HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրում անորոշ ժամանակով դադարեցվել են «Հազարամյակների մարտահրավերներ-Հայաստան» հիմնադրամի աշխատանքները

Արմավիրի մարզի Հովտամեջ, Գեղակերտ, Հայթաղ, Ծաղկալանջ, Արագած, Դողս, Ծիածան համայնքների ներտնտեսային երրորդ կարգի ջրանցքների վերակառուցման աշխատանքները մեկնարկել են այս տարվա մարտին: Ծրագիրն արժե 490 մլն դրամ: Աշխատանքներն իրականացվում են «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» հիմնադրամի միջոցներով, 15 տոկոսի չափով ներդրումներ են անում նաեւ համայնքները: Ծրագրով նախատեսված է աշխատանքներն ավարտել մինչեւ տարեվերջ, սակայն մարզում ներկայումս աշխատանքներ չեն իրականացվում: Գեղակերտի համայնքապետ Սերյոժա Առաքելյանին դեռ 2 ամիս առաջ էին հավաստիացրել, որ մինչեւ դեկտեմբերի 31-ը կվերակառուցվի գյուղի 2.5 կմ երկարության երրորդ կարգի ջրանցքը: Ինչպես «Հետքին» տեղեկացրեց Ս. Առաքելյանը, մոտ 20 օր առաջ մի հատվածի համար նախատեսված կիսախողովակները բերել են գյուղ, ու դրանից հետո շինարարների ոտքը Գեղակերտ չի մտել: «Մեր գյուղում աշխատանքները զրո է, բացարձակ ոչինչ չի արվում: Սկզբից պատճառաբանեցին, թե ոռոգման ջուրը խանգարում է իրենց, չնայած կային տարածքներ, որտեղ ջուրը չէր խանգարում եւ կարող էին իրենց գործն անել, ես էլ առաջարկեցի մի քանի տարբերակներ, ընդհուպ մայր առվակի հունի փոխումը, որպեսզի աշխատանքներ անեն: Սկզբից իբրեւ համաձայնության եկան, բայց գնացին ու գնացին»,- ասում է գյուղապետը: Ս. Առաքելյանը նշեց, որ իր պարտավորությունը` աշխատանքների ընդհանուր գնի 15 տոկոսի չափով գումարի փոխանցումը, մասամբ կատարել է, սակայն ոչ մի աշխատանք չի իրականացվել: 2 տարի առաջ «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» հիմնադրամից գյուղապետին ասել էին, որ նա պարտավոր է համապատասխան հաշվեհամարին փոխանցել 6 մլն 400 հազար դրամ: Հենց այդ ժամանակ էլ գյուղապետն անհրաժեշտ գումարը փոխանցել է, սակայն այս տարի անակնկալ ձեւով հայտնել են, որ գինն ավելացել է, եւ պետք է փոխանցվի եւս 10 մլն դրամ: «16 մլն-ից 10 մլն-ն արդեն փոխանցել եմ, հիմա կարող եմ 3-4 մլն-ն էլ փոխանցել, բայց որ աշխատանքներ չեն ընթանում, ես էլ չեմ փոխանցում, որովհետեւ անիմաստ է»,- ավելացնում է Ս. Առաքելյանը: Նա հույս չունի, որ նախատեսված աշխատանքները խոստացված ժամկետում կավարտվեն. «Եթե մինչեւ հիմա ոչ մի բան չեն արել 2.5 կմ տարածքի վրա, էդ ի՞նչ արագությամբ պիտի գործ անեն: Խելքս չի կտրում, իրենց աշխատանքը տեսնելով` հավատս չի գալիս, որ այդ ժամկետում աշխատանքները կավարտեն»: Հայթաղ գյուղում էլ աշխատանքները մասնակի են կատարվել: Այստեղ նախատեսված են երրորդ կարգի ջրանցքների վերականգնման աշխատանքներ, որոնք իրականացվելու են գյուղի 5 հատվածներում: 2 հատվածներում աշխատանքներն արդեն ավարտվել են, երրորդ հատվածում աշխատանքներն իրականացվել են 80 տոկոսով, իսկ մյուս երկուսում աշխատանքները չեն էլ սկսվել, սակայն հիմնադրամից Հայթաղի գյուղապետ Սամվել Վարդանյանին նույնպես խոստացել են, որ աշխատանքներն ավարտին կհասցնեն տարեվերջին: Հայթաղում արդեն 2 ամիս է, ինչ շինաշխատանքներ չեն կատարվում: «Պատճառաբանում են, թե խողովակների միջանկյալ մասում դրվող ռեզինների հետ կապված խնդիրներ են առաջացել, դրա համար էլ աշխատանքներ չեն կարողանում կատարել: Խոստացել են եկեղ շաբաթվանից աշխատանքները շարունակել»,- ասում է գյուղապետը: «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» հիմնադրամի աշխատանքի տեմպերից դժգոհ է նաեւ «Խոյ» ջրօգտագործողների ընկերության տնօրեն Սեյրան Սարգսյանը: Նրա ասելով` թեեւ ոռոգման ջուրը ժամանակին հասցնում են գյուղացուն, սակայն մեծ դժվարությամբ: Դրանից ընկերությունը վնասներ չի կրում, բայց գյուղացու համար մի շարք անհարմարություններ են ստեղծվել: Որպեսզի հիմնադրամն իրականացնի իր ծրագրերը, ՋՕԸ գյուղերում ստիպված դաշտամիջյան ճանապարհներ է փակել, նոր առուներ է բացել, որ կարողանան գյուղացիներին ջուր տալ: «Ապրիլ ամսից այս վիճակն է: Ոչ մի համայնքում աշխատանքներ չեն իրականացվում: Հիմա էլ ասում են` ռեզին չկա, դրա համար աշխատանքներ չեն իրականացվում»,- նշում է Ս. Սարգսյանը: Ստեղծված իրավիճակն անհանգստացրել է նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին: Նա օրերս հեռախոսազրույց է ունեցել «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի հետ: «Արա Հովսեփյանի հետ անձամբ եմ խոսել, խնդիրն այն է, որ բետոնե կիսախողովակների արանքներում դրվող ռետինե կտորներն անորակ են եղել, եւ պատվիրատուն, որն ամերիկյան կողմն է, շինարարից պահանջել է անորակ ռետինները փոխարինել որակյալով: Շինարարներն էլ խոստացել են արտերկրից ձեռք բերել այդ ռետինե կտորները եւ շարունակել շինաշխատանքները: Իրոք, ՋՕԸ-երը խնդիրներ ունենում են, եւ այդ մասին ես տեղյակ եմ պահել Արա Հովսեփյանին, խոստացել են կարճ ժամանակահատվածում աշխատանքները շարունակել»,- ասում է Ա. Ղահրամանյանը: Ամիսներ շարունակ նշված թեմայով հարցազրույցի խնդրանքով դիմում ենք Արա Հովսեփյանին: «Բանակցությունների» փուլում Ա. Հովսեփյանը սկսեց թելադրել խաղի իր կանոնները` հերթով նշելով  հարցերի այն շրջանակը, որոնց չի պատասխանելու: Դրանց թվում էր նաեւ վարչապետի` իրեն հայտարարած խիստ նկատողությունը: Փորձեցինք երկրորդ անգամ պարզաբանում խնդրել գյուղապետերի բարձրացրած հարցերի կապակցությամբ, սակայն ապարդյուն: «Ձեզ ասել եմ, չէ՞, որ հարցազրույց չեմ տալու»,- պատասխանեց Արա Հովսեփյանը: Թե կոնկրետ երբ որակյալ ռետին կներկրվի Հայաստան, եւ աշխատանքները  կվերսկսվեն,  հայտնի չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter