Բենզալցակայան` վտանգավոր գոտիում
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակներ է ուղարկել Երեւանի քաղաքապետին եւ Քաղաքաշինության նախարարին Երեւանի Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցի հարեւանությամբ վերջերս կառուցված բենզալցակայանի վերաբերյալ: Ստորեւ ներկայացնում ենք վերոնշյալ նամակների բովանդակությունը:
«Սեպտեմբերի 3-ի «Առավոտ» օրաթերթը հրապարակել էր Կիլիկիա թաղամասի բնակիչների ահազանգը` Երեւանի Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցի հարեւանությամբ վերջերս կառուցված բենզալցակայանի մասին: Բնակիչներն ահազանգել են բենզալցակայանի վտանգավոր մոտիկության մասին:
Անձամբ տեղում լինելով` համոզվել եմ փաստի մասին:
Քաղաքաշինության նախարարության համապատասխան վերահսկողության բաժնի պետ Նորիկ Մնոյանը խոստացել է գնալ տարածք, ստուգել, թե քաղաքաշինության նորմերի խախտումներ եղե՞լ են, թե՞ ոչ:
«Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե
1. վերոնշյալ կառույցի շինարարության մասին թույլտվություն տրվե՞լ է եւ ե±րբ
2. քաղաքաշինության նորմերի պահպանման մասին տեղեկանք տրվե՞լ է եւ ու՞մ կողմից»:
Ս.թ. օգոստոսի 25-ին «Ժամանակ» թերթում «Արմեն Աշրաֆյանը «մխտռո՞ւմ է» կոռուպցիայի դեմ պայքարը» Էլմիրա Մարտիրոսյանի հեղինակած հոդվածում հրապարակված տեղեկությունների առնչությամբ Անահիտ Բախշյանը ՀՀ գլխավոր դատախազին ուղղել է հետեւյալ հարցերը.
«Խնդրում եմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված 10-օրյա ժամկետում տրամադրել տեղեկություն այն մասին, թե
1. արդյոք ստուգվե՞լ է հրապարակված նյութի բովանդակության իսկությունը,
2. հարուցվե՞լ է քրեական գործ, թե՞ ոչ,
3. եթե հարուցվել է, ապա ի՞նչ փուլում է այն գտնվում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել