Հունական «Անզոր հուշարձաններ» եւ բրիտանական «Նոր գույներ» նախագծերը` 7-րդ Բիենալեի շրջանակներում
Հունաստանի Սալոնիկ քաղաքում հարյուրամյակների ընթացքում մարդասպանության հարյուրավոր դեպքերի անմշակ տվյալների ընդգրկուն հավաքածուի մի մասի շնորհանդեսը Բիենալեի 2-րդ օրվա առաջին միջոցառումն էր:
«Անզոր հուշարձաններ» նախագծի համադրող Մարիա Ցանցանօղլուն տեղեկացրեց, որ հավաքածուի կազմում ընդգրկված են ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր ոլորտները ծածկող քրեական դեպքեր, որոնց մի մասն ունեցել են պատմական նշանակություն եւ մեծ ազդեցություն են թողել կոլեկտիվ հիշողության վրա:
Պահոցը բաղկացած է ինստիտուցիոնալ արձանագրություններից, օրենսդրական փաստաթղթերից, մամուլի նյութերից, ինչպես նաեւ հանցագործությունների վայրերի տեղագրական վավերագրերից: Ինչպես նշեցին նախագծի մասնակիցները, ծավալուն հետազոտություն է տարվել` նույնականացնելու եւ ներկայացնելու համար քաղաքային ենթակառույցի գործունեությունից ծավալվող միջադեպերի շղթան, որ ենթադրում է նման հանցագործություն:
«Սթիլ» պատկերասրահում Բիենալեի մասնակիցները օրվա երկրորդ կեսին ծանոթացան բրիտանացի ժամանակակից արվեստի ներկայացուցիչների գործերի ցուցադրությանը: Բրիտանական արվեստի հայտնի դեմքեր Անգուսթ Ֆեյրհըրսթի, Պատրիկ Քաուլֆիլդի, սըր Հովարդ Հոդգքինի եւ «Թեյթ» պատկերասրահի ամենամյա «Թերներ» մրցանակաբաշխության տարբեր տարիների մրցանակակիր այլ արվեստագործների ստեղծագործություններն էին ընդգրկված «Տեսնել գույնով» նախագծում:
Աշխատանքներն ընտրվել էին Բրիտանական խորհրդի հավաքածուից: 31 լիտոգրաֆիական եւ մետաքսային տպագրության աշխատանքներ` ստեղծված 1960-2007թթ-ին: «Մենք ուրախ ենք, որ այս անգամ եւս հնարավորություն ունեցանք մասնակցելու Գյումրիի Բիենալեին,-բացմանը նշեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը,-ես հիշեցի 2008թ-ի Բիենալեն, որտեղ հանդիպեցի շատ տաղանդավոր նկարիչների:
Երկու տարի առաջ մենք չունեինք բրիտանացի նկարիչների գործեր, որ հնարավոր լիներ ներկայացնել, սակայն մենք կարողացանք թուրք ուսանողների մասնակցություն ապահովել 6-րդ Բիենալեին: Այս տարի մենք ունենք բրիտանական ներկայացուցիչներ, որը կրկնակի ուրախալի է դարձնում մեր մասնակցությունը Բիենալեին»:
Ժամանակաից արվեստի երկրպագու Չարլզ Լոնսդեյլը նկատեց, որ սովորաբար արվեստի այս տեսակը չեն ընդունում մարդիկ, ովքեր չեն հասկանում այն, բայց դա եւս ունի իր դրական կողմը: Մարդիկ սկսում են խոսել այդ մասին ու դա նույնպես ձեռքբերում է: Պարոն Լոնսդեյլը հույս հայտնեց, որ դեսպանատան աջակցությամբ Գյումրիի 7-րդ միջազգային Բիենալիեին ներկայացված հավաքածուն դուր կգա ոչ միայն միջոցառման մասնակիցներին, այլեւ այն բոլոր այցելուներին, ովքեր մինչեւ սեպտեմբերի 15-ը կայցելեն «Սթիլ» պատկերասրահ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել