Հայ զինծառայողները` միջազգային զորավարժություններում
Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԶՈՒ 10 հոգանոց ռազմաբժշկական ստորաբաժանումը ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից ԳՀԽ շրջանակներում կազմակերպվող «Բժիշկ-2010» զորավարժությանը մասնակցելու նպատակով կմեկնի Բուդվա, Մոնտենեգրո: Ամենամյա այս զորավարժությանը ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են 2004 թվականից: Զորավարժության հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների դեպքում բազմազգ փրկարարական առաքելությունների կազմում կամ միջազգային խաղաղապահ գործողությունների ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ և Գործընկեր երկրների ռազմական բժիշկ-մասնագետների և բժշկական ստորաբաժանումների գործելու հմտությունների զարգացումը:
Սեպտեմբերի 1-ից ՀՀ ԶՈՒ կապի զորքերի 20 հոգանոց խումբը Գերմանիայում և Ռումինիայում համատեղ մասնակցում է կապի և հաղորդակցության համակարգերի կիրառման «Համատեղ ձգտում-2010» ամենամյա զորավարժությունը: Զորավարժությունն անցկացվում է ԳՀԽ շրջանակներում՝ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հովանավորությամբ: Զորավարժության նախնական պլանավորման համաժողովը անցկացվել է Երևանում այս հունվարին:
Սեպտեմբերի 4-17-ը Ուկրաինայի Լվով քաղաքի Յավորիվ ուսումնական կենտրոնում ԳՀԽ շրջանակներում անցկացվում է ԱՄՆ-ուկրաինական համատեղ խաղաղապահ գործողությունների զորավարժությունը, որի հրամանատարաշտաբային մասին, ի թիվս այլ գործընկեր երկրների, մասնակցում է նաև Հայաստանը` շտաբային երկու սպաներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել