HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Զուգահեռ ժամանակներ

Խորհրդային իմ սերունդը նայում էր դարավերջին` որպես իր ապագայի հեռանկարի, ավելի տարեցը ժամանակի բարձունքն էր փորձում նվաճել` սպառելով իրեն հասու տարիների չափաբաժինը, քառասունականների վերջերի ու հիսունականների սկզբին ծնվածներն էլ երազում էին մտնել նոր դար` ազատ կյանքի ակնկալիքով:

Այսօր էլ այդ նոր կյանքին հասնելու ցանկությունն է, որ իմ սերնդին տանում է դեպի առաջ: Հին իներցիայով, ձախողվող հեղափոխություններ հրահրող իմ սերնդակից առաջնորդներին ուզում եմ հաղորդել հիշեցման կարգով, որ մենք արդեն վաղուց հասել ու մեր ջահել տարիներին երազած ապագայի մեջ ենք` իրենց ու մեր կերտած ապագայի մեջ: Որպես փաստ պիտի արձանագրեմ նաև, նորից ի լուր մեր առաջնորդների, որ դարավերջի բարձունքին տանող մեր ճանապարհին պատահականորեն  մեզ տրվեց մեր երազած ազատությունը: 

Գուցե թյուրիմացաբար, մեր այս նոր պետականությունը ես համարում եմ ճակատագրի չվաստակված նվեր: Հակառակ դեպքում ավելի խնամքով կվարվեր ձեռք բերվածի հետ երկրի հիմնադիր էլիտան: Լուծարվեց խորհրդային բազմազգ պետությունը, ու Խորհրդային Հայաստանն իր բնակչությամբ հայտնվեց նավակողից այն կողմ: Ու հիմա էլ Ռուսական կայսրության անափ սպիտակության մեջ, կառչած իրենց Հայրենիքի վերջին հողակտոր հանդիսացող խորհրդային անձնագրից` դեռ լողում են արդեն գոյություն չունեցող երկրի  բազմահազար նավաբեկյալներ: Այդ մարդկանց մասին ես գրել եմ սարատովյան իմ պատմվածաշարում` փորձելով մի կերպ լրացնել այն բացը, որը թողել է հարուստ էլիտային ծառայող պատմագիրը: 

Հայ նորահարուստի և ընդհանրապես մեր այս նոր ժամանակի մտաընկալումներին շատ բնորոշ է Վահագնի թաղամասի կյանքը գովազդող այն տեսահոլովակը, որով ազդարարվում է, որ այնտեղ ապրում են: «Այստեղ ապրում են» կարգախոսով էլ կավարտեի իմ ասելիքը, եթե կյանքն ընթանար լոկ վերոնշյալ թաղամասի կամ դրա նման այլ պարսպապատերից այն կողմ եզակի մի ժամանակի մեջ: Ահավասիկ կա պարսպապատերից դուրս, նրա կողքով զուգահեռ շարժվող մի այլ ժամանակ ևս: Ու կան այդ ժամանակի մեջ ապրող մարդիկ: Զերծ մնալով իր տեսակին` պարսպապատից ապրելու ներս հրավիրողի բարոյական գնահատկաններից ու մի կողմ թողնելով բարեկեցիկ կյանքի կոչող նրա ագրեսիվ նյութամոլությունը, ուզում եմ նշել, որ այդ հրավիրողի  խոսքի ինտոնացիան է հուսալքող ընդամենը:  

«Ապուշը» երկի հեղինակի համար ապրելը համազոր էր տանջվելուն: Դժվար վերծանվող է ստեղծագործ մարդու խռովության մետաֆիզիկան: Անշուշտ, չհամեմատվելով Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկու հետ, ասեմ, որ ինձ չի վրդովեցնում ունևոր մարդը, իր թեկուզ շատ ունեցվածքով: Ես գիտակցում եմ, որ դա նախընտրության հարց է: Մեկի համար դրամը միջոց է, մյուսի համար` նպատակ: Ի սեր Աստծո…: 

Ինձ ապշեցնում է այդ արատավոր աշխարհընկալման բարձրաձայնումը: Որտեղի՞ց «այստեղն» ու« այնտեղը» տարանջատող այդ  տոպոգրաֆիան:  Ինձ համար միշտ էլ անըմբռնելի կմնա, թե ո՞ր պահից սկսեց տեսակավորվել հայ ժողովուրդն «այնտեղ» ապրող ու «այնտեղից» դուրս ապրողների: Կամ ո՞վ է տեսակավորողը:

Լավ է ասված` «…այստեղ ապրում են»: Ի՞նչ են մտածում տեսնես մեր առաջնորդները այս նոր քարտեզագրության մասին: 
 
Ես գիտեմ, որ պարսպապատի այն կողմում ապրելով, ներս ու դուրս անելով` ազգ չես առաջնորդի: Պարսպապատից դուրս մնացածներին կարող է առաջնորդել նրանց կյանքով ու նրանց ժամանակի մեջ ապրողը միայն:

Ոչ վաղ անցյալում պատահականորեն տրված անկախ պետականությունը ոչ մի հիմք չի տալիս ենթադրելու, թե հավաքականությանն առաջնորդող խումբը որևէ ազդեցություն է ունեցել դեպքերի վրա: Կրկնում եմ` Հայաստանն այս անգամ կղզիացավ ԽՍՀՄ փլուզման արդյունքում: Վերագրելով կատարվածը առաջնորդող ինչ-որ մարդկանց կամ որևէ խմբի` ողջ հանրությունը կարող է ընկնել թյուրիմացության մեջ` զրկվելով ապագայի հեռանկարից: Անցած դարավերջի մեր համաժողովրդական շարժումը եղել է պլանավորված ավելի մեծ խաղի արձագանք: 

Ուրիշի առաջ քաշված ու չըմբռնված կարգախոսները հնչում են առ այսօր` հայ հավաքականությանը մի որոգայթից մի այլ որոգայթ առաջնորդելով: Այդ կարգախոսները միշտ մշակվել ու մշակվում են ուրիշ պարսպապատերի հետևում: Պատմականորեն մենք հաշտվել ենք կցորդի կարգավիճակի հետ, ինչը սպանել է մեր մեջ ինքնուրույն նախաձեռնության իմունիտետը:

Համաժողովրդական շարժումը գլխավորելու ցանկացած հավակնություն, եթե սկիզբ չի առնում հավաքականության ընդերքից, ապա մերժվելու է այդ նույն հավաքականության կողմից: Ինձ ընձեռված հնարավորությունն օգտագործելով` ես գրել եմ, որ հայ կապիտալիստը, հայ բուրժուան, հայ ֆեոդալը, ինչ անուն կուզեք տվեք նորանկախ Հայաստանի էլիտային, հանուն իր հայրենակցի ազատագրման չի հրաժարվի իր ունեցվածքից: 

Գուցե ընդհակառակը այդ նույն մեծահարուստները ավելի շուտ գան իրենց հայրենակցին հարստահարելու համաձայնության: Կա բաժանում, կա ժամանակային բաժանում: Կան ժամանակի շերտային տարբեր ընկալումներ: Եվ հենց այնպես չի հնչում ունևորի այդ աշխարհըմբռնումը սահմանող գովազդի «Այստեղ ապրում են» կարգախոսը: Դա աշխարհայացք է, հայացք աշխարհին` սեփական պարսպապատի դիտակետից: 

Իմ այս ասելիքի վերջում շատ անվրդով ուզում եմ հիշեցնել իմ սերնդակցին, որ մարդուն հասու ժամանակն անսպառ չէ: Ինչպես ամեն մի սերունդ, այնպես էլ մերը պետք է որոշակիացնի, թե ինչի էր ինքը կոչված: Պիտի հասկանա վերջապես, որ պարսպապատերից դուրս` զուգահեռ ընթացող իր ժամանակի մեջ նույնպես «ապրում են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter