Ուկրաինացի լրագրողները տեսանյութեր են պատրաստելու ՀՀ-ի եւ Արցախի մասին
Սեպտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ են այցելել ուկրաինացի լրագրողները, ովքեր Հայաստանում են գտնվում Ուկրաինայում ՀՀ դեսպանի նախաձեռնությամբ՝ ՀՀ-ի և Լեռնային Ղարաբաղի մասին տեսանյութեր պատրաստելու նպատակով: Լրագրողները ներկայացնում էին Ուկրաինայի առաջին ալիքը, «Комсомольская правда», «Сегодня» թերթերը, «Зеркало недели», «Profil» ամսագրերը:
Հյուրերին ընդունել է Ազային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:
Հանդիպման ընթացքում գեներալ-մայոր Քոթանջյանը ամփոփ կերպով ներկայացրել է ԼՂՀ ստեղծման և կայացման պատմությունը, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործընթացը և այդ գործընթացում ինստիտուտի դերակատարումը:
Լրագրողներին հիմնականում հետաքրքրում էր, թե ինչպես է Հայաստանին հաջողվել հավասարակշռել իր անվտանգային հարաբերությունները երկկողմ ձևաչափում՝ ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ: Որպես հատկանշական օրինակ է բերվել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության միջգերատեսչական մշակումը: Հ. Քոթանջյանը նշել է, որ միջգերատեսչական մշակման արդյունքում ստեղծված փաստաթուղթը փորձաքննության է ենթարկվել ՌԴ, ԱՄՆ, Եվրոպայի և ՀՀ մասնագիտական կենտրոններում: Համադրելով արևմտյան և արևելյան մեթոդաբանական մոտեցումները՝ հաջողվեց ստեղծել այնպիսի փաստաթուղթ, որն արտացոլում է Հայաստանի անվտանգային շահերը:
Պատասխանելով ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման անհրաժեշտության, տարածաշրջանային անվտանգության ամրապնդման, ԼՂ հակամարտության կարգավորման, պատերազմի վերսկսման հավանականության վերաբերյալ լրագրողների հարցերի` գեներալ-մայոր Հ. Քոթանջյանը նշել է, որ հարևան երկրի բարձր ատյաններից հաճախակի հնչող ռազմական սպառնալիքները չեն բխում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման շահերից: Ընդգծվել է, որ Հայաստանը հետևում է տարածաշրջանային բոլոր գործընթացներին ու անում է համապատասխան քայլեր: Հ. Քոթանջյանը հավաստիացրել է, որ ՀՀ և ԼՂՀ զինված ուժերը մշտապես գտնվում են մարտական բարձր պատրաստության վիճակում և ի զորու են համարժեք պատասխան տալ ցանկացած ագրեսիայի, դիվերսիոն քայլի:
Անդրադառնալով ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման և դրա ժամկետի երկարաձգման հարցին՝ դոկտոր Քոթանջյանը ընդգծել է, որ դրա անհրաժեշտությունը բխում է երկու երկրների ռազմավարական շահերից, և ռազմակայանի տեղակայումը Հայաստանում պետք է դիտարկել հայ-ռուսական երկարամյա համագործակցության համատեքստում:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել