HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Դպրոցի կաթսայատունը սարքել են, սակայն գազ չկա

«Ֆիզկուլտուրայի դասերը ձմռանը դպրոցի միջանցքում եմ պարապում`խանգարելով մնացածներին, չնայած իմ երեխեքը սովորել են անաղմուկ վազել, արդեն 20 տարի է»,- ասում է Շիրակի մարզի Հառիճի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Շողակաթ Ասոյանը:

Հառիճի միջնակարգ դպրոցը չունի ոչ միայն մարզադահլիճ, այլեւ մարզագույք, բացի ֆուտբոլի գնդակից ու մի քանի դահուկներից: Ֆիզկուլտուրայի դասերին բավարարվում են նախավարժանքով, եթե եղանակը թույլ է տալիս, դրսում ֆուտբոլ են խաղում: Տարածքի փոքրության պատճառով շատ հաճախ գնդակը հայտնվում է ոչ թե «չեղած» դարպասում, այլ որեւէ դասասենյակի կոտրված պատուհանից ներս:

«Հիմա էն մի մասնաշենքի պատուհանները փոխել, եվրոպատուհան են դրել, երեւի տնօրինությունն էլ չթողնի բակում ֆուտբոլ խաղան երեխաները»,-մտահոգվում է ուսուցչուհին: Թեեւ երկրաշարժից գյուղի նախկին դպրոցը չէր վնասվել, այնուամենայնիվ, Արթիկի շրջանային խորհուրդը որոշում էր ընդունել 1966 թ. կառուցված երկհարկանի շենքն այլեւս չօգտագործել:

«Շենքը մասնագետները վթարային հանեցին, պատասխանատուներն էլ որոշեցին քանդել,- ասում է Հառիճի համայնքապետ Ռոլանդ Նազարեթյանը,- ում որ էն ժամանակ վաճառել էին, էդ մարդը մահացավ: Էս վերջերս տղան շենքը քանդեց, որպես շինանյութ վաճառեց: Պանելները չէին կարողանում իրարից պոկել, էնքան որ ամուր էր կառուցած: Արժե՞ր, որ շենքը խոտանեին 90-ականներին, չգիտեմ, բայց էն ժամանակ կառուցապատման առումով Շիրակի մարզում սխալներ շատ եղան»:

Որոշում ընդունողներից մեկն էլ այն ժամանակ Արթիկի շրջխորհրդի գործկոմի նախագահ Պետրոս Մակեյանն էր: Հինը վաճառեցին անհատի, նորը սկսեցին կառուցել ղազախները: Վերջիններիս հեռանալուց հետո գործն ավարտին հասցրին հայ շինարարները: Շահագործման հանձնեցին մեկ հարկանի, առանց սանհանգույցի ու մարզադահլիճի երկմասանոց մի շինություն գյուղի ծայրին, բավական ցածրադիր մի հատվածում: Ու հիմա անձրեւաջրերն ու ձյան հալոցքի ջրերն անարգել հոսում են այդ տարածք` ողողելով շենքի հիմքերը: Դաստիարակության գծով փոխտնօրեն Վագիֆ Սարգսյանը մատնացույց է անում սնկից մաքրած պատերը: Սնկի ու խոնավության պատճառով երկու դասասենյակում քանդել են նաեւ հատակը: Այս տարի այդ դասասենյակները չեն օգտագործելու: Երկու տարի է պետբյուջեի ֆինանսավորմամբ վերանորոգում է ընթանում Հառիճի դպրոցում, բայց ավարտին չի հասնում: Անցած տարի 15 մլն դրամ էին տրամադրել արտաքին ջրագծի, կոյուղագծի ու կաթսայատան կառուցման համար:

«Աշխատանքների առաջնահերթությունը որոշում ենք մենք,- ասում է Հառիճի միջնակարգ դպրոցի տնօրեն Սանասար Հովհաննիսյանը,- 2009-ին որոշվեց էդ աշխատանքներն անել, բայց կաթսայատունը կիսատ մնաց: Այս տարի 21 մլն հատկացրին, որով տանիքի ծածկն է փոխել շինարարը: Աջակողմյան մասնաշենքի դասասենյակներում էլ նոր պատուհաններ են տեղադրել»:

Դպրոցի վերանորոգման աշխատանքների պահանջվող ծավալն ապահովելու համար, սկզբնական հաշվարկներով, պահանջվում էր 106 մլն դրամ: Շինարարը մրցույթը շահել է 96 մլն-ով, որից 36 մլն-ը արդեն իսկ փուլային տարբերակով իրացրել է: «Մեկից փողը չեն տրամադրում, որ աշխատանքն էլ մեկից արվի, մենք էլ բան հասկանանք, իրանք էլ: Փաստորեն, ճգնաժամի պատճառով ինչքան գումար որ էդ պահին հնարավոր է բյուջեից հատկացնել, հատկացնում են, ու վատն էլ էն է, որ գործն էլ է կիսատ-պռատ արվում` կախված գումարի չափից,- ասում է Վագիֆ Սարգսյանը,- օրինակ` կաթսայատունը սարքեցին, բայց դուռ ու լուսամուտ չդրեցին»:

Դպրոցի տնօրենը վստահեցնում է, որ 2011 թ., ի վերջո, կավարտվեն դպրոցի վերանորոգման աշխատանքները: Կունենան նաեւ սանհանգույց, եւ այլեւս հարկ չի լինի օգտվել դրսում կառուցված կիսաքանդ, դռներից զուրկ զուգարանից: Ինչ վերաբերում է սպորտդահլիճին, ապա դրա կառուցման համար դպրոցը պետք է այլ ծրագրերի դիմի: «Մեզ առավել անհանգստացնում է գազիֆիկացման խնդիրը,-մտահոգվում է դպրոցի տնօրենը,- երբ 2004 թ. նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով ուսումնասիրություններ էին կատարվում, Հառիճը դեռ գազիֆիկացված չէր: Հիմա գլխավոր գազատարին միանալու համար 500 մետր խողովակի անցկացման խնդիր ունենք, որը 96 մլն-ի մեջ նախատեսված չէ: Եթե հանկարծ Կառավարությունը չընդառաջի, իսկ մենք դիմել ենք հավելյալ գումարի խնդրով, ապա կաթսայատան կառուցումն ու շենքում ջեռուցման համակարգի անցկացումը դառնում է անիմաստ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter