«Առավոտյան մաքուր գալիս ենք դպրոց, երեկոյան տուն ենք գնում մրոտված ու սալյարկի հոտով»
Ուսումնական տարվա սկզբին աշակերտների ցանկությունն է մտնել վերանորոգված, կահավորված դասասենյակներ: Էջմիածնի թիվ 3 հիմնական դպրոցի շենքը կառուցվել է 1939 թ. եւ երբեք չի հիմնանորոգվել: Միշտ եղել են մասնակի վերանորոգումներ:
Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը տեղեկացրեց, որ մարզի 123 դպրոցներից մոտ 70-ը (դպրոցների 60 տոկոսը) ունեն վերանորոգման կարիք: Էջմիածնի թիվ 3 դպրոցը պետբյուջեի միջոցներով վերանորոգվում է, սակայն դժվար է ասել, թե աշխատանքները երբ կավարտվեն:
Դպրոցի 2 մասնաշենքերի, արհեստանոցի, ֆիզիկական կուլտուրայի եւ հանդիսությունների դահլիճների վերանորոգման համար 2009 թ. հատկացվել է 350 մլն դրամ, սակայն հատկացված գումարը մաս-մաս է տրվում: 2009-ին հատկացվել է 19 մլն դրամ, իսկ այս տարի` 20 մլն: Եթե գումարներն այս տեմպերով հատկացվեն, ապա դպրոցի ամբողջական վերանորոգման համար պահանջվելու է 17 տարի: Թիվ 3 դպրոցի տնօրեն Հունան Մարտիրոսյանի հաշվարկներն ավելի համեստ են` 3-4 տարի: Դպրոցին մինչ այժմ հատկացված գումարներով փոխվել են տարրական դասարանների աշակերտների համար նախատեսված մասնաշենքի դռներն ու պատուհանները, հատակը բետոնապատվել է, իսկ պատերը` գաջվել: Ջեռուցման խնդիրը չի լուծվել, ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ երեխաները ձմռանը պարապելու են հեղուկ վառելանյութի հոտի ու ծխի պայմաններում, բետոնե հատակի վրա: Այդ ընթացքում կատարված աշխատանքներն արդեն շարքից դուրս կգան:
«Մենք երեխաների հետ գործ ունենք, ինչքան էլ պահենք, պահպանենք, չենք կարողանալու: Առաջարկում եմ Կառավարությանը, որ գոնե մեկ մասնաշենքի ամբողջական վերանորոգման համար լրիվ գումարը հատկացվի, որ ծնողն էլ իմանա, թե ինչպիսի շենքում ու դասարանում է իր երեխան դասերն անցկացնելու»,- ասում է դպրոցի տնօրեն Հունան Մարտիրոսյանը:
Նրան հատկապես մտահոգում է այն, որ երեխաները դասերն անցկացնելու են սառը բետոնի վրա: Տնօրենը հուլիսին նամակով դիմել է նաեւ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանին: Պատգամավորից խնդրել է, որպեսզի ջեռուցման մարտկոցների տեղադրման փոխարեն կառուցվի ջեռուցման համակարգ եւ կաթսայատուն, քանի որ եթե հիմա մարտկոցները տեղադրվեն էլ, այս տարի կենտրոնացված ջեռուցում չի լինելու: Դպրոցի անմխիթար պայմանների, ինչպես նաեւ կենտրոնացված ջեռուցման բացակայության պատճառով այդ թաղամասում ապրող ծնողները նախընտրում են իրենց երեխաներին տանել ավելի բարեկարգ դպրոցներ, ինչը թիվ 3 դպրոցի համար ֆինանսական դժվարություններ է առաջացնում: Այս պահին դպրոցում սովորում է մոտ 270 աշակերտ, իսկ մի քանի տարի առաջ այդ թիվը շատ ավելին էր:
«Դպրոցում աշխատում են լավագույն մասնագետները, սակայն ջեռուցման պատճառով ծնողները երեխաներին մեզ մոտ չեն բերում, բայց ինչո՞ւ պիտի այդ երեխան գնա ուրիշ դպրոցում սովորի, հետո գա իմ կամ իմ մասնագետների մոտ լրացուցիչ պարապի, որպեսզի բուհ ընդունվի,- հարցնում է տնօրենն ու ինքն էլ պատասխանում:- Որովհետեւ առավոտյան մաքուր գալիս ենք դպրոց, երեկոյան տուն ենք գնում մրոտված ու սալյարկայի հոտով: Ճակատագիր է, քիչ մնաց, հուսանք լավ կլինի»:
Հ. Մարտիրոսյանը գոհ է կատարվող շինարարական աշխատանքներից, բայց դարձյալ նշում է, որ ֆինանսավորումը չի բավականացնում: Դպրոցի գլխավոր մասնաշենքի վիճակն ավելի վատ է: Ինչպես առաջին եւ երկրորդ հարկերի հատակը, այնպես էլ տանիքն ամբողջությամբ փայտից է: Երբ երեխաները վազում են միջանցքում, ամբողջ հարկը ճոճվում է, ստիպված տնօրենից մինչեւ հավաքարար հերթապահություն են անում, որպեսզի երեխաները չվազեն:
Հերթապահություն է սահմանվում նաեւ ձմռանը, այս անգամ` որպեսզի երեխաները շատ չբացեն վառարանի ծորակը, եւ հրդեհ չբռնկվի դպրոցում: Թե այս պայմաններում երեխաներն ինչքան ժամանակ են սովորելու, առայժմ հայտնի չէ: Հ. Մարտիրոսյանի խոսքերով` քաղաքաշինության նախարարությունից ստացել են մասնագիտական եզրակացություններ, որոնց համաձայն` պետք է կանգուն մնան միայն հիմնական մասնաշենքի պատերը, իսկ տանիքն ու երկու հարկերի փայտյա հատակները պետք է ամբողջությամբ փոխվեն: Անմխիթար վիճակում է նաեւ տանիքը:
Եթե ձմռանը ուժեղ ձյուն գա, այն փուլ կգա: Դրանից խուսափելու համար դպրոցն իր ուժերով փայտե հենակներով փորձել է որոշակի ամրություն տալ, սակայն դա էլ հարցի լուծում չէ: Անսարք են նաեւ զուգարանները, որտեղ նույնիսկ պատերից է ջուր կաթում:

Տնօրենը հիշում է, որ խորհրդային ժամանակներում ամեն տարի դպրոցները մասնակի վերանորոգվում էին եւ նման խնդիրների առաջ չէին կանգնում: Աշակերտները չեն հիշում, թե վերջին անգամ երբ են ունեցել հարմարավետ աշակերտական սեղան-աթոռ, իսկ տնօրենը չի հիշում գոնե մեկ տարի, որ աշակերտական նստարանները եռակցման միջոցով վերանորոգման չենթարկեն:
«21 տարի է այս դպրոցի տնօրենն եմ ու 21 տարի է եռակցման աշխատանքներ եմ անում, որ սեղան-աթոռները օգտագործման համար պիտանի դառնան: Ինչքա՞ն կարող եմ եռակցել, ֆաներա առնել, որ նստարան, սեղան սարքեմ: Արդեն եռակցումն էլ չի օգնում, անմիջապես պոկվում են»,- ավելացնում է նա:
Այն, որ դպրոցների վերանորոգման համար մաս-մաս տրվող գումարները կարող են անարդյունավետ լինել, գիտեն նաեւ Արմավիրի մարզպետարանում: Մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը տեղեկացրեց, որ այդ հարցով մոտ 2 տարի առաջ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը դիմել է Կառավարությանը, որպեսզի թեկուզ քիչ թվով դպրոցների ֆինանսավորումը տրվի միանգամից: «Կարծես թե Կառավարությունում ընդունել են առաջարկը, եւ այս տարվանից գումարներն ամբողջությամբ կհատկացվեն»,- ավելացրեց Գ. Սայադյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել