Ոստիկանության Նոր Նորքի բաժնի տեղամասային տեսուչը կալանավորվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի տեղամասային տեսուչ Ա.Բակունցը: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի տեղամասային տեսուչը, համաձայնության գալով քաղաքացուհի Ա.Մանուկյանի հետ, վերջինիս ծանոթ Ա.Գևորգյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար ստեղծել է կեղծ ապացույցներ՝ արհեստածին հանցանքի կատարման մեջ նրա մեղավորության մասին:
Մասնավորապես, նախաքննության տվյալներով` Ա.Բակունցը, անձամբ ապօրինի ձեռք բերելով խոշոր չափերով՝ 9.55 գրամ քաշով չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց, այն տեղափոխել է Ա.Մանուկյանի բնակարան և վերջինիս միջոցով ձևակերպել, թե իբր, մարիխուանան պատկանում է Ա.Գևորգյանին, իսկ Ա.Մանուկյանի բնակարանից վերցված սառը զենք հանդիսացող դանակը ձևակերպվել է, թե այն հայտնաբերվել է Ա.Գևորգյանի տաբատի գրպանից:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Բակունցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է: Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել