
«Սփյուռքահայը այստեղ նույնքան անպաշտպան է, որքան հայաստանցին»
Ինտերնետային ծանոթության միջոցով ծնված սերը այս անգամ հանգրվան գտավ Հայաստանում: Ֆրանսահայ Մարկը եւ Դաղստանում ապրող հայազգի Նադեժդան ծանոթացել են չատի միջոցով: Շփվել են, պարզել, որ ընդհանուր շատ բան ունեն: Որպես առաջին հանդիպման վայր ընտրել են Հայաստանը: Նադեժդան երբեք չէր եղել Հայաստանում, երազանքն էր տեսնել հայրենիքը:
Դաղստանում ապրելով` հայկական երգերի տակ էր քնում, իսկ Մարկը տոլմա էր ուտում Ֆրանսիայում եւ ասում էր` հայ եմ: 2008 թ. Մարկ Ավագյանցը եւ Նադեժդա Իսախանյանը հանդիպում են Հայաստանում, մեկ ամիս շրջում, այցելում Ղարաբաղ: Այնուհետեւ` նշանադրություն, ամուսնություն, եւ նորապսակները տեղափոխվում են Հայաստան` այստեղ ապրելու մտադրությամբ:
Երիտասարդ ամուսինների այս որոշումը ծնողները չեն ողջունում. «Ապագայի մասին մտածելով` եկանք Հայաստան: Այստեղ լրիվ ուրիշ մշակույթ է, մարդիկ շփվում են իրար հետ, զգում են իրենց կյանքը, լսում ես հայերենը: Ֆրանսիայում մարդիկ մեքենայի են վերածվում, աշխատանք, աշխատանք, իսկ այստեղ պայքարում ես, հուսահատվում, հիասթափվում, դժվարություններ հաղթահարում, արդյունքում ուժեղանում ես, ինքնուրույն դառնում, ապրում ես, իսկ Ֆրանսիայում հոգի չկա: Մնալով Ֆրանսիայում կամ այլ երկրում` երեխաներդ հայ չեն մեծանա, ինչ էլ ուզում ես արա»,- ասում է Մարկը:
Մարկի ծնողները Վանից են, Եղեռնից հետո գնացել են Ֆրանսիա: Նադեժդայի հայրական կողմը Տեղ գյուղից է, իսկ մայրական կողմը` Ստեփանակերտից: Մարկը մասնագիտությամբ հաշվապահ է, տնտեսագետ, մարքեթինգի մասնագետ, աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Փարիզի գրասենյակում: Նադեժդան էլ անգլերենի մասնագետ է, Դաղստանում աշակերտներ է ունեցել, մի քանիսն էլ Հայաստանում է ունեցել: Հայաստան տեղափոխվելու առաջին տարին ամենադժվարն է եղել նրանց համար: «Մենք երկու հիմարի էինք նման, որ քայլում էինք Երեւանում, որ թողել էինք էնտեղի կյանքը ու եկել այստեղ»,- հիշում է Նադեժդան:
Մարկը կարծում էր, թե Հայաստան գալով` լավ քայլ է անում, օգուտ կտա, նաեւ` կստանա, մարդիկ ուրախ եւ հպարտ կլինեն` տեսնելով հայրենադարձ սփյուռքահայերի: Ամուսինները սպասում էին ավելի լավ վերաբերմունքի, որը, սակայն, չեն տեսել: «Մենք այս երկու տարիների ընթացքում պետությունից ոչ մի աջակցություն չենք ստացել»,- ասաց Նասեժդան:
«Սփյուռքի նախարարություն կա, լիքը սենյակներ, հաշվեցի` մոտավորապես 17, ամեն սենյակում` 5 աշխատող, բայց ոչինչ չեն անում, բազմիցս գնացել եմ այնտեղ, ոչ մի օգնություն չեմ ստացել: Ինչի՞ համար է բացվել այդ նախարարությունը, եթե սփյուռքահայերին ոչնչով չեն օգնում»,- հարցնում է Մարկը:
Նրանք բազմիցս դիմել են թե աշխատանքի տեղավորման, թե կացավայրի, թե ամուսնությունը գրանցելու, թե հայերեն սովորելու համար, բայց նախարարությունը որեւէ աջակցություն ցույց չի տվել: Ամուսիններին նախարարությունում ասել են, որ իրենք Հայաստանում չեն աշխատում, այլ` սփյուռքում: «Դուք մեզնից աշխատանք եք ուզում, մենք աշխատանքի տեղավորման գործակալություն չենք, ես էլ ասացի` բա ինչի՞ եք ամբողջ աշխարհում հայտարարում, թե եկեք տուն, կօգնենք»,- ասում է Նադյան:
«Հրանուշ Հակոբյանն ամբողջ աշխարհում «Արի տուն» ծրագրի մասին էր ասում. «Եկեք հայրենիք, այնտեղ ձեզ ամեն ինչով կօգնենք», մեզ էլ թվաց, թե, իրոք, այդպես է, էնքան ասաց` արի տուն, արի տուն, մենք էլ եկանք, հետո... ոչինչ»: Հայաստանում երիտասարդ ամուսինները բազմաթիվ դժվարություններ են ունեցել, այժմ էլ ունեն, բայց, միեւնույն է, չեն ցանկանում հեռանալ: Նախեւառաջ` նրանք աշխատանք չունեն, Հայաստան տեղափոխվելուց հետո աշխատել են ոչ իրենց մասնագիտությամբ, Մարկը` բարմեն, Նադյան` մատուցողուհի, հիմա էլ են պատրաստ աշխատել ոչ մասնագիտությամբ:
«Մենք սպասում էինք, թե հայաստանցիները մեզ կդիմավորեն աղուհացով, գրկաբաց, կգնանք եւ կգրավենք Հայաստանը, բայց այդպես չեղավ»,- պատմում է Նադյան:
Եթե աշխատանք ունենան, շատ երջանիկ կլինեն, կկարողանան ապրել այստեղ, երեխաներ ունենալ, հայկական ամուր ընտանիք ստեղծել: «Հայաստանում աշխատանք չկա, իսկ եթե կա էլ, ապա մի քանի տեղ պետք է աշխատես, որ կարողանաս ապրել, քանի որ աշխատավարձը ցածր է»,- ասում է Մարկը:
Նադյան եւ Մարկը բազմիցս փորձել են աշխատանք գտնել, ամենուր հայտարարություններ են փակցրել, բազմաթիվ դպրոցներ գնացել, որ Նադյան ուսուցիչ աշխատի: Նադյայի կարծիքով` Հայաստանում աշխատանք գտնելու համար կամ պետք է ծանոթ ունենալ, կամ` փող:
«Մարդիկ կարծում են, թե մենք սովոր ենք հարմարավետության, չենք ուզում աշխատել, բայց այդպես չէ: Վիրավորական է, որ անարդարությունները այստեղ ես տեսնում` քո Հայաստանում, իսկ դրսում մտածում ես` լավ, էդ քո երկիրը չի, ինչ ուզում են, անում են»,- ասում է Նադյան: Նադեժդային դուր չի գալիս նաեւ այն, որ այստեղ շատ են բամբասում, ուզում են ամեն ինչ իմանալ անձնական կյանքիդ մասին: Նադյան եւ Մարկը միաժամանակ նշում են, որ Հայաստանում եւս կան շատ գործազուրկներ: «Սփյուռքահայը այստեղ նույնքան անպաշտպան է, որքան հայաստանցին: Հայաստանում կան շատ հարուստներ եւ շատ աղքատներ: Հայաստանը տուրիստների համար է, ովքեր ունեն շատ փող, կարող են գալ եւ այցելել տարբեր վայրեր, իսկ այստեղի մարդիկ սոված են»,- ասում է Նադյան:
Նադեժդան ավելի շատ Ղարաբաղն է սիրում, այնտեղ ավելի հարազատ է զգում իրեն, ասում է` այնտեղ մարդիկ ավելի հասարակ են, պարզ, իսկ մայրաքաղաքում այդպես չէ, հոգին կծախեն փողի համար:
«Ամբողջ Երեւանը մի քանի մարդկանց ձեռքում է: Հայաստանում հարստանում են, քիթները ցցում են եւ վերեւից են նայում մյուս հայերին: Նրանք մոռացել են իրենց կրոնը, իրենց նախասկզբնական կերպարը, նրանք հիմա միայն փողով են երդվում»,- ասում է Նադյան:
Հայաստանը սփյուռքահայ ամուսիններին ավելի ճարպիկ, ինքնուրույն է դարձրել. «Այստեղ պետք է ցույց տաս քո ես-ը: Մենք այստեղ ոչ ոքի պետք չենք»,- ասում է Նադյան:
Մեկնաբանել