
Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի` աֆրիկյան ժանտախտից տուժած Լորուտ և Մարց համայնքներին պետական աջակցություն չի ցուցաբերվել:
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանն այս հանգամանքը հիմնավորում է նրանով, որ խախտվել է կառավարության որոշումը, ըստ որի` մարզի այն տարածքներում, որտեղ 2007-ին աֆրիկյան ժանտախտ էր բռնկվել, 6 տարի ժամանակով խոզաբուծությունն արգելվում էր:
Վարչության պետի տեղեկացմամբ` մարզպետարանի կողմից փոխհատուցման պահանջ չի էլ ներկայացվել կառավարությանը:
«Դրա հարցն էլ չի առաջացել,-ասում է: -Ներկայացնում ենք ամբողջ պատկերը, կառավարությունը ինքը կորոշի` փոխհատուցում կտրվի, թե ոչ»:
Ասում է, որ այդ մասին տեղյակ են կառավարությունը, գյուղնախարությունը, Սննդի անվտանգության և անասնաբուժական տեսչությունը: Ապա հավաստիացնում է, որ մարզի ղեկավարության կողմից դիմում դեռ կլինի. «Պաշտոնապես, երբ հաշվետու ժամանակահատվածի ավարտին ամփոփ տվյալներ կունենանք համայնքների կտրվածքով, անպայման մարզպետը սահմանված կարգով կդիմի: Բայց չի կարող 5-10 գլխաքանակի համար այդ հարցը բարձրացնել»:
Սակայն վերջերս կայացած մարզխորհրդի նիստում Լոռու մարզպետը հայտարարել էր, որ տուժած համայնքներին աջակցություն չի լինելու, քանի որ, ըստ նրա, ժանտախտը հիմնականում բնակիչների մեղքով է տարածվում:
«Պետությունը կոմպենսացիա չի տրամադրելու, իմացե°ք»՚,-շեշտել էր մարզպետը:
2007-ի համաճարակից հետո Թումանյանի և Գուգարքի տարածաշրջանների համայնքներին կառավարության որոշմամբ պետական փոխհատուցում է տրվել` անկված կամ ոչնչացված խոզի 1 կգ կշռի դիմաց մոտավորապես 1050 դրամ:
«Որոշ տեղերում` արդեն ուշացած դեպքերի ժամանակ, երբ ձևակերպումները չէին արվել (հանձնաժողովի կողմից- հեղ.), կամ ուղղակի ճիշտ չէին արվել, դատական ինչ-ինչ գործընթացներ եղան, անուամենայինվ, հիմնականում հարցը այդպես լուծվեց»,-ասում է Վ. Բունիաթյանը:
«Սահմանված ա` որ ցավի դիմաց ա պետությունը հատուցում կատարում, որի դեպքում` ոչ: Աֆրիկյան ժանտախտի դիմաց հատուցվել ա»,-ասում է Շամուտի գյուղապետ Բաղիշ Վանյանը:
2007-ի համաճարակից հետո գյուղերում գրեթե խոզ չմնաց: Բայց հիվանդության նահանջից շատ չանցած` գյուղացիները նորից սկսեցին խոզ պահել:
«Երեք տարվա ընթացքում մարդիկ մեկը բարեկամից, մեկը առնովի, բերեցին, ահագին խոզ հավաքվեց: Բայց էլի կոտորվում ա»,-ասում է Շամուտի գյուղապետը` հայտնելով, որ դեպք է գրանցվել նաև իրենց համայնքում:
Խոզ պահելը գյուղացու համար հեշտ է, եկամտաբեր: Պատմում են, որ մինչև համաճարակը գալիս գյուղից գնում էին խոզի միսը 1800 դրամով, քաղաքում վերավաճառում մինչև 2500 դրամի: Գյուղացին ոչ այն է` գոհ էր, ոչ այն է` դժգոհ:
«Դե ոչինչ էլի, ձեռք էր տալիս»,-ասում է Մարցի համայնքապետ Ռոբերտ Գալստյանը:
Վ. Բունիաթյանը չի մեղադրում գյուղացիներին խոզաբուծությունը նշանակված ժամկետից շուտ վերսկսելու համար: Նրա համոզմամբ` հատկապես այն գյուղերում, որտեղ հողագործությամբ չեն զբաղվում, եկամտի հիմնական աղբյուրը անասնաբուծությունն է, հատկապես խոզաբուծությունը: Իսկ անտառային խոզաբուծությունը (աֆրիկյան ժանտախտի ամենամեծ ռիսկային գործոնը) առանձնապես ծախս չի պահանջում գյուղացուց. բաց անտառներում ապրող խոզերը կերակրվում են հատապտուղներով և արմտիքով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել