HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիի 7-րդ Բիենալեն կանցկացվի առանց պետական աջակցության

Գյումրին սառեցված հիշողության արխիվ է, հետպատմական, հետգաղութային, հետարդյունաբերական, հետկրոնական, արխիվ` առանց արխիվացման: Կարող են արվեստագետները ապրել եւ ստեղծագործել արխիվում: Կարող են արդյոք գտնել սրա պատասխանը` հետազոտելով Գյումրին, որպես արխիվ: Կարող է արդյոք հիշողություն գոյություն ունենալ առանց արխիվացման: Այս եւ նմանատիպ այլ հարցերի պատասխանն են ակնկալում ստանալ Գյումրիի 7-րդ միջազագային Բիենալեի կազմակերպիչները:  «Արխիվների արխիվացում կամ ապագայի հիշողություն» վերտառությամբ է անցնելու այս տարվա Բիենալեն: «Ուզում ենք հասկանալ, թե անցած 6 Բիենալեների արդյունքում ինչ ձեռքբերումներ ենք ունեցել,-«Ասպարեզ» ակումբում հավաքված լրագրողներին հայտնեց Գյումրիի 7-րդ միջազգային Բիենալեի գլխավոր համադրող Ազատ Սարգսյանը,-անցած տարներին շուրջ 400 արվեստագետ է մասնակցել եւ շատ կարեւոր է 12 տարի հետո արխիվացնել այն, ինչ ունենք»: Այս տարի Բիենալեին մասնակցելու հայտ է ներկայացրել 70 արվեստագետ եւ հիմնականում Հայաստանից: Գյումրիի Բիենալեն լինելով տեղի արվեստագետների նախաձեռնություն` նպատակ էր հետապնդում աջակցել մշակութային կյանքի վերազարթոնքին հետերկրաշարժյան շրջանում: Այն ծնվեց 1998թ-ին եւ նվիրվեց երկրաշարժի 10-ամյա տարելիցին: Արվեստաբան Նազարեթ Կարոյանի կարծիքով` 10-12 տարիների ընթացքում տեղի են ունեցել ներդրումներ` արտիստական, կազմակերպչական, ֆինանսական եւ այլն: Այս Բիենալեով իրենք ուզում են հասկանալ, թե այդ ներդրումների արդյունքում ինչ չափով է տեղի ունեցել մշակույթի վերականգնումը, որին այնքան ձգտում էին կազմակերպիչները, երբ 12 տարի առաջ դնում էին Ժամանակակից արվեստների Բիենալեի հիմքերը: «Էդ պատճառով, այս տարի մեծ հաշվով ներդրումներ չկան: Բյուջեն Բիենալեի զրո լումա է,-տեղեկացրեց Նազարեթ Կարոյանը,-այս Բիենալեն բարձրանում է տեղական արվեստագետների, գործիչների ուժերի մոբիլիզացման շնորհիվ: Դրականն այն է լինելու, որ ի վերջո կհասկանանք, թե անցած 12 տարիները ինչ են տվել Գյումրիի արվեստագետներին, ինչ փոփոխություններ է կրել Գյումրիի մշակույթը եւ ի վերջո հասկանանք, պետք է մեզ Բիենալե կոչվող երեւույթը եւ փորձ անել շարունակել ընթանալ առաջ»: Շատ երկրներում Բիենալեները անցկացվում են պետական հովանավորչությամբ: Օրինակ Ալբանիայի Բիենալեին պետությունը հատկացնում է 1մլն 200 հազար եվրո,իսկ Հայաստանում Մշակույթի նախարարությունն այս տարի պահանջվող բյուջեի ընդամենը 7 տոկոսի չափով գումար տրամադրելու պատրաստակամություն էր հայտնել: «2008թ-ին պետությունը 20-25 տոկոսի ներդրում ունեցել էր, սակայն այս տարվա առաջարկից մենք հրաժարվեցինք եւ գերադասեցինք ընդհանրապես զրո բյուջեով գործը կազմակերպել, ֆինանսավորման խնդրով չուզեցինք դիմել նաեւ արտասահմանյան կազմակերպություններին»,-ասաց Ազատ Սարգսյանը: 10 տարի է գոյություն ունի ժամանակակից արվեստների Բիենալեն եւ կազմակերպիչներին այս անգամ հետաքրքրում էր, թե պետական մարմիններն ինչ առաջարկներով հանդես կգան: «Որովհետեւ միշտ հնչում են կոչեր մշակութային ապակենտրոնացում, ուշադրություն դարձնենք մարզերին, սակայն արդյունքում Մշակույթի նախարարությունն այնքան չնչին մի աջակցություն առաջարկեց, որ մենք պարզապես գերադասեցինք մերժել»,-ասաց Ազատ Սարգսյանը: Բիենալեի կազմակերպման նպատակներից մեկն էլ այն է եղել, որպեսզի դրսից եկող ներդրումներն ուղղորդվեն Գյումրի: Ի վերջո, դրսից եկող արվեստագետը ապրելով տեղի հյուրանոցներում, սնվելով, գնումներ կատարելով իր գումարները թողնում է գյումրեցիներին: Սա չգիտես ինչու պետական մարմինները հաշվի չեն առնում: Այս տարի հրաժարվելով դրսի արվեստագետներին հրավիրելու մտքից, Բիենալեի կազմակերպիչները փորձելու են հասկանալ նաեւ, թե ինչ ունեն տեղում, ինչպիսին է տեղացիների ներուժը, որը անցած Բիենալեների ժամանակ մի տեսակ չի երեւացել դրսից եկած արվեստագետների գերազանցող ներկայության պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter