Զգուշացիր ինտերնետային «նորածանոթներից»
Խարդախության դիմող բոլոր մարդկանց գործողություններն էլ բացահայտվում են, բայց այն, ինչ կատարվեց անցյալ տարվա նոյեմբերի վերջից մինչև այս տարվա մարտ, աննախադեպ էր: Առաջին հերթին այն առումով, որ հերթական խարդախն արդեն իսկ պատիժ կրող դատապարտյալ է, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր:
Երկրորդ, որ նա իր հանցավոր մտադրություններն իրականացրել էր` 8 տուժողի հետ անմիջական շփում չունենալով, նրանց հետ վիրտուալ ծանոթություն, ապա և հեռախոսային կապ հաստատելով: 34-ամյա Արմեն Հակոբյանը «նվաճեց» համացանցի ոլորտը` ապօրինի պահվող «Նոկիա» բջջայինով գրանցվելով և պարբերաբար այցելելով «Օդնոկլասնիկի» կայք:
Կայքի այցելու որոշ աղջիկներ թեթևամտորեն նետվում են ցանկացածի հետ ծանոթանալու` առանց զրուցակցին տեսնելու, և անգամ այնքան մտերմանալու, որ կարող են վիրտուալ ընկերոջ համար ամեն ինչ անել: Բնականաբար, այդպիսիք խարդախի ցանցում հայտնվելու շատ հարմար թիրախ են, ինչն արագ կռահել է Արմենը:
Նրա հետ ծանոթացած աղջիկներից և ոչ մեկն, իհարկե, նույնիսկ չի կասկածել, որ ֆրանսահայ բիզնեսմեն ներկայացած, իբր ամուսնության նպատակով ծանոթություններ հաստատող Արմենը ոչ միայն կիլոմետրերով հեռու է բիզնեսից, այլև անազատ քաղաքացի է, որը նախկինում 4 անգամ դատապարտվել է ուրիշի գույքի հափշտակության համար, վերջին անգամ էլ` 2009-ի դեկտեմբերի 23-ին, բավական մեծ պատժաչափով` 9 տարի 6 ամիս: Այսինքն` երբ սկսեց «օդնոկլասնիկյան» իր արշավանքը, նրա գործն արդեն նախաքննության փուլում էր, իսկ ինքը` կալանավորված: Ավելին` ամուսնացած էր, և «ամուսնանալու նպատակն» ընդամենը խայծ էր աղջիկներին գրավելու համար:
Խայծն, անշուշտ, հաջող էր ընտրված, քանզի գաղտնիք չէ, որ մեր աղջիկներից ոմանք ցանկանում են արտերկրյա հարուստ փեսացու գտնել: Սակայն այս 8 աղջկան խոր հիասթափություն էր սպասում, իսկ խաբեությանը, թեկուզ սկզբում ոչ բոլոր մանրամասներով, հասու էին լինելու, երբ իրենց գումարները կամ նրան փոխանցած իրերը հետ ստանալու պահանջները չբավարարվեին, հետո նաև անհնար էր դառնալու անծանոթ ընկերոջ հետ կապ հաստատելը, որը վիրտուալ փախուստ էր կատարելու և դադարելու էր կայք այցելելուց:
Արմենը «ՎիվաՍել» ընկերության 3 քարտ էր օգտագործում և աղջիկներին զանգահարում էր տարբեր հեռախոսահամարներից: Աղջիկների համար, անկասկած, հաճելի զրուցընկեր է եղել, կարողացել է այնպիսի թեմաներ շոշափել, որոնք այսօրվա երիտասարդության համար գրավիչ են: Սակայն թեմաներից ավելի գրավիչ էր ֆրանսահայ, այն էլ` բիզնեսմեն ներկայացած Արմենը:
Նրանց համացանցային և հեռախոսային կապն այնպիսի մտերմություն է ստեղծել, որ երբ Արմենն ասել է, թե բիզնեսի գործերով Մեղրիում է, և այնտեղ «ՎիվաՍելի» լիցքավորման քարտեր չեն վաճառում, ու խնդրել է լիցքավորել իր հեռախոսը, աղջիկները հավատացել ու չեն մերժել: Մեկը 30-35 հազար դրամի է լիցքավորել, մեկը` 50 հազարի, մյուսը` 74...
Տարօրինակն այն է, որ աղջիկները գոնե մեկ անգամ չեն փորձել մի փոքր երկար մտածել, թե ինչու պիտի «Ղ-Տելեկոմի» լիցքավորման քարտեր Մեղրիում չվաճառվեն: Գուցե Արմենը նրանց Մեղրին մի այնպիսի խուլ ծայրամաս է ներկայացրել, որ աղջիկները նրա ամեն խոսք հալած յուղի տե՞ղ են ընդունել: Այդ մասին են վկայում նաև գործի այլ մանրամասներ:
Այսպես` աղջիկներից մեկը, որ ընդհանուր առմամբ 240 հազար դրամի նյութական վնաս է կրել, ընդամենը 6 օրվա վիրտուալ ընկերոջը նրա ուղարկած անձի միջոցով փոխանցել է 20 հազար դրամ, երկու օր հետո` ևս 42 հազար, էլ չենք խոսում նրա հեռախոսաքարտը պարբերաբար լիցքավորելու մասին: Գումարն Արմենը խնդրել է բիզնես գործերն իբր կարգավորելու համար ու խոստացել և կատարած ծախսերը, և վերցրած գումարը վերադարձնել: Նրա վերջին զանգը եղել է հունվարի 27-ին, երբ հարցրել է, թե ընդհանուր առմամբ որքան է պարտք, ինչից հետո նրա հետ կապվել այլևս չի հաջողվել:
Կեղծ ֆրանսահայ բիզնեսմենը ավելի մեծ վստահություն է ձեռք բերել մեկ այլ տուժողի մոտ, ում համոզել էր, թե ամուսնանալու նպատակ ունի: Աղջկա կրած նյութական վնասն անցնում էր 500 հազար դրամի սահմանը: Տուժողը, տարբեր անձանց միջոցով Արմենին խոշոր չափի կանխիկ գումարներ փոխանցելուց բացի, 4 բջջային հեռախոս էր տվել, նաև` զանազան կենցաղային իրեր: Նրա կասկածը չէր հարուցել այն հանգամանքը, որ ինչ-որ մարդիկ են ներկայանում Արմենի անունից, քանի որ վստահ էր, որ բիզնեսմեն փեսացուն Մեղրիում խրված է կարևոր գործերի մեջ, մինչդեռ շորթած գումարների մեծ մասը նույն միջնորդ անձանց միջոցով վերածվում էին սննդամթերքի ու ծխախոտի և որպես հանձնուք հասնում «Նուբարաշենի» կալանավոր Արմեն Հակոբյանին:
Մեկ այլ տուժող ավելի հեռու գնաց և վիրտուալ ընկերոջը փոխանցելու համար միանգամայն անծանոթ մեկին տվեց իր ոսկեղենը, որի կարիքը, չգիտես ինչու, զգացել էր բիզնես անող «ֆրանսահայը»:
Այս գործում աննախադեպ հանգամանքներ շատ կան: Դրանցից մեկն էլ միջնորդ անձինք էին: Այսպես, աղջիկներից շատերից գումարը և այլ իրեր վերցնելու համար Արմենը զանգահարել է տաքսի ծառայություններից մեկը և խնդրել վարորդներից մեկին ուղարկել, օրինակ` Կենտրոն թաղապետարանի մոտ, ապա իրեն փոխանցված գումարը կամ իրերը բերել ծառայություն` սպասելով լրացուցիչ զանգի: Շատ դեպքերում հենց վարորդն էլ, վերցրած գումարից հանելով ծառայության վարձը, մնացածն օգտագործել է հանձնուքը պատրաստելու համար և անձամբ տարել ՔԿՀ` տվյալ կալանավորի անունով հանձնելու:
Ութ տուժողն էլ իրենց գումարի վերադարձի` տարբեր պատրվակներով հետաձգվելուց և օդի մեջ հնչող խոստումներ ստանալուց հետո, հատկապես, երբ Արմենը դադարեց կայք մտնելուց, իսկ նրա հեռախոսահամարներն էլ անհասանելի դարձան, կռահեցին, որ հայտնվել են խարդախի ցանցում և դիմեցին ոստիկանություն:
Արմենը իրեն լիովին մեղավոր է ճանաչել և խոստովանական ցուցմունքներ տվել:
Այս նյութը վերցված է www.police.am կայքից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել