HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի վերջո, որքան գումար է սահմանված ուսանողական հանրակացարանում

Քրիստինե Աղալարյան
Շուշան Ստեփանյան 

Համաձայն Զեյթունի ուսանողական հանրակացարանում բնակվող ուսանողների` հանրակացարանում իրենց բնակության համար նրանք օրինական սահմանված վարձավճարից ավել են վճարում: Ուսանողները հավաստիացնում են, որ դա անում են ստիպված, քանի որ գիտեն, որ Երևանում բնակարան վարձելու դեպքում պիտի վճարեն մի քանի անգամ ավել:

«Ես 50 հազար չեմ վճարում, այլ շատ ավելին: Երբ սենյակ էի ուզում այստեղ ստանալ, ինձ ասացին, որ 95 հազար պետք է վճարեմ, ես կարգը չգիտեի, համաձայնեցի, դա ինձ  ձեռնտու էր»,- պատմում է հանրակացարանում ապրող ուսանողներից մեկը, ով չցանկացավ նշել իր անունը: Մեր զրուցակիցը նշեց, որ եթե հենց սկզբից իմանար, որ իր վճարած գումարը սահմանվածից շատ է, միևնույն է, կմուծեր. «Մենք ոչինչ չենք կարող անել, քանի որ Երևանում բնակարան վարձելը, այն էլ նորմալ պայմաններով, շատ ավելի թանկ հաճույք է»: 

«Ես էլ եմ վճարում 100 հազար դրամ, առաջին օրվանից այդպես գիտեի, չգիտեի էլ, որ գանձվող գումարը պիտի լինի 50 հազար դրամ»,-պատմում է Աննան: Իսկ 2007 թ.-ին Աննան 44 հազար դրամի փոխարեն վճարում էր 80 հազար դրամ: (Բոլոր անունները պայմանական են, քանի որ վտանգվում է ուսանողների հետագա կացությունը ուսանողական հանրակացարանում: Ուսանողներին սպառնում են, որ եթե այս հարցը բարձրաձայնեն, ստիպված կլինեն հեռանալ հանրակացարանից):

Համաձայն Կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) 2008-2009 թթ. ուսումնական տարում «Զեյթունի ուսանողական հանրակացարան»-ում ուսանողների և ասպիրանտների բնակեցման մասին գրավոր կարգի` հանրակացարանում մեկ անձի բնակվելու վարձաչափը սահմանված է տարեկան 50 հազար դրամ: Նախորդ ուսումնական տարում այն 44 հազար դրամ էր: Կարգը սահմանում է նաև, որ հանրակացարանում բնակվողներին պարտադիր պետք է ծանոթացնել սույն կարգին ու հանրակացարանի ներքին կարգապահական կանոններին: 

Ուսանողներից ոմանք բողոքում են, որ իրենք այդ կարգին ծանոթ չեն, նույնիսկ չգիտեն սահմանված գումարի չափը: «Ինչքան ասել են, այնքան էլ վճարել եմ պարետին»,-հաստատում է Աննան: Իսկ նրանք, ովքեր ծանոթ են կարգին, այդ մասին տեղյակ են պահել պարետին, որը ստիպված նրանց թույլ է տվել վճարել 50 հազար դրամ: 
 
Բնակեցման և բնակվարձի գանձման ժամանակ հաշվի է առնվում այն հանգամանքը, որ յուրաքանչյուր սենյակ նախատեսված է երեք հոգու համար: Իսկ սենյակի ազատ տեղի դեպքում վճարում են համապատասխան հաշվարկով: Քույր-եղբոր նույն սենյակում ապրել նույնպես չի թույլատրվում. «Մեզ մոտ, դեռևս խորհրդային ժամանակներից եկած օրենքներով, մեկ սենյակում արգելվում է քույր-եղբայր բնակվելը, սակայն ապրում են, որովհետև համապատասխան թույլատրություն են ստացել ԿԳ նախարարությունից», - հաստատում է հանրակացարանի պարետ Արթուր Մատինյանը: Սակայն կարգը այս հարցում որևէ սահմանափակում չի դնում: 

Նախորդ ուսանողների  խոսքերը հաստատում է ԵՊՀ շրջանավարտ Արմինեն, ով եկել էր շրջանից: Մինչև 2007 թվականը Արմինեն իր ուսման ընթացքում բնակվել է Զեյթունի հանրակացարանում: Սկզբում նա ապրել է` հանրակացարանի սենյակը կիսելով իր երկու ընկերուհիների հետ, այնուհետև` եղբոր հետ: «Երբ եղբայրս եկավ ու որոշվեց, որ իրար հետ պետք է մնանք, մեր պարետն ասաց, որ ես իրավունք չունեմ եղբորս հետ նույն սենյակում մնալ, բայց նա ասաց, որ կօգնի մեզ, միայն թե մենք պարտավոր ենք հիսուն հազար դրամ ավելի վճարել: Ասաց, որ այստեղ իրավունք ունեն ապրելու միայն պետական բուհերում սովորող ուսանողները, իսկ եղբայրս սովորում էր մասնավոր բուհում: Եվ մենք պետք է վճարեինք մեր երկուսի, ինչպես նաև այդ սենյակի երրորդ տեղի համար: Մենք հաշվարկեցինք, որ, միևնույն է, այդպես ավելի էժան էր, դրա համար էլ համաձայնվեցինք»,- պատմում է Արմինեն:

Կրթության նախարարի ստորագրած Կարգը, փաստորեն, սահմանում է, որ եթե մեկ ուսանող ցանկանում է բնակվել մեկ սենյակում, ապա նա պարտավոր է վճարել սենյակի մյուս երկու տեղերի համար ևս, որը տարեկան կազմում է 150 հազար դրամ: Սակայն որոշ ուսանողներ պնդում են, որ նույն սենյակի համար իրենցից տարեկան գանձում են մինչև 250 հազար դրամ:

Պարետը նույնպես հաստատեց, որ եթե զբաղեցնում են սենյակը ամբողջությամբ կամ երկուսով, սենյակի մյուս տեղերի համար նույնպես վճարում են, բայց այս դեպքում ևս վճարները կարող են տարբեր լինել, ինչպես և ոչ պետական բուհերի ուսանողներինը, բայց թե այդ «ավելին ինչքան» է, պարետը չկարողացավ հստակեցնել. «Այդ բոլոր հարցերը տնօրենն է որոշում, նա էլ որոշում է, թե ինչքան է վճարելու տվյալ ուսանողը: Ֆինանսական հարցերի համար ես պատասխանատու չեմ»: «Ոչ պետական բուհերում սովորողներին մենք պարտավոր չենք տեղ տալ, նմանատիպ հարցերը` տնօրենի հետ, որովհետև տնօրենն է թույլ տալիս, տնօրենն է որոշում` կարելի է, թե չի կարելի»,-ավելացրեց պարետը:

Մեր այն հարցին, թե ոչ պետական բուհերից քանի ուսանող է ապրում հանրակացարանում, և ինչքան գումար են վճարում մեկ տեղի համար, պարետ Ա. Մատինյանը պատասխանեց. «Ես իրավասու չեմ համապատասխան թվեր ձեզ ներկայացնել, որովհետև դուք համապատասխան ծառայություն չեք, ոչ էլ հարկային եք»:  

Սակայն անգամ նման վարձավճարի դեպքում ուսանողների համար սա նախընտրելի տարբերակ է, քանի որ, օրինակ, Երևանի արվարձանային թաղամասում մեկ սենյականոց բնակարանը կոմունալ բոլոր հարմարություններով հնարավոր է վարձել ամսական նվազագույնը 50 000 դրամով, որը տարեկան կտրվածքով կկազմի 500 000 դրամ: Իսկ սա բավական մեծ գումար է մարզից ժամանած ուսանողի ծնողների համար, եթե հաշվի առնենք, որ նրանք նաև պետք է վճարեն իրենց երեխայի ուսման, սննդի, հագուստի և կոմունալ ծախսերի համար: 

Զեյթունի հանրակացարանում վերջերս կատարված վերանորոգումից հետո այստեղ ևս կան բավարար պայմաններ ուսանողի բնակության համար. թեպետ խոհանոցը և սանհանգույցը ընդհանուր են յուրաքանչյուր հարկի բնակիչների համար, իսկ լոգարանը մեկն է և վճարովի` 30 րոպե զբաղեցնելու համար ուսանողը վճարում է 500 դրամ: Ձմռան ամիսներին գործում է նաև կենտրոնացված ջեռուցման համակարգ: 
 
Հանրակացարանում սենյակ ստանալն այնքան էլ բարդ գործընթաց չէ: Պետք է համապատասխան բուհից ստանալ տեղեկանք, ու թափուր սենյակի առկայության դեպքում, կատարելով վճարումները, այն կտրամադրվի դիմորդին: 

Սենյակի համար կարող են դիմել և' տեղացի, և' օտարերկրյա պետական և ոչ պետական բուհերի ուսանողները: Սակայն ոչ պետական հաստատությունների ուսանողները և օտարերկրացիները, ըստ Զեյթունի հանրակացարանի պարետ Արթուր Մատինյանի, պետք է ավելին վճարեն, քան պետական բուհերում սովորողները: Թե ինչքան ավել են վճարելու` պարետը չգիտի: Ոչ պետական բուհերի ուսանողներին հերթը կհասնի միայն պետական բուհերի ուսանողներին սենյակներով ապահովելուց հետո: «Նրանց հետ պայմանագրային հիմունքներով ու գներով է այդ ամենը կարգավորվում, իսկ դրա պատասխանատուն տնօրենն է, նա է որոշում, թե որքան վճարեն»,- ասում է պարետը: 

Վճարման դեպքում ուսանողներին պարտադիր կերպով պետք է տրվի վճարման կտրոն գանձապահի կողմից, որից մեկը պետք է մնա ուսանողի մոտ, իսկ մյուսը` հանձնվի պարետին: Սակայն այն ուսանողները, ովքեր վճարել են սահմանվածից ավելին, պնդում են, թե իրենք այդ գումարը հանձնել են ոչ թե գանձապահին, այլ անձամբ պարետին, և վճարման կտրոն չեն ստացել: Պարետն էլ հավաստում է, որ ինքը այդ գումարների հետ «գործ չունի», իր մոտ գումարներ թողնում են այն ժամանակ, երբ գանձապահը տեղում չի լինում, և ինքը հետո դրանք փոխանցում է գանձապահին: 

«Զեյթուն ուսանողական հիմնադրամի» գործադիր տնօրեն Վահրամ Մխիթարյանն էլ տեղեկացրեց, որ իրենք բոլորին կտրոն տվել են. «Մարդիկ կան, որոնք հրաժարվել են կտրոնը վերցնելուց, եթե ցանկացող կա, թող հիմա գա` կտանք, ինչի են բողոքում»: Վահրամ Մխիթարյանը ևս վստահեցնում է, որ գումարը վճարում են ոչ թե պարետին, այլ գանձապահին. «Չեմ կարծում, որ նախատեսվածից ավելի է գանձվում, եթե բողոքներ կան, թող գան ինձ մոտ, ասեն` ում են մուծել, ով է իրենցից այդքան գումար վերցրել»: 

Պարետ Արթուր Մատինյանը առաջարկեց «բողոքողներին» հրավիրել հենց իր սենյակ, և մեր ներկայությամբ հարցը պարզաբանել, սակայն հետագայում, երբ Ա. Մատինյանը ներկայացրեց գանձապահի ստորագրած և իր կողմից ընդունված կտրոնները ուսանողների անձնական տվյալների հետ միասին, որոնցում կային սահմանված 50 հազար դրամից ավելի գումարի վճարումներ, մենք նույն առաջարկությունն արեցինք պարետին` հրավիրել ավել վճարողներին պարզաբանումների համար, պարետը խուսափեց մեր առաջարկից և պատասխանեց, որ դրանք տարբեր հիմնավորումներով զեղչված կամ ավել սահմանված վճարումներն են: «Ես միայն այդ կտրոնները ընդունողն եմ, ինձ ստորագրած բերում են, ես էլ ընդունում եմ»,-ավելացրեց նա:   

ԿԳ նախարարության տնտեսական բաժնի պետ Արա Խաչատրյանը տեղեկացրեց, որ ԿԳՆ-ն իրավասու չէ վերահսկել «Զեյթուն ուսանողական հանրակացարան» հիմնադրամի գործունեությունը. «Միակ առնչությունն այն է, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ԿԳՆ նախարարն է»,- հաստատեց  Արա Խաչատրյանը:

Ի վերջո, պարետը մեզ խորհուրդ տվեց չհետևել «ուսանողների նման կարգի» խոսակցություններին: «Միգուցե ուսանողներից ոմանք մեզնից ինչ-որ բանով նեղացել են կամ դժգոհ են մնացել, դրա համար են նման բաներ ասում»,- ամփոփեց պարետը` ավելացնելով, որ եթե այդ ուսանողները խնդիրներ ունեն, թող գնան իրենց մոտ, իրենք կփորձեն դրանք լուծել: 

Հոդվածը պատրաստվել է «Լրագրության դերի բարձրացումը արդարադատության եւ օրենքի կիրառման համակարգերի լուսաբանման ոլորտում» դասընթացի շրջանակներում: Դասընթացը կազմակերպել էր «Լրագրողների թիմ հանուն կայուն ապագայի» ՀԿ -ն (cjteam.org):

Մեկնաբանություններ (1)

Պողոս
եթե բնակվառձը ետկան լինել էլ ուսանօղների մեծ մասը ինցհի էր բնակարաններ վարձակալում, ետեղ ինցհ գռացե սուտ ե որովհետև բնակ վարձը շատ բարձր է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter