HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոմիկ Վարդանյան

Երևանյան 4-րդ փառատոնի բացումը ոչ թե այսօր, այլ` վաղը

Վաղը` սեպտեմբերի 11-ին, Երևանում մեկնարկում է նախկին «21-ի հեռանկարներ», ներկայումս Երևանյան 4-րդ երաժշտական փառատոնը (գեղարվեստական ղեկավարներ` Էդուարդ Թոփչյան և Ալեքսանդր Չաուշյան): Համերգային խոշոր ազդագրերում դեռևս հայտարարված է, թե փառատոնը տեղի է ունենալու այսօր: Իսկ թե ինչու է վերանվանվել փառատոնը, տեղեկանում ենք Մշակույթի նախարարությունից: Ըստ նախարարության կայքի` նման ծավալի և նշանակության փառատոնները ողջ աշխարհում կրում են իրենց տեղանունները, ուստի «21-ի հեռանկարներ» փառատոնը մասնակիցների, հովանավորների և կազմակերպիչների համատեղ որոշմամբ վերանվանվել է «Երևանյան»: Փառատոնին կմասնակցեն համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետներ` դաշնակահարներ Ֆրանսուա Ֆրեդերիկ Գին, Ալեսիո Բաքսը, Կոնստանտին Լիֆշիցը, Էշլի Վոսը, Միլանա Չերնյավսկան, Վահան Մարտիրոսյանը, ջութակահարներ Ջուլյա Ֆիշերը, Իզաբել Ֆաուստը, Ալեքսանդր Սիտկովեցկին,Պավել Վերնիկովը, Դայշին Կաշիմոտոն, Անտոն Սորոկովը, Սվյատոսլավ Մորոզը, ալտահարներ Դիմուտ Պոպենը, Սամվել Բարսեղյանը, թավջութակահարներ Սթիվեն Իսերլիսը, Նատալյա Գուտմանը, Ալեքսանդր Չաուշյանը, Միքայել Հախնազարյանը, շեփորահար Սերգեյ Նակարիակովը, գալարափողհար Ռադովան Վլատկովիչը, տուբահար Հարրի Լիդսլեն, երգչուհի Զանդրա Մքմաստերը: Փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 22-ին և 23-ին առաջին անգամ Հայաստանում հյուրախաղերով հանդես է գալու Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, որի ելույթները հայ հանդիսատեսը կարող է ունկնդրել ընդամենը երկու օր: Փառատոնի ընթացքում` սեպտեմբերի 17-ին, տեղի կունենա համերգ` նվիրված Ալեքսանդր Հարությունյանի 90-ամյակին, իսկ սեպտեմբերի 19-ին` համերգ` նվիրված ՀՀ անկախության տոնին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter