Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է «Լիբենսկի, Բրիխտովա. Քաղաքի ուրվագծերը» ցուցահանդեսը
Այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում բացվել է «Լիբենսկի, Բրիխտովա: Քաղաքի ուրվագծերը» ցուցահանդեսը, չեխ արվեստագետ Յարոսլավա Բրիխտովայի ներկայությամբ: Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի գործերը կազմում են «Գաֆէսճեան» հավաքածուի մասը: «Քաղաքի ուրվագծերը» եռաքանդակը բովանդակային առումով արվեստագետների երբևէ ստեղծած ամենախորը և տպավորիչ գործերից է:
Այն նրանց արձագանքն էր 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժին, որը փլատակների վերածեց Հայաստանի շատ շրջաններ` թողնելով հազարավոր զոհեր: Քանդակները պատկերում են մարդկային տառապանքի ողբերգությունը: Դրանք ավերված գյուղերի և քաղաքների ուրվագծերն են առարկայի և նյութի (շափյուղա ապակի) նուրբ զգացողությամբ և իրականության գրաֆիկական վերապատկերմամբ:
«Երևանում կազմակերպված «Քաղաքի ուրվագծերը» ցուցահանդեսում ներկայացված քանդակներն արտահայտում են մեր կենսագրության բոլոր կարևոր ժամանակահատվածները: Այնպիսի մոտիվներ, ինչպիսիք են, օրինակ, «Գլուխները», ի հայտ էին եկել արդեն մեր 60-ականների աշխատանքներում, սակայն մենք դրանց վերջնական, ամենաուժեղ արտահայտումը տվեցինք 1990-2000թթ. քանդակներում»,- ասել է իր խոսքում Յարոսլավա Բրիխտովան:
Բրիխտովան (ծնվ. 1924 թ.) և Ստանիսլավ Լիբենսկին (1921-2002) վերաիմաստավորել են ապակու կիրառումը: 1948-1968 թթ. ընկած ժամանակահատվածում չեխ արվեստագետները, կենտրոնանալով ապակու նորանոր հնարավորությունների բացահայտման վրա, հետևողականորեն փորձարկում էին այդ շրջանի համար տարբեր ավանգարդ մտահղացումներ: Այս փորձարարությունն արվեստի նոր ուղղությունների հիմք է դնում. մինչ այդ ապակին չէր դիտարկվում որպես արվեստի արտահայտչամիջոց:
«1968 թ.-ից հետո ընկած դժվարին ժամանակաշրջանում մենք զգալի բարոյական, արվեստագիտական և գործնական օգնություն ստացանք ԱՄՆ-ից: Այդ երկրի արվեստագետները և կոլեկցիոներները մեծ հետաքրքրություն ունեին ապակեգործության հանդեպ: Այդ պահից ի վեր մեր համագործակցությունը ԱՄՆ-ի արվեստագետների և կոլեկցիոներների հետ դարձավ մեր աշխատանքի էական, իսկ այնուհետև` նաև որոշիչ մասը»,- նշել է իր խոսքում Յարոսլավա Բրիխտովան:
Սա չեխ արվեստագետ զույգի երկրորդ ցուցադրությունն է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում: Առաջին ցուցահանդեսը` «Լիբենսկի, Բրիխտովա: Հայաստանի համար», բացվել է 2009 թ. նոյեմբերին: Երկու ցուցադրություններն էլ ներկայացնում են «Գաֆէսճեան» հավաքածուի ընդամենը մի փոքր մասը. հավաքածուի մեջ տեղ են գտել զույգի հարյուրից ավելի գործեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել