Կառավարությունն ավելացնում է վերահսկողությունը ՀԿ-ների նկատմամբ. ՀԿ-ներն ընդդիմանում են
Օգոստոսի 5-ին Կառավարությունը որոշում է ընդունել Արդարադատության նախարարության կազմում նոր տեսչություն ստեղծելու մասին: Այդ որոշմամբ հաստատվել են տեսչության կանոնադրությունը եւ կառուցվածքը: Նոր մարմնի նպատակը առանձին ոչ առեւտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողությունն է:
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ներկա էին միայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները. Կառավարության ներկայացուցիչը չէր մասնակցում:
«Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում կողմ է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության թափանցիկությանը,- ասաց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Աբգար Եղոյանը,- բայց մենք գտնում ենք, որ ամենակարեւոր գործոններից մեկը քաղհասարակության կազմակերպությունների ինքնակառավարման մեջ պետական կառավարման մարմինների մասնակցությունը բացառելու սկզբունքն է»:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի անդամ Սոնա Այվազյանը նշեց, որ արդարադատության նախարարությունը, բնականաբար, օրենքով օժտված է վերահսկողական ֆունկցիայով, սակայն դրա էությունն այն է, որ նախարարությունը պետք է վերահսկի, թե տվյալ կազմակերպությունը որքանով է կատարում իր կանոնադրական նպատակները:
«Այսօր նախարարությունն առաջատար դեր է ստանձնել անօրինական գործընթացներ իրականացնելու մեջ, մասնավորապես` քաղաքացիական հասարակության ոլորտի հետ կապված,- շեշտեց Ս. Այվազյանը ու մատնանշեց, թե ինչ պիտի աներ նախարարությունն իրականում:- Ընտրություններից առաջ, երբ ՀԿ-ները ներգրավվում էին թեկնածուների քարոզարշավին, դա պետք է վերահսկվեր եւ կանխվեր, կամ այսօր «Միասին» կողչվող կազմակերպությունը, որը ներգրավված է բազմաթիվ ծրագրերի մեջ, ֆինանսավորումների հետ առնչվում է, սակայն գրանցված չէ, այդպիսի գործունեությունը պիտի կանխվեր: Եթե նույնիսկ այս նախարարությունը պետք է ունենա վերահսկողական ֆունկցիա, այն պետք է լինի շատ կոնկրետ, կոնկրետ ձեւակերպված: Այսօրվա փաստաթղթում տեսչության նպատակներն այնքան լայն են ձեւակերպված, որ տպավորություն է ստեղծվում, թե նրանք կարող են վերահսկել ոչ առեւտրային կազմակերպությունների ցանկացած գործունեություն, որովհետեւ ոչ մի սահմանափակում տրված չէ. ընդուպ մինչեւ ֆինանսական գործունեության թափանցիկություն: Այսինքն` նրանք նույնիսկ գնում են հարկային մարմինների դաշտ»:
ՀԿ-ների ներկայացուցիչների կարծիքով` այս փաստաթուղթը բավականին լուրջ վտանգ է ներկայացնում իրենից: «Միգուցե դա ուղղակիորեն չի երեւում, սակայն ենթատողերի արանքում գրված է,- ասում է Այվազյանը:- Վերահսկողության շրջանակները չսահամնափակելը նրանց տալիս է տարբեր կամայականությունների հնարավորության լայն շրջանակ»:
Այս գործընթացը սկսվել է 2009-ի սեպտեմբերին, երբ նախարարությունն առանց հանրային քննարկումների ու եզրակացության ԱԺ-ի հաստատմանն է ներկայացրել ««Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կտրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այս տարվա հունիսից ՀԿ-ների նախաձեռնող խումբը նախարարության հետ բանակցությունների արդյունքում իրականացնում է նշված նախագծի հանրային քննարկումներ: Եվ ահա այդ ընթացքում` օգոստոսի 5-ին, կրկին առանց հանրային քննարկումների նախարարությունը Կառավարությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որը հաստատվել է օգոստոսի 5-ին:
«Կառավարության կողմից ծածուկ ընդունված այս որոշումը օրենքով նախատեսված ոչ մի կարգավորում չի անցել: Մենք որոշման մասին իմացել ենք այն ընդունելուց հետո,- պարզաբանեց Ս. Այվազյանը,- Կառավարությունը շատ լավ հասկանում է քաղաքացիական հասարակության դերն ու կարեւորությունը, եւ այդ պատճառով, կարծես, տենդենցն այն է, որպեսզի փոփոխություն կրի քաղհասարակության սեկտորը»:
«Չպետք է մոռանանք, որ քաղաքացիական հասարակությունն ինքնակառավարվող կառույց է, եւ ամեն ինչ պետք է անենք, որ այդ ինստիտուտը կայանա, ոչ թե այնպիսի մեխանիզմեր կիրառենք, որ պետությունը վերցնի դրա գործառույթը եւ այդպիսով ընդհանրապես վերացնի քաղհասարկությունը»,- շեշտեց Ա. Եղոյանը:
«Երեւանի մամուլի ակնումբի» նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով` խնդիրը կարելի է շատ հեշտ լուծել. «Ինչպես որ որոշումն ընդունվել է, այնպես էլ կարող է որոշվել չեղյալ համարել այն: Ոչ մեկ Կառավարության լիազորություններն այդ առումով չի կարող սահմանափակել»:
«Բոլոր տիպի կազմակերպությունները, այդ թվում` ՀԿ-ները պիտի գործեն օրենքի շրջանականերում, ու պետությունը պիտի ունենա բոլոր հնարավորությունները` վերահսկելու համար, թե արդյոք կատարվում են օրենքի պահանջները: Բայց շատ դժվար է հասկանալ, թե ինչու պիտի ստեղծվեն մասնագիտացված ինչ-որ կառույցներ, որոնք առանձին ստուգում են ՀԿ-ները: Այդպես կարելի է մի առանձին կառույց էլ բացել, որ կուսակցությունները ստուգեն, մի հատ` ՍՊԸ-ները, ԲԲԸ-ները` առանձին,- տրամաբանական եզրահանգում է անում Նավասարդյանը:- Կա հարկային տեսչություն, աշխատանքային տեսչություն, կենսաթոշակային հիմնադրամ, որոնք պարբերաբար ստուգում են բոլոր իրավաբանական անձանց: ՀԿ-ների համար միակ լրացուցիչ բանը կարող է լինել այն, թե արդյոք ՀԿ-ն գործում է իր կանոնադրության համաձայն: Դրա համար բոլոր լծակները արդարադատության նախարարությունն ուներ»:
Ստացվում է` նախարարությունն առանց այդ էլ մինչ այդ գործող օրենսդրությամբ իրավունք ուներ վերահսկել ՀԿ-ի գործունեությունը, բայց, ըստ Նավասարդյանի, «օրենքով նախատեսված իրենց տրված հնարավորություններից չեն օգտվել: Դա ասում է, որ հետին միտքը միանգամայն այլ է»: ԵՄԱ-ի նախագահի կարծիքով երկու պատճառ կա այս ամենին: Առաջինը` քաղաքական հսկողություն սահմանելը ՀԿ-ների նկատմամբ: Երկրորդ` ըստ բանախոսի` երբ մեզ մոտ կառավարական կառույցները չեն կարողանում իրենցից պահանջվածն արդյունավետ իրականացնել (օրինակ` ինչու՞ չէին կանխում ԶԼՄ-ի խախտումները ընտրությունների ժամանակ), փորձում են բարձրացնել իրենց կշիռը` վերահսկողական լրացուցիչ լծակներ ստանալու համար:
«Երկիրը միջազգային պարտավորություններ է վերցնում զարգացնել ժողովրդավարություն, զարգացնել քաղաքացիական հասարկություն, բայց մեզ մոտ իրականում ամեն ինչ միանգամայն հակառակ ուղղությամբ է շարժվում»,- եզրափակում է Բ. Նավասարդյանը:
Քաղհասարկության ներկայացուցիչները հստակ չեն որոշել, թե որն է լինելու իրենց հաջորդ քայլը, սակայն հաստատում են, որ այդպիսիք կլինեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել