«ՀայՌուսգազարդը» պատվեր է ապահովում
Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանն ու Տիգրան Սարգսյանը ժամանակին Հայաստանում փայլուն պայմաններ ստեղծեցին «ՀայՌուսգազարդի» բարգավաճման համար: Իհարկե, ոչ անհատույց: Այդ ընկերությունն իր հերթին ամեն ինչ անում է Ռ. Քոչարյանի կապիտալն ավելի խոշորացնելու համար:
Ծառայություններից մեկը Քոչարյանի փոքր որդուն` Լևոն Քոչարյանին պատկանող ապահովագրական ընկերության` «Նաիրի ինշուրանսի» համար հաճախորդներ բերելն է:
Բանն այն է, որ «ՀայՌուսգազարդի» աշխատակիցները վաղուց են օգտվում հենց «Նաիրի ինշուրանսի» ծառայություններից, և ինչպես նախկին «գազավիկներից» մեկն է ասում` «լավ էլ սպասարկվում են»:
Մեկ այլ աղբյուր` «ՀայՌուսգազարդի» համակարգից, հայտնում է, որ վերջերս ընկերության ղեկավարները պարտադրել են աշխատակիցներին Քոչարյանի ընկերությունում ապահովագրել ոչ միայն իրենց, այլև ծանոթների ու բարեկամների մեքենաները:
Յուրաքանչյուր աշխատողից պահանջվել է բերել 5 ավտոմեքենայի տեխանձնագիր` պատվեր ապահովել: Հակառակ դեպքում այդ աշխատողները կազատվեն գործից:
Լուրը ճշտելու համար դիմեցինք «ՀայՌուսգազարդի» լրատվականին, որի պատասխանատուն չհերքեց մեր տեղեկությունը, այլ ասաց, որ ինքը Ղարաբաղում է, որտեղ «ՀայՌուսգազարդի» ղեկավարությունը նվերներ է բաժանում մարդկանց, այս պահին պատասխանել չի կարող:
Փաստորեն, թոշակառու դառնալուց հետո էլ Քոչարյանի ձեռագիրը չի փոխվել: Միայն թե ձայների փոխարեն նա հպատակներից «կլիենտ» է պահանջում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել