HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջիլիզայի անտառների թալանը շարունակվելու է

 Սահմանային եւ ռազմական նշանակության Ջիլիզայի անտառներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի  կողմից արդեն 4 ամիս է` սանիտարական հատումների անվան տակ լայնամասշտաբ անտառահատումներ են իրականացվում:

Անտառահատումներ սահմանային եւ ռազմական նշանակության անտառներում, ըստ օրենքի, թույլատրվում է իրականացնել սահմանային գոտուց  5 կմ հեռավորության վրա: Իսկ հատված ծառերը սահմանին շատ մոտ են, երբեմն` մի քանի հարյուր մետր:

Խոժոռնու անտառապետությանը պատկանող տարածքում, որը գտնվում է Ալավերդի-Ջիլիզա ճանապարհահատվածի շուրջ 1,5 կմ-ի վրա, արդեն 100 հաճարենի է հատվել: Սանիտարական հատումը ենթադրում է անտառների սանիտարական վիճակի բարելավում, իսկ այս ծառահատումներից հետո Ջիլիզայի անտառներում հակասանիտարական վիճակ է ստեղծվել: Անտառապետները չեն կարողանում բացատրել հարյուրավոր ծառերի հատման իրական պատճառները, նրանք ընդամենը արդարանում են. «Սա սանիտարական հատում է»: Կառավարության 2006 թ. հունիսի 22-ի թիվ 897 որոշմամբ` սանիտարական հատումը վերաբերում է բնականորեն տապալված, ցցակոր, քամատապալ, ձնակոտոր, հիվանդ եւ վնասատուներով վարակված, հրդեհների հետեւանքով կենսունակությունը կորցրած ծառերի հեռացմանը:

Ջիլիզայի անտառտնտեսության գլխավոր անտառապետ Լեւոն Կիրակոսյանը մեր հեռախոսազրույցի ընթացքում ասաց, որ Խոժոռնու անտառապետությունում կատարված սանիտարական հատումը նաեւ անցումային հատում է եւ կապված է անտառի լուսավորության եւ ծառերի տարիքի հետ: Խոժոռնու անտառապետության անտառապետ Տիգրան Ղարիբյանն էլ տեղեկացրեց, որ իր անտառապետության տարածքում  սանիտարական հատումն իրականացվում է ծերացած, վնասատուներով վարակված եւ հիվանդ ծառերի նկատմամբ: Թե ինչու են ծերացած ծառերը հատվում` չսպասելով նրանց բնականոն տապալմանը, Տիգրանը բացատրեց, որ դրանք խանգարում են «մոլոդյակ» ծառերի հասունացմանը: Հատված ծառերի մեծ մասը 60-70 սմ տրամագծով հաճարենիներ են, որը փաստում  է դրանց միջին տարիքը: Ըստ մասնագետների` ծերացած հաճարենիները պետք է ունենային  առնվազն 120-130 սմ տրամագիծ: Նոր հատված ծառերի կոճղերին չեն երեւում նաև եւ վնասատուներ, հակառակը` դրանք առողջ են եւ ամուր: Ջիլիզայում ծառերի հատման համար հիմք է հանդիսանում  դատապարտված ծառի վրա կարմիր գույնով կնքված թիվը:

«Մենք ունենք քարտեզ, ամեն տեղ չենք կարող պեչատել, մենք պեչատում ենք քարտեզի համաձայն: Էս պեչատը ըլում ա մեր գլխավոր անտառապետն ա դնում, ըլում ա` մենք ենք դնում: Հետո գիտե՞ք ոնց ա. անտառում կարող ա պատահի ծառը հասունացած լինի,  կարող ա ծերացած լինի, սակայն առողջ լինի, բայց կողքերքը մոլոդիստի ծառեր լինի: Հետո, երբ կտրում ես, կտեսնես կողքերքը ինչքան ծառեր կլինեն»,- բացատրում է անտառապետ Տիգրանը: Անտառահատները փորձել էին հատել նաեւ միջին տարիքի մեկ ծառ, բայց գործն ավարտին չէին հասցրել: «Հիմա սա «մոլոդյա՞կ ա, թե՞ ծերունի»,- հարցրի անտառապետ Տիգրանին: «Չէ, սա միջահասակ ծառ է, հատողները շփոթվել են: Ուզեցել են  կտրել, տեհել են, որ պեչատ չկա, դրուժբեն էլ չեն քաշել»,- ասաց Տիգրանը: Նա ներկայացրեց անտառահատման իր ունեցած թույլտվությունը` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից թիվ 001 484 անտառահատման  տոմսը: Տրված հանձնարարականը ներկայացնում ենք բառացի. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 14.05.2010 թ. թիվ 17 հրամանով  Խոժոռնու անտառապետ Տիգրան Ղարիբյանի պատասխանատվությամբ հատել հատատեղային ֆոնդի հաշվին 2010 թ. աճող փայտանյութ` հաճար` 150 ծառ, բոխի` 7 ծառ, ուռի` 2 ծառ, թխկի` 1 ծառ»: «Հայանտառի» հրամանում չի նշում, թե ասենք 150 հաճարենի  հատելով` Խոժոռնու անտառապետն իր անտառապետության հատկապես որ հատվածը պետք է սանիտարական հատման ենթարկի:

Հատման արդյունքում Տ. Ղարիբյանը պետք է ստանար 73,8 խմ շինափայտ, 548,14 խմ վառելափայտ, ցախ եը ճյուղ` 74,6 խմ, ընդամենը` 696 խմ փայտանյութ: Ըստ հանձնարարականի` փայտանյութի 1 խմ-ի գինը սահմանված է 4800 դրամ: Ծառահատումը շարունակվելու է մինչև 2010 թ. դեկտեմբերի 31-ը: «Ամենքիս անտառապետությունում մի 2 բրիգադ ա աշխատում, ամեն բրիգադում` շուրջ 10 մարդ»,- ասաց Ախքյորփու անտառապետության անտառապետ Հենրիկ  Մոսինյանը:

Խոժոռնու անտառապետությունում ծառահատումներ կատարող երկու բրիգադները եթե անտառահատման անցած ժամանակշրջանում օրական հատեին 2 հաճարենի, արդեն վաղուց  ավարտված պետք է լիներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից իջեցված 150 հաճարենիների հատման պլանը, սակայն այստեղ անտառահատումները շարունակվելու են մինչեւ դեկտեմբերի 31-ը: Դա նշանակում է, որ Ջիլիզայի անտառների թալանը շարունակվելու է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter