HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գուշակությունների ժամանակը

Վերջին շրջանում Հայաստանի իշխանության, ինչու չէ նաեւ ենթիշխանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները զբաղված են անշնորհակալ գործով՝ գուշակություններ են անում։ Դա կարելի է անմեղ զբաղմունք համարել, եթե գուշակվողը լինի մասնավոր մի բան, անհատի կյանքի չնչին մանրամասն։

Բայց նրանք գուշակում են բաներ, որոնք կապված են երկրի ու ժողովրդի ապագայի հետ։ Նաեւ՝ իրենց իշխանություն լինելու-չլինելու, իրենց անվրդով ընդդիմություն մնալ-չմնալու հետ։ Ասում են, օրինակ, ԵԽԽՎ-ն պատժամիջոց չի կիրառի կամ Ղարաբաղյան հարցն առաջիկայում չի կարգավորվի։ 

Նախ՝ երբ իշխող կոալիցիայի ամենաազդեցիկ կուսակցության խոսնակն է ասում, թե պատժամիջոց չի կիրառվելու, ակամա ուզում ես հարցնել՝ իսկ ինչի՞ համար պիտի կիրառվի կամ չկիրառվի։ Կամ՝ ուզում ես հարցնել՝ ինչո՞ւ է հարցը հասել ԵԽԽՎ, որ կիրառվի կամ չկիրառվի։ 

Ենթադրենք իշխող կոալիցիայի ամենաազդեցիկ կուսակցության խոսնակի գուշակությունը ճիշտ է դուրս գալիս, ու ԵԽԽՎ-ն պատժամիջոց չի կիրառում։ Ի՞նչ է փոխվում դրանից։ Մարտի 1-ի զոհե՞րն են հարություն առնում, թե՞ մարտի 1-ի գործով հանիրավի բանտարկված ընդդիմադիրներն են ազատվում կալանքից։ ԵԽԽՎ-ի պատժամիջոց չկիրառելուց հետո խաղաղ առավո՞տ է բացվում Հայաստանի վրա, թե՞ ամեն մարդ, ամեն ընտանիք, ամեն առանձին խումբ դադարում է արդարության պահանջատեր լինելուց։ 

Բոլորից շատ ես չեմ ուզում, որ Հայաստանը զրկվի ձայնի իրավունքից։ Չեմ ուզում ոչ այն պատճառով, որ խղճում կամ կարեկցում եմ գործող իշխանություններին, այլ՝ որովհետեւ մարդկային իմ բնությամբ դեմ եմ որեւէ մեկին ձայնի իրավունքից զրկելուն։ 

Նորից ենթադրենք, թե խոսնակի գուշակությունը ճիշտ է դուրս գալիս, դրանից հետո վերականգնվո՞ւմ է զանգվածային լրատվության միջոցների ազատությունը, ձայնից զրկվածներս իրավունք ստանո՞ւմ ենք ազատ արտահայտելու մեր մտքերը, թե՞ նորից սպասում ենք, որ նախագահական աշխատակազմի ցուցումով մեկ-մեկ (հազարից մեկ) մեզ էլ եթեր տրամադրեն՝ կողքից միացնելով «լրագրողի» համբավ ունեցող խլացուցիչներ։ Կամ՝ արտոնվո՞ւմ են հանրահավաքներն ու ցույցերը, բացվո՞ւմ են դահլիճներն ու սրահներն ընդդիմադիրների առջեւ, թե՞ ամեն դահլիճատեր ու սրահատեր շարունակում է փակ պահել դրանք՝ ի վնաս սեփական բիզնեսի։ 

Ո՞ւմ է խաբում գուշակ-խոսնակը։ Ժողովրդի՞ն։ Ժողովուրդը գուշակությունների չի հավատում։ Ղեկավարությա՞նը։ Ղեկավարությունն էլ չի հավատում, բայց ցանկալի ինֆորմացիան, ականջ շոյելով, գցում է նրան թմբիրի մեջ ու «Մինչեւ որ տեսնենք» անպատասխանատու կեցվածքը դառնում է երկրի կառավարման դոգմա։ 

Հիմա, որ իշխանությունն ու դուրս մնացած (իշխանությունից եւ ընդդիմությունից դուրս մնացած) կուսակցությունները ձեն-ձենի տված ասում են՝ Ղարաբաղի հարցը առաջիկայում չի լուծվելու, դրանով քաղաքական ծրագի՞ր են ավետում, թե՞ պարզապես չար երազն են փորձում խափանել։ 

Ղարաբաղյան հարցը հիմա կկարգավորվի, թե՝ վաղը, ի՞նչ տարբերություն։ Ղարաբաղն արդեն բանակցություններից դուրս է մնացել։ Հայաստանն արդեն ճանաչվել է հակամարտող կողմ։ Այս երկուսի պատճառով տարածքային ամբողջականության սկզբունքը վեր է դասվել ինքնորոշումից։ Իսկ անցած տարիների անգործության շնորհիվ Ադրբեջանը տնտեսապես առաջ է անցել Հայաստանից։ 

Հիմա թող 2009-ին չլուծվի, լուծվի 2012-ին, ի՞նչ տարբերություն։ Միեւնույն է, հաջորդ չորս-հինգ տարում եւս Հայաստանը մնալու է շրջափակման մեջ, մեկուսացված է լինելու, եւ այսպես կոչված «վագրային թռիչքը» նմանվելու է նապաստակի ոստյունի։ 

Եվրախորհդից կամ այլ տեղերից եկող ազդանշանները կարեւոր են ոչ այնքան պատժիչ հեռանկարով, որքան՝ սթափեցնող գործառույթով։ Պետք է սթափվել ու հասկանալ, որ գուշակությունների արդյունքում միշտ չէ, որ երազողը գտնում է իր երազը։ Գուշակները փորձանք էլ են գուշակում, բայց չեն կարողանում կանխել ու կասեցնել այն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter