HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ո՞վ է ստորագրել մատյանում

Հունիսի 7-ին Աշտարակի հիվանդանոցում տեղի ունեցած 27-ամյա  հղի Մարինե Ներսիսյանի մահվան դեպքն ուսումնասիրելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի օգոստոսի 25-ի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովը ստեղծվել է այն ժամանակ, երբ «Հետքը» նյութեր էր հավաքում հոդված պատրաստելու համար: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են մի շարք մասնագետներ, իսկ հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ ԱՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը: Հրամանի կատարման հսկողությունը դրված է առողջապահության փոխնախարար Ալեքսանդր Ղուկասյանի վրա: Երեկ հանձնաժողովը դարձյալ նիստ է հրավիրել, եւ դեպքից 3 ամիս անց նոր որոշվել է մեկնել դեպքի վայր` Աշտարակի հիվանդանոց ուսումնասիրություններ կատարելու համար: Ինչպես  «Հետքին» տեղեկացրեց առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը, քանի որ հանձնաժողովում տեղեկատվությունն ամբողջական չէ, մի շարք գրություններ են ուղղարկվել տարբեր  մարմիններ եւ պաշտոնատար անձանց: Հարցին, թե հանձնաժողովն ի՞նչ նյութեր է պահանջում պաշտոնյաներից, երբ նույնիսկ քրեական գործ հարուցված չէ, Շ. Հունանյանը պատասխանեց, որ Ռազմիկ Աբրահամյանի ղեկավարած հիվանդանոցում «էխո» են արել Մարինեին, որտեղ պարզվել է, որ պտուղը մահացած է: «Հղին եւ նրա հարազատը հրաժարվել են ստացիոնար բուժումից, որի մասին ստորագրել են: Մատյանում այդ ստորագրությունը կա»,-ավելացրեց նախարարի օգնականը: Նշենք, որ Մարինե Ներսիսյանը քրոջ` Գայանեի հետ հանրապետական ծննդատուն «էխոյի» համար գնացել է հունիսի 6-ին: Գայանեն պատմեց, որ ո'չ ինքը, ո'չ էլ Մարինեն հիվանդանոցում որեւէ փաստաթուղթ չեն ստորագրել, մատյանում պարզապես գրվել է Մարինեի տվյալները: «Սկզբում, որ գնացինք Աշտարակի հիվանդանոց բժշկուհի Ռիմա Կիզակյանն ասաց, որ ես ստորագրեմ թղթի տակ, թե իբր ներկա եմ եղել, ուրիշ ոչ մի տեղ չենք ստորագրել»,-ասաց Գայանեն: Թե իրականում ում ստորագրությունն է հայտնվել մատյանում, անհասկանալի է, սակայն մի բան հստակ է, Ռազմիկ Աբրահամյանի գլխավորած հանձնաժողովը չի կարող անաչառ ուսումնասիրություններ կատարել իր իսկ ղեկավարած հիվանդանոցում: Վառ ապացույցը հենց մատյանում հայտնված կասկածելի ստորագրությունն է: Շուշան Հունանյանն ասաց, որ դեռ չեն ստացել Մարինեի դիակի փորձաքննության եզրակացությունը: «Ինչպե՞ս չեն ստացել, դիակից անալիզներ վերցնող Աշտարակի բժիշկը` Արայիկ Դալլաքյանն ինձ անձամբ է ասել, որ պատասխանները ոստիկանությունում են, քննիչի մոտ: Դալլաքյանին, երբ դեպքից 2.5 ամիս հետո հարցրեցի, թե ինչու պատասխաններ չկան, իմ վրա ծիծաղեց` ասելով, որ դրանք վաղուց է ուղարկել քննիչին»,- ասում է Գայանեն: Առողջապահության նախարարությունից խոստացան առաջիկայում «Հետքին» ուղարկել հանձնաժողովի պաշտոնական պատասխանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter