Ի՞նչ է լինելու է ՄԱԿ-ի ԳԱ-ին Ադրբեջանի ներկայացրած բանաձևը

Բանաձևեր ընդունելու հարցում ՄԱԿ-ում այնպիսի կարգ է գործում, որ երկրի համար շատ ավելի հեշտ է քննարկման թեման մտցնել օրակարգ, քան ընդմիշտ հանել օրակարգից: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` անդրադառնալով Ադրբեջանի ներկայացրած «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձևը ՄԱԿ-ի ԳԱ 64-րդ նստաշրջանի օրակարգից հանելուն:
ՄԱԿ-ում բանաձևը կարելի է հետաձգել և մի նստաշրջանից մյուսը տեղափոխել: Բանաձևը հետագայում կարող է և չքննարկեն, սակայն դա` որպես քննարկման թեմա, մնում է: Թեման օրակարգից ընդմիշտ հանելու համար պետք է համոզել Գլխավոր ասամբլեայի բոլոր երկրներին, որոնք շատ տարբեր են:
«Եթե քաղաքական անհրաժեշտությունն և քաղաքական դասավորվածությունն այնպիսին լինի, որ այդ թեման քննարկելը քաղաքականապես աննպատակահարմար լինի, ապա տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ հիմա: Եթե քաղաքական դասավորվածությունը այնպիսին լինի, որ քաղաքականապես նպատակահարմար լինի այն քննարկել, ապա տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ 2008 թ.-ին: Իսրայելն այդ բնույթի (եթե չեմ սխալվում) ավելի քան 200 բանաձև ունի»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա հիշեցրեց, որ քանի դեռ Ադրբեջանը ՄԱԿ-ի ԳԱ օրակարգից չէր հանել «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձևը, հայաստանյան որոշ գործիչներ ասում էին, որ բանաձևը հայկական դիվանագիտության տապալումն է: Իսկ երբ Ադրբեջանը օրակարգից հանեց բանաձևը, այդ նույն գործիչները սկսեցին ասել, թե միևնույն է` դա վատ է Հայաստանի համար: Կամ էլ նույն գործիչները բանաձևի` օրակարգից հանվելուց առաջ ասում էին, որ անգամ եթե բանաձևը ընդունվի, միևնույն է ոչ մի նշանակություն չունի, ինչ ուզում են, թող ընդունեն: Իսկ երբ բանաձևը հանվեց օրակարգից, նույն մարդիկ ասացին, որ սա հայկական դիվանագիտության փայլուն հաղթանակն է:
«Դա նորմալ քաղաքական պահվածք է ներքաղաքական սուբյեկտների միջև, որոնք փոխազդում են իրար վրա»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով` այն, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի ԳԱ օրակարգից հանեց բանաձևը, ոչ թե միջազգային ասպարեզում Հայաստանի աշխատանքի, այլ մեծ տերությունների, հատկապես Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումների համաձայնեցվածության արդյունքն էր: Հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում են ՄԽ շրջանակներում, և Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքերով` բանակցային գործընթացը, իրադրության ցանկացած դասավորման դեպքում, լավ է, անգամ եթե մոտակա ժամանակ համակարտության լուծման հեռանկար չկա: Հետևաբար, պետք է, որ այդ բանակցային գործընթացը շարունակվի:
«Այդ խնդրի քննարկման տեղափոխումը ՄԱԿ-ի հարթակ ավելի շատ կապ ունի Ադրբեջանում գալիք խորհրդարանական ընտրությունների, քան խնդիրը կարգավորելու իրական փորձի հետ: Հետևաբար, մեծ տերությունների համար, որպեսզի որոշ կայունություն լինի, ինչ-որ գործընթաց շարունակվի, դա պետք է անել: 2008 թ. նույնպես այդպես եղավ: Բայց թե մեկ, թե մյուս դեպքում, եթե դու ուզում ես այդ խնդիրը լուծել, կամ գոնե չբարդացնել իրավիճակը, ապա այն պետք է լուծել այն ձևաչափով, որը գոյություն ունի` Մինսկի ձևաչափով, որքան էլ որ այն վատը լինի: Իսկ եթե դու ուզում ես ինչ-որ քարոզչական դիվիդենտներ գտնել, ապա կարելի է հարցը տեղափոխել ՄԱԿ և ուր ասես: Իսկ մեծ տերությունների ինչի՞ն են պետք քարոզչական դիվիդենտներ»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Անհրաժե՞շտ է, որ հայկական կողմը ՄԱԿ-ին հակաադրբեջանական բանաձևեր ներկայացնի, եթե անընդհատ պնդում է, որ հարցը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներից այլ ատյաններ չպետք է տեղափոխվի» հարցին Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց, որ Հայաստանը անշուշտ պետք է ակտիվ աշխատի միջազգային ատյաններում, այդ թվում նաև ՄԱԿ-ում, սակայն պարիտետային պատասխաններ տալ պետք չէ: Նա նշեց, որ 2008 թ. Ադրբեջանին հաջողվեց ՄԱԿ-ում անցկացնել բանաձև, սակայն իրավիճակը ծիծաղելի էր: Քվեարկության իրավունք ունեցող 192 երկրից բանաձևին կողմ քվեարկեց 39-ը: Այս 39-ը երկրից ոչ մեկը կապ չուներ հակամարտության հետ: Դրանց մեծ մասը Իսլամական կոնֆերանսի անդամ-երկրներն էին: ԵՄ անդամ-երկրներից, մեծ տերություններից, Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ոչ մեկը Ադրբեջանի ներկայացրած բանաձևին 2008 թ. կողմ չքվեարկեց: «192-ից 39-ը ի՞նչ արդյունք է: Հայաստանին պե՞տք է նույն բանն անել: Ոչ, պետք չէ: Միջազգային հարթակներում աշխատել պետք է, բայց վարվել այնպես, ինչպես վարվում է Ադրբեջանը, իմ կարծիքով, այնքան էլ ճիշտ չէ, քանի որ վերջին հաշվով այն, թե ինչպես է Ադրբեջանը գործում, պարտություն կրած, նեղացած երկրի քաղաքականություն է»,- կարծում է Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքերով` այն, ինչ անում է Ադրբեջանը, ՄԱԿ-ում անել դժվար չէ: ՄԱԿ-ում ներկայացված են միայն ճանաչված երկրներ, ընդ որում` այդ երկրները անվանվում են ճանաչված, քանի որ ՄԱԿ-ում են ներկայացված: ՄԱԿ-ում կան շատ երկրներ, որոնք ունեն նմանատիպ խնդիրներ, ինչ Ադրբեջանը (այդ երկրներում ևս կան տարածքներ, որոնք ցանկանում են ինքնորոշվել): Այդ պատճառով Ադրբեջանի համար ավելի հեշտ է փախստականների խնդիրը քննարկման դնել և բանաձևի վերածել, քան Հայաստանի համար` հակազդել նման բանաձևի: «Կա տարածք, որը միջազգայնորեն համարվում է Ադրբեջանի մաս, բայց Ադրբեջանի կողմից չի վերահսկվում: Այդ տարածքի վրա չի իրականացվում Ադրբեջանի իշխանությունը: Այդ տարածքի վրա ուրիշ իշխանություն է իրականացվում: Այդ ուրիշին չեն ճանաչում որպես ճանաչված երկիր: Պատերազմ է եղել, և Ադրբեջանի տարածքում այդ տարածքից փախստականներ կան: Սա այն է, ինչ ճանաչված երկրի համար համեմատաբար հեշտ է առաջ քաշել ճանաչված երկրների «ակումբում»: Ղարաբաղը չճանաչված երկիր է: Նա և նման այլ չճանաչված երկրներ ՄԱԿ-ում չկան: Եթե ՄԱԿ-ում լինեին Աբխազիան, Հարավային Օսեթիան, Քաշմիրը…»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը: Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ կա Հայաստան, ու կան հայ փախստականներ` Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ հայ փախստականների խնդիրը պետք է առաջ քաշել տարբեր միջազգային հարթակներում: Օրինակ` կա ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն կոմիսարիատի վարչություն, բայց այնտեղ հարցեր առաջ քաշելն այնքան շահեկան չէ, որքան Գլխավոր ասամբլեայում:
«Ախր Ադրբեջանը քարոզչական նպատակներ ունի: Ադրբեջանը այդ բանաձևի օգնությամբ իր փախստականների խնդիրը լուծել չի կարող: Եթե այդ բանաձևն ընդունվեր, խորհրդատվական նշանակություն էր ունենալու: ՄԱԿ-ից ոչ ոք այդ մարդկանց Ղարաբաղ հետ բերել և այնտեղ ստիպողաբար բնակեցնել երբեք չի կարող»,- ասաց Կովկասի ինստիտուտի տնօրենը: Նա մինչև դեկտեմբեր` Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը, Արցախի հարցի կտրուկ լուծում ակնկալելու ոչ մի հիմք չի տեսնում: Նրա խոսքերով` Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը շատ բան կփոխի Հայաստանի ներքաղաքական կյանքում, բայց Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում ոչինչ չի փոխի: Օրինակ` Ադրբեջանը, ԱՄՆ-ն կամ այլ երկրներ իրենց դիրքորոշումը չեն փոխի, և Հայաստանի դիրքերը արտաքին աշխարհում այդ իմաստով չեն ամրանա: Թուրքիան էլ վաղուց ճանաչել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը, սակայն ուրիշ ոչ մի երկիր Հյուսիսային Կիպրոսը չի ճանաչել: Լրագրողներից մեկը հարցրեց, թե արդյոք ՀՀ-ն կարող է, Արցախի ճանաչմանը հասնելու նպատակով, իր դիվանագիտական աշխատանքներն ուժեղացնել այն երկրներում, որոնք անմիջական առնչություն ու շահ չունեն Ադրբեջանից, օրինակ Չինաստանում: Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ Հայաստանի և հայկական լոբբիի ուժն այնքան էլ չի բավականացնի` անել այնպես, որ Տիբեթյան պրոբլեմ ունեցող և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող Չինաստանի դիրքորոշման մեջ այդքան հեղափոխական բեկում մտնի` ԼՂՀ հարցի վերաբերյալ: «Ինձ չի թվում, որ ընդհանրապես հնարավոր չէ անել այնպես, որ որոշ պետություններ ճանաչեն: Աշխարհում կան պետություններ, որոշ ծախում են իրենց կողմից այլ երկրների ճանաչումը. եթե նրանց 50 մլն տաս, ինչ-որ բան կճանաչեն»,- ասաց բանախոսը: Ուստի, նրա խոսքերով` նմանատիպ երկրների կողմից Արցախի ճանաչումը տեսականորեն հնարավոր է, եթե Հայաստանը լարի իր ողջ արտաքին քաղաքականությունը, և հայկական լոբբին երկար տարիներ աշխատի այդ ուղղությամբ:
«Ենթադրենք` դա տեղի ունեցավ 2-5 փոքր, հակամարտությունից հեռու գտնվող, լուրջ քաղաքականության մեջ ոչ մի դեր չունեցող երկրում: Նույն բանն է լինելու. դա ոչինչ չի փոխի: Ռեալ իրավիճակը կփոխվի, եթե ԼՂ-ն ճանաչի ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, ԵՄ-ի երկրները, իսկապես մեծ տերությունները: Ինձ թվում է, որ դա հնարավոր չէ անել: Ուստի, չեմ կարծում, որ ճանաչումը այն ճանապարհն է, որով գնալով` Ադրբեջանին կարելի է ստիպել ճանաչել Լեռնային Ղարաբաղը»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել