HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

28 օր ապօրինի պահվել է կալանքի մեջ

Հասարակական դիտորդների խումբը հրատապ հաշվետվություն է ուղղել Արդարադատության նախարարին Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդների խումբը հրատապ հաշվետվություն է ուղղել  ՀՀ Արդարադատության նախարարին առանց օրենքով նախատեսված հիմքերի 28 օր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ՀՀ քաղաքացի Սարգիս Պողոսյանին պահվելու վերաբերյալ։ Օրենքով նախատեսված ժամկետը լրանալուց հետո, հաշվետվությունը հրապարակվում է։ Նմանատիպ բովանդակության գրություն է ուղարկվել նաև ՀՀ Գլխավոր դատախազություն։ «Հասարակական դիտորդների խմբի անդամներ Ավետիք Իշխանյանը, Արթուր Սաքունցը և Արման Դանիելյանը  2010 թվականի սեպտեմբերի 2-ին այցելեցին «Նուբարաշեն» ՔԿՀ։ Այցելության ընթացքում պարզվել է, որ Հիմնարկում 2010 թվականի օգոստոսի 5-ից մինչև սեպտեմբերի 1-ը առանց օրենքով նախատեսված հիմքերի պահվել է ՀՀ քաղաքացի Սարգիս Մանուկի Պողոսյանը։ Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են հետևյալ փաստաթղթերը. Ազատազրկվածի քարտում նշված է. «Մուտք է եղել հիմնարկ 05.08.2010 թվականին և ազատվել է 01.09.2010 թվականին ՀՀ գլխավոր դատախազության թիվ 21/32-570-10 թվականի գրության համաձայն:» ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանի 05.08.2010 թվականի 21/32-570-10 գրությունը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի  պետ Տ. Նավասարդյանին և պատճենը Քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանին. «2010 թվականի օգոստոսի 2-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի ՈԲ աշխատակիցների կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ է տարվել ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից 1344 և 1349 հոդվածներով հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող 29.07.2010 թվականից հետախուզվող Սարգիս Մանուկի Պողոսյանը: Վերջինս ՀՀ Քր. դատ. օր-ով սահմանված 72 ժամյա ժամկետը լրանալու կապակցությամբ ազատ է արձակվել քանի, որ չի ստացվել խափանման միջոց կալանք ընտրելու մասին որոշումը: Հաշվի առնելով Ս. Պողոսյանի կողմից կատարված արարքի ծանրությունը, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով հանձնարարվում է, հիմք ընդունելով ԱՄՆ ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից 28.07.2010 թվականի տեսքով հրապարակված շրջաբերականը կալանքի վերցնել Ս. Պողոսյանին մինչև ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից համապատասխան փաստաթղթերի ստացումը»։ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հ. Թամամյանի 05.08.2010 թվականի N 373-32-98 գրությունը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տ. Նավասարդյանին. «Ուղարկվում է բանկային խարդախության փորձ կատարելու համար ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացի Ս. Պողոսյանը, 1983 թվականի ծնված ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պահման ընդունելու և ՀՀ գլխավոր դատախազության վրա հաշվարկելու համար»: ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Տ. Նավասարդյանի 06.08.2010 թվականին, Ե40/18-3-44-44 գրությունը ՀՀ գլխավոր դատախազության վարչության պետ Վ. Ավետիսյանին. «Հայտնում ենք, որ 05.08.2010 թվականին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ է տեղափոխվել ԱՄՆ քրեական օրենսգրքի 18 պարբերության 1344 և 1349 հոդվածներով հետախուզվող Ս. Պողոսյանը»: 2010 թվականի սեպտեմբերի 1-ին Ս. Պողոսյանը ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանի «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տ. Նավասարդյանին ուղված 21/32-570-10 գրության հիման վրա, որ բերվում է ստորև. «Հանձնարարվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացի Ս. Պողոսյանին ազատ արձակել կալանքից»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն միայն դատարանի որոշման հիման վրա է թույլատրվում կալանքը որպես խափանման միջոց կիրառել: Միաժամանակ, Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը (Ձերբակալվածներին պահելու վայրերում և կալանավորվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքերը) հստակ նշում է «...Կալանավորվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կայացված դատարանի որոշումն է' կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Առանց սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված հիմքերի ... կալանավորվածներին պահելու վայրերում անձին ընդունելն ու պահելն արգելվում է»: Փաստորեն Սարգիս Պողոսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ ընդունել և պահել է ոչ թե դատարանի որոշմամբ, այլ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի նամակի հիման վրա։ Հասարակական դիտորդների խումբը գտնում է, որ Սարգիս Պողոսյանը 28 օր ապօրինի պահվել է կալանքի մեջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ինչը Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով նախատեսված հանցանք է։ Նրա նկատմամբ խախտվել է նաև Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 16-րդ  հոդվածի պահանջները։ ՀՀ Սահմանադրությունը և Եվրոպական կոնվենցիան թվարկում են ազատությունից զրկելու սպառիչ հիմքերն ու կարգը, որոնց շարքում նախատեսված չէ գլխավոր դատախազի տեղակալի նամակի հիման վրա անձին կալանավորելու և կալանքի տակ պահելու հիմք և ընթացակարգ։ Խնդրում եմ տեղի ունեցածի կապակցությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ և պատժել մեղավորներին։ Հարգանքով` Արման Դանիելյան ՀՀ ԱՆ ՔԿՀ հասարակական դիտորդների խմբի նախագահ www.hra.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter