HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոմիկ Վարդանյան

Գյումրու բիենալեն կմենարկի ժամը 14:00-ին

Այսօր` ժամը 14:00-ին, Գյումրու գեղարվեստի ակադեմիայում մեկնարկում է Գյումրու բիենալեն, որը տասը օր Գյումրին կվերածի ժամանակակից արվեստի տարածքի` մարդկանց մոռացնելով Գյումրին ընկալել որպես աղետի գոտի: Սակայն 7-րդ միջազգային փառատոնն այս տարի կարծես հայտնվել է աղետալի վիճակում. hնարավոր չէ գտնել բիենալեի ծրագիրը, իրադարձությունների մասին մանրամասն տեղեկատվություն, մինչդեռ այն իր ամբողջական անվան մեջ կրում է միջազգային բառը, ինչը նշանակում է, որ դեռևս շաբաթներ առաջ պետք է բավականին տեղեկատվություն հասանելի լիներ: Վերջին օրերին Ֆեյսբուք սոցիալական ցանցում բիենալեի կազմակերպիչները բացել են էջ, որտեղ կցկտուր տեղեկություններ են միայն հաղորդում: Խոսակցություններ կան, որ նման անկազմակերպվածությունը կազմակերպիչների միջև վիճաբանությունների անմիջական հետևանքն են, ինչին «Հետքը» կանդրադառնա առաջիկայում: Սակայն կազմակերպիչները 7-րդ միջազգային բիենալեի այսպես լուռ անցկացումը պայմանավորում են ֆինանսական միջոցների բացակայությամբ` նշելով, որ այս տարի պարզապես հրաժարվել են պետական և դոնորային ֆինանսավորումներից: Մշակույթի նախարարությունն ասում է, որ բիենալեի կազմակերպիչները ուշ են դիմել ֆինանսավորման համար, սակայն հավաստիացնում են, որ պատրաստակամություն են ունեցել ֆինանսավորելու: Կազմակերպիչներն էլ ասում են, որ առաջարկված պետական աջակցությունը կազմում էր բիենալեի բյուջեի ընդամենը 7 տոկոսը: Այսօր Գյումրու բիենալեի շրջանակներում «Ուտոպիանա» կազմակերպությունը, Գյումրու Style գալերեայում կազմակերպել է «Նման մի բան. երիտասարդ այլընտրանքային նկարիչներ» ցուցահանդեսը, որի բացումը տեղի կունենա ժամը 15:00-ին: Ցուցահանդեսը համադրել են Արման Գրիգորյանը և Վահագն Ղուկասյանը: Ըստ նախագծի հայեցակարգի` «ցուցահանդեսը փորձ է Գյումրիի միջազգային բիենալեի շրջանակներում ներկայացնել երիտասարդ արվեստագետների աշխատանքներ, որտեղ նրանք արտահայտում են իրենց պատկերացումները, կոնֆլիկտները, երազանքները` առաջացած հետարդյունաբերական աշխարհում իրենց ընձեռված և/կամ զրկված հնարավորությունների պատճառով»: Ցուցահանդեսի մասնակից այլընտրանքային նկարիչներն են Ամալիկ Դավոյանը, Նարեկ Խաչատրյանը, Մելս Սողոյանը, Տրգրան Մանուկյանը, Արման Ղարիբյանը, Արփինե Համբարյանը, Հովհաննես Սմոյանը, Ռուզան Ղալաչյանը, Վահան Դարբինյանը, Վահե Բուդումյանը, Օվսաննա Շեկոյանը, Սիլվա Շահվերդյանը, Տարոն Մանուկյանը, Արտակ Փիլոյանը, Գրիգոր Աղաջանյանը, Արտաշես Աջապահյանը, Արև Առաքելյանը, Աշոտ Ավետիսյանը, Մալվինա Գևորգյանը, Լիանա Սարիբեկյանը, Տիգրան Առաքելյանը, Վահագն Ղուկասյանը, Միքայել Վարդպարոնյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter