ: Նա, ներմուծումից բացի, տեղական արեւածաղկի բերքն է իրացնում: Գյուղի փողոցներից մեկի ասֆալտին փռված արեւածաղկի չորացած սերմն էր հավաքում Կարեն Հարությունյանի ընտանիքը: Այս տարի արեւածաղկի բերքը լավ է, սակայն Կարեն Հարությունյանի վկայությամբ` 1.5 հեկտարից 1.5 տոննա բերք է ստացվել: Արեւածաղկի սերմի 1 կիլոգրամը 400 դրամով է իրացվում:

Գյուղը շուկայի փակումից նաեւ այլ վնասներ է կրել: Փշալարերով արգելափակված մաքսային գոտում է մնացել Լալվարի խորհտնտեսության մշակույթի տունը: Բագրատաշենի շուկայի գործարկումից հետո այն կառավարության որոշմամբ տրվել է առեւտրի նախարարությանը: 2006-ին` Բագրատաշենի շուկայի փակումից հետո, շենքը հանձնվել է մաքսային կոմիտեին: Բագարատաշեն համայնքի ղեկավարը եւ ավագանին մշակույթի տան շենքը համայնքին վերադարձնելու համար դիմել են կառավարություն, սակայն` անարդյունք:
Նշենք, որ շուկայի գործելու ժամանակ այստեղ ազատ ոճի ըմբշամարտի խումբ էր գործում, կազմակերպվում էին միջազգային պատանեկան մրցումներ, որոնց մասնակցում էին նաեւ Վրաստանից թիմեր: Այդ մրցումներին ներկա էր լինում ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:
Շուկայի փակ տարածքի հետ կապված եւս մեկ խնդիր կա: Հողի սեփականաշնորհման ժամանակ` 1991 թ., գյուղի 2 բնակիչ այդ տարածքում սեփականության իրավունքով ձեռք են բերել շենք-շինություններ: Այդ նույն տարածքում, ուր 1999 թ. կառուցապատվել է սահմանամերձ առեւտրի շուկան, Տավուշի մարզի 3 բնակիչ շինություններ` առեւտրի օբյեկտներ են կառուցել: Կառավարության 2001 թ. հոկտեմբերի 22-ի որոշմամբ` կանոնակարգվել է շուկայի գործունեությունը: Այն տարածքը, որտեղ գտնվել են այդ շինությունները, պարսպապատվել է, դարձել մաքսային հսկողության գոտի: 2006 թ. շուկայի փակվելուց հետո այդ շինությունները հայտնվել են սահմանամերձ փակ գոտում: Դրանց տերերը հնարավորություն չունեն այդտեղ զբաղվելու տնտեսական որեւէ գործունեությամբ: Չնայած դրան, ամեն տարի, այդ 5 անձանց համար հաշվարկվում է գույքահարկ, որը ներկայումս կազմում է 741 հազար դրամ: Բագրատաշեն համայնքի ղեկավար Ա. Մակյանը դիմել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին` խնդրելով միջնորդել կառավարությյանը, որպեսզի նշված 5 սեփականատերերի գույքահարկի հաշվարկը կասեցվի կամ էլ Բագրատաշեն համայնքի սեփական եկամուտներից այդ գումարները հանվեն: Սակայն առայժմ այս խնդրանքը չի բավարարվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել