«Բաց դռների օր»` Ախուրյանում
Որը շատերի համար վերածվեց սթրեսի
Ախուրյանի թիվ 1 միջնակարգ դպրոցի առաջին հարկը տրամադվել էր ԱՄՆ-ից ժամանած բժիշկների խմբին: Նախորդ օրը «Բաց դռների օր» ակցիայի շրջանակներում նրանք եղել էին Աղինում, Աշոցքում եւ Ամասիայի տարածաշրջանում: Այսօր հերթը Ախուրյանի եւ հարակից գյուղերի բնակիչներին էր: Ակնաբույժ, թերապեւտ, ատամանաբույժ, դեղագետ. չորս մասնագիտությունների գծով առավոտյան ժամը 9-ից խորհրդատվություն էր տրամադրվում ախուրյանցիներին:
Մարդկանց կուտակումն առավել ակնհայտ էր ակնաբույժի կաբինետի մոտ: Այստեղ հերթապահող 4 ոստիկաններն անգամ չէին կարողանում ըստ պատշաճի կարգ ու կանոն սահմանել: Մարդկանց գրավել էր անվճար ակնոց ստանալու փաստը, եւ հաշվի չառնելով ոչ սեռ, ոչ տարիք, իրար հրմշտելով, խանգարելով ու վիրավորելով` փորձում էին կիսաբաց դռնից խցկվել բաղձալի սենյակ: Ովքեր համեստաբար հեռու էին քաշվել դռնից, պարզվեց` արդեն մեկ ժամ է` սպասում են: Ում համբերությունն արդեն հատել էր պարզապես գոռում էր ամեն ներս մտնողի հետեւից, հատկապես, երբ պարզվում էր, որ հերթական խախտում գրանցածը մարզպետարանի աշխատակից է:
Հեռատեսություն, թե կարճատեսություն. սա էր ընդամենը որոշում ամերիկացի ակնաբույժը եւ ոչ ավելին: Դրականն այն էր, որ ստուգման արդյունքում ակնոց կունենան, իսկ թե այդ ակնոցնն իրապես կծառայի իր նպատակին, մարդկանց չէր անհանգստացնում:
Թոմ Փարքը` ծրագրի ղեկավարը, ասաց որ զարմացած չէ այս իրարանցումից: Իրենց խումբը բազմաթիվ երկրներում է աշխատել` փորձելով օգնել հիմնականում աղքատ խավին, եւ իրենք սովոր են նման տեսարանների:
«Ես արդեն 30 տարի է` այս աշխատանքը կատարում եմ եւ սովոր եմ այսպիսի հերթեր տեսնել, այնպես որ տպավորությունս էլ վատ չէ, որովհետեւ հասկանում եմ, որ մարդիկ, իրոք, շատ կարիքավոր են, եւ շատ երկրներում նույն վիճակն է եղել,-բացատրում է Թոմ Փարքը,-շատ անգամներ եղել ենք Մոլդովայում, Ռումինիայում, Հարավային եւ Կենտրոնական Ամերիկայում, Աֆրիկայում: Մենք պարզապես աշխատում ենք հնարավորինս կանոնավորել ամեն ինչ»:
Թերապեւտների կաբինետում համեմատաբար հանգիստ էր, դռան դիմաց կուտակումներ չկային: Այստեղ 8 մասնագետներ էին աշխատում: Նրանք, ովքեր կարիք ունեին դեղորայքի, ստուգումից հետո ամերիկացի մասնագետները ուղղորդում էին դեղագետի մոտ: Ատամնաբույժի կաբինետում 3 մասնագետներից մեկը տեղացի էր:
Այստեղ միակ կատարվող գործողությունը ատամի հեռացումն էր: Այցելուների մեջ կային այնպիսինները, որոնք ցանկություն էին հայտնում միանգամից հեռացնել 3-ից 5 ատամ: Ատամնաբույժի սենյակից դուրս եկողը «աչքալուսանք» էր տալիս մյուսներին. «Ընդհանրապես չի ցավա, ասեղներն էլ շատ նուրբ են»:
Աղինում ամերիկացի մասնագետներն ընդունել էին 400 այցելուի, Աշոցքում` 500, Ամասիայում` 500-550, իսկ Ախուրյանում, աշխատելով մինչեւ ժամը 16-ը, բժիշկների խումբը հասցրեց սպասարկել մոտ 650 այցելուի: «Բաց դռների օր» ծրագրի շրջանակներում ամերիկացի մասնագետները կլինեն նաեւ Արթիկում եւ Մարալիկում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել