HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Մշակութային ապագաղութացման հարցը

Նախկին սոցիալիստական ճամբարի երկրներին վերագրվող «անցումային» պիտակն աստիճանաբար կորցնում է իր նշանակությունը։ Ետսոցիալիստական հասարակությունների «անցումային» բարդությունները, ի թիվս այլ պատճառների, ստիպեցին ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ հասարակությունների ոչ հեռավոր անցյալին, նրանց վրա սոցիալիստական ժառանգության շարունակվող ազդեցությանը։

Ժառանգություն, որն ամենատարբեր ձեւերով որոշում է այդ հասարակությունների ներկա զարգացման ուղիները։ Ավելին՝ վերջին տարիներին նկատվում են խորհրդային (ռուսական) կայսրությունը վերականգնելու ակնհայտ նշաններ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, հստակ է Ռուսաստանի քաղաքական եւ տնտեսական ազդեցության աճը։ Սակայն նախկին խորհրդային երկրներում ռուսական վերահսկողությունը մեծացնելու քաղաքականությունը բախվում է մի նորահայտ դժվարության։ Ընդունելով հանդերձ Հայաստանում ռուսական մշակույթի տիրապետող նշանակությունը, այդուհանդերձ, կարող ենք արձանագրել, որ այդ տիրապետությունն արդեն անվիճելի չէ։ Մշակութային գլոբալացումն աստիճանաբար հնարավոր է դարձնում ռուսական միջնորդությունը շրջանցող տարատեսակ ազդեցություններ, եւ այլեւս չի կարող խոսք լինել ռուսերեն լեզվի եւ ռուսական մշակույթի ներկայության նախկին մասշտաբների մասին։

Այս միտումը կարող է ստեղծել պատրանք, թե ռուսական-խորհրդային մշակութային իշխանությունն ինքն իրեն կամաց-կամաց կանհետանա։ Բայց սա խաբուսիկ տպավորություն է։ Մշակութային ապագաղութացման հարցը մնում է օրակարգում՝ պահանջելով մասնավորապես քննադատական վերլուծությունն այն եղանակների, որոնցով այդ իշխանությունն արմատացվել եւ դարձվել է հաճախ աննկատելի, ինքնին հասկանալի մի բան։

Էդվարդ Սայիդը սահմանում է Օրիենտալիզմը (բառին տալով նոր իմաստ) որպես մշակութային իշխանության ձեւ, որի մեջ մասնավորապես մտնում է ինչ-որ բան որոշակի ձեւով պատկերելու կամ ներկայացնելու իշխանությունը։ Այդպես Եվրոպան կառուցել է «Արեւելքի» ստերեոտիպային պատկերը։ Նա գրում է. «Օրիենտալիզմը կարող է քննարկվել եւ վերլուծվել որպես տարբեր բաղադրիչներ միավորող մի հաստատություն, որի նպատակը Արեւելքի հետ հարաբերվելն է։ Հարաբերվել Արեւելքի հետ՝ կատարելով պնդումներ եւ լիազորելով կարծիքներ նրա մասին, նկարագրելով եւ ուսուցանելով այն, բնակեցնելով եւ իշխելով նրա վրա. կարճ ասած՝ Օրիենտալիզմը որպես Արեւելքը տիրապետելու, վերակառուցելու եւ Արեւելքի վրա իշխանություն ունենալու արեւմտյան ոճ… Իմ պնդումն այն է, որ առանց քննության առնելու Օրիենտալիզմը որպես դիսկուրս, ըստ երեւույթին, անկարելի է հասկանալ ծայրահեղորեն կարգաբերված այս բնագավառը, որով եվրոպական մշակույթն ի վիճակի եղավ կառավարելու եւ նույնիսկ ստեղծելու Արեւելքը ետ-Լուսավորության դարաշրջանում քաղաքականապես, սոցիոլոգիապես, ռազմականորեն, գաղափարաբանորեն, գիտականորեն եւ երեւակայորեն»։

Այս հասկացությունը թույլ է տալիս քննության առնել մշակութային տիրապետության հարցը ռուսական եւ խորհրդային կայսրություններում, խոսք բացել մի բանի մասին, որ կարելի է անվանել ռուսական-խորհրդային Օրիենտալիզմ։

Ռուսական եւ Խորհրդային կայսրությունները

Այսօր գիտական բանավեճի առարկա չէ այն հարցը, թե արդյո՞ք Ռուսական եւ Խորհրդային կայսրությունների ազգերը գաղութացված էին, այլ՝ թե որո՞նք էին այդ կայսրությունների առանձնահատկությունները եւ ինչպե՞ս նկարագրել այդ գաղութատիրությունը (եւ համապատասխանաբար՝ մշակութային գերիշխանությունը)՝ արեւմտյան գաղութային տիրապետության «դասական» ձեւերից իրենց տարբերությամբ հանդերձ։

Խոսելով առանձնահատկությունների մասին՝ առաջին հերթին պետք է նշել Արեւմուտքի նկատմամբ սեփական ստորադասության գիտակցությունը, որ բնորոշ էր թե Ռուսական, թե Խորհրդային կայսրություններին։ Հիմնական պատճառը Ռուսաստանի, ապա Խորհրդային Միության (ԽՄ) կողմից որդեգրված արեւմտյան գաղափարները, զարգացման արեւմտյան մոդելներն էին. արդիականացում, արդյունաբերացում, Լուսավորություն եւ այլն։ 19-րդ դարում ռուսները ստիպված էին հարմարվել ազգության մասին Եվրոպայում առաջ եկող նոր գաղափարներին՝ մասնավորապես «շարադրելով կայսրության եւ նրա նախորդների պատմությունը որպես ռուս ազգի պատմություն։ Ձգտելով դառնալ, ընդունվել որպես «եվրոպացիներ»` ռուսները կառուցեցին իրենց պատմությունը (եւ վերասահմանեցին Արեւելքի հետ իրենց փոխհարաբերությունները)՝ կիրառելով Արեւմուտքից փոխառված հղացքներ։ «Եվրոպայի» եւ Ռուսաստանի փոխհարաբերությունների մասին «Սլավյանոֆիլ-զապադնիկ» բանավեճը նույնպես վարվում էր մի լեզվով, որը որդեգրվել էր նույն «Եվրոպայից» (Ա. Քափելեր)։

Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ երկու կայսրություններն էլ չկարողացան լուծել «Ռուսական հարցը»՝ ամենակարեւոր ազգային հարցը. Ռուսաստանը չդարձավ ազգային պետություն։ Կայսրության փլուզման գլխավոր գործոնը թե՛ 1917-ին, թե՛ 1991-ին կոնֆլիկտն էր կայսերական պետության եւ առաջ եկող ռուս ազգի կամ «հասարակության» միջեւ։ Ոչ ոք չգիտեր, թե որտեղ է վերջանում Ռուսաստանը եւ որտեղ սկսվում կայսրությունը։ Ինչպես նկատում է հետազոտողներից մեկը. «Բրիտանիան ուներ կայսրություն, իսկ Ռուսաստանը է՛ր կայսրություն»։ Այստեղ դեր էր խաղում նաեւ Ռուսաստանի անմիջական ցամաքային հարեւանությունը գաղութացված տարածքների հետ։ Դրանք անդրծովյան տարածքներ չէին՝ բրիտանական գաղութների նման։

Տարբեր հետազոտողներ տարբեր ձեւերով ընդգծում են հետեւյալ միտքը. մի անգամ ձեւավորված պետական կառույցը՝ իր տարատեսակ ինստիտուտներով հանդերձ, հետագայում մեծ դժվարությամբ է ենթարկվում փոփոխությունների։ Խորհրդային կայսրությունից ժառանգված ինստիտուտները մարմնացնում են կայսերական վերահսկողության ձեւերը, «ուստի այդ ժառանգությունը հաղթահարելու ցանկացած փորձ պետք է սկսվի այն առանձնահատուկ ձեւերի ըմբռնմամբ, որոնցով Խորհրդային կայսրություն-պետությունը ինստիտուցիոնալացրել էր տիրապետությունը իր ողջ տարածքում»։ Այսպիսով, կարելի է խոսել «խորհրդային ետգաղութային պետության» մասին, կառույցների, սահմանափակությունների եւ մտածողության ու վարքի ամրակայված ձեւերի մի հզոր բազմության մասին, որն ամենայն հավանականությամբ կպայմանավորի ետխորհրդային երկրների քաղաքականությունները գալիք տարիներին։

Խորհրդային ազգային քաղաքականությունը

ԽՄ-ում ռուս եւ այլ ազգերի հարաբերությունները հիմնականում նման էին Ռուսական կայսրությունում եղածին։ Հակառակ նրա, որ խորհրդային ազգերի տնտեսական եւ մշակութային առաջընթացը, ազգային գիտակցության եւ ազգային մշակույթների «ծաղկումը» զուտ հռետորություն չէին (հատկապես 1960-ականներից սկսած), այդուհանդերձ, այդ ամենը պիտի տաներ ազգերի անխուսափելի «միաձուլման»։ ԽՄ-ում նույնպես գերիշխում էր ենթադրությունը, թե ռուսական մշակույթը եւ լեզուն գերազանցում են մյուս ազգերի լեզուն եւ մշակույթը։ Ցարական կայսրությունում երբեք այդպիսի համակարգված ռուսիֆիկացում չէր իրականացվել, ինչպես ԽՄ-ում, որտեղ ռուս ժողովրդի գերազանցությունը ձեւակերպված էր փոխհարաբերությունների «ավագ եղբայր — կրտսեր եղբայրներ» մոդելով։ «Խորհրդային ժողովրդի» պաշտոնական նկարագրությունը համապատասխանում էր Արեւմուտքում ընդունված քաղաքական կամ քաղաքացիական ազգի սահմանմանը. «Խորհրդային իշխանությունը ԽՄ-ի ժողովուրդներին դարձնում էր ազգ՝ սահմանված քաղաքականապես եւ գաղափարաբանորեն, այլ ոչ թե՝ էթնիկապես» (Դ. Ուստրիալով)։

Խորհրդային ազգերի եւ ազգությունների ակնկալվող միաձուլման նախադրյալներից էին խորհրդային մարդկանց բարձր կրթական մակարդակը, որտեղ ռուսերենը բոլոր ժողովուրդների համար շփման ընդհանուր լեզու էր, բոլոր ազգությունների ու տարածաշրջանների հավասար տնտեսական առաջընթացը, բնակչության շարժունությունը եւ այլն։ Սա Խորհրդային կայսրությունը բնութագրող մյուս կարեւորագույն առանձնահատկությունն էր. չկար այն անհաղթահարելի ջրբաժան գիծը, որն արեւմտյան կայսրություններում բաժանում էր գաղութացնողին գաղութացվածից։ Էթնիկական ինքնության նկատմամբ գործադրվող սահմանափակությունների հետ միասին, ի տարբերություն դասական գաղութային համակարգերի, խորհրդային ազգերին տրված էին մասնակցության եւ առաջադիմության իսկական հնարավորություններ՝ լոյալության եւ մասնակի ասիմիլացման գնով։ Միաժամանակ օժանդակվում էին էթնիկական սահմանները զանցող շփումները տարբեր մասնագիտական հանրությունների (գրողներ, գիտնականներ եւ այլն) շրջանում՝ ձգտելով ստեղծել վերէթնիկական համերաշխության ձեւեր։

Նմանօրինակ քաղաքականությունների իրականացման մեջ կարեւոր դեր էր վերապահված բնիկ էլիտաներին։ Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ խորհրդային իշխանության իրականացրած համատարած կոլեկտիվացումը (եւ դրան զուգահեռ՝ արդյունաբերացումը եւ ուրբանացումը, իսկ 1960-ականներին՝ արդյունաբերացման երկրորդ ալիքը) թույլ տվեց կտրել խորհրդային ժողովուրդներին, որոնք բոլորն էլ գյուղական ժողովուրդներ էին, իրենց ավանդությունից։ Միաժամանակ քանդվեցին կամ ոչնչացվեցին ավանդական տեղային էլիտաները, որից հետո խորհրդային համակարգը կրթեց-հավաքագրեց պրոֆեսիոնալների եւ մտավորականների նոր բնիկ էլիտաներ, որոնք պատրաստ էին համագործակցության՝ որոշակի պարգեւների եւ հնարավորությունների դիմաց։ Նրանք, կապված լինելով պաշտոնական հաստատություններին եւ իրենց տրամադրության տակ ունենալով վարչական-քաղաքական ապարատը, հակված էին ավելի շուտ իրենց պահանջները ձեւակերպել եւ նպատակներին (այդ թվում՝ ազգային) հասնել խորհրդային համակարգի ներսում, քան ձգտել անջատման։

Ըստ Էտյեն Բալիբարի՝ ազգերի պատմությունը միշտ երեւութանում է մեզ պատումի տեսքով, որն ազգերին վերագրում է սյուժետային կապակցվածություն։ Ազգի ձեւավորումը միշտ ներկայանում է մի ինչ-որ նախնական «նախագծի» իրագործման տեսքով՝ որպես ազգային ինքնության շարունակական բացահայտում։ Նրա կարծիքով` նման պատկերացումը հետահայաց պատրանք է, որն ունի երկու կողմ՝ նախագիծը (ազգի ձեւավորման ողջ ընթացքում սերնդեսերունդ փոխանցվում է մի որոշ անփոփոխ սուբստանցիա) եւ ճակատագիրը (յուրաքանչյուր սերունդ իրեն ընդունում է որպես նախընթաց զարգացման ավարտ՝ համարելով, որ այդ զարգացումը կատարվում է միակ հնարավոր ճանապարհով)։ Մեզ հատկապես կհետաքրքրի Բալիբարի այն միտքը, թե այդ հետահայաց պատրանքի մեջ անխուսափելիորեն դրսեւորվում են տվյալ ժամանակի վճռորոշ ինստիտուցիոնալ իրողությունները։ Օրինակ՝ վերը տեսանք, որ ռուս ազգի պատմության շարադրումը, ազգային ինքնության հղացումը մի խումբ արդիական հրամայականների արդյունք էր։ Նման ձեւով՝ հիմնավորված է թվում վերլուծաբանների այն պնդումը, թե հատկապես 1960-ականներին մի խումբ խորհրդային ազգերի դրսեւորած ազգայնականությունը ոչ թե մինչխորհրդային ժամանակի մնացորդ էր, այլ խորհրդային արդիականացման նախագծի ընթացքում ծնված մի բան (թեեւ, ակնհայտորեն, այդ նախագծի կողմից չնախատեսված), ազգայնականության որակապես նոր ձեւի առաջացում եւ զարգացում։ Այս տարիներին նոր սերնդի առաջին շփումն էթնիկական ավանդության հետ անխուսափելիորեն տեղի էր ունենում հենց այդպիսի ազգային-խորհրդային հիբրիդի տեսքով։ Ուստի ազգերի միաձուլման խորհրդային նախագծի ձախողումը չի նշանակում, թե կարելի է թերագնահատել այս հիբրիդացման ընթացքի հետեւանքները եւ դրանց դերը ետխորհրդային հասարակությունների կյանքում։

Ռուսական-խորհրդային Օրիենտալիզմ

Եթե ամփոփենք այս առնչությամբ վերն ասվածը, կստացվի հետեւյալը։ Ռուսական եւ Խորհրդային կայսրություններին բնորոշ էր Արեւմուտքի նկատմամբ սեփական ստորադասության գիտակցությունը, որը նոր ժամանակի եվրոպական գաղափարներ որդեգրելու, ռուսական ինքնությունը ժամանակի եվրոպական լեզվով սահմանելու արդյունք էր։ Այս դիրքորոշման մյուս կողմը ռուսների՝ սեփական գերազանցության զգացողությունն էր Արեւելքի եւ մասնավորապես Ռուսական կայսրության արեւելյան (եւ հարավային) ժողովուրդների նկատմամբ, որոնց սկսեցին նայել Արեւմուտքի աչքերով։ Միեւնույն ժամանակ, խորհրդային կայսրության ազգերին տրված էր հավասարության հնարավորություն, որի գինը միաձուլման հեռանկարն էր։ 

Անդրադառնանք հետազոտողների կատարած բնորոշումներից եւ դիտարկումներից եւս մի քանիսին, որոնք պարզաբանում են Ռուսական կայսրության եւ գաղութատիրության որոշ բնութագրական կողմեր եւ ռուսական եւ խորհրդային Օրիենտալիզմի մասին մտածելու հող տրամադրում։ Ռուսական մշակույթի վերը նկարագրված երկդիմությունը՝ ստորադասությունը (Արեւմուտքի նկատմամբ) եւ գերազանցությունը (Արեւելքի նկատմամբ), թելադրում էր մի մոտեցում, որը «պրոպագանդում էր Ռուսաստանի պատկերը` որպես միջնորդի Արեւելքի եւ Արեւմուտքի քաղաքակրթությունների միջեւ, որպես թարգմանության մշակույթի օրինակի» (Ա. Ուաչթել)։

Ռուսական գրականության եւ գաղութատիրության փոխհարաբերություններին նվիրված աշխատության մեջ Եւա Թոմփսոնը գրում է, որ «Ռուսաստանը ներգրավված էր մի նախաձեռնության մեջ՝ մշակելու այնպիսի պատմություն, որը մասնակի հակադրության մեջ է, մի կողմից` Արեւմուտքի ստեղծած պատմությանը, իսկ մյուս կողմից՝ այն ժողովուրդների ջանքերով իրագործված պատմությանը, որոնց գաղութացրել էր Ռուսաստանը։ Այս բանն անելով` Ռուսաստանը հաջողությամբ սեփական պատումի (նարատիվի) հատվածներ էր վերագրել արեւմտյան պատումին` կամ միախառնելով երկուսը, կամ էլ ներածելով սեփական ձայնը որպես մի տեսակ համընդհանուր ճանաչում գտած մեկնաբանություն կամ ծանոթագրություն։ Հետնամուտքով արեւմտյան դիսկուրսի մեջ մտնելը, այսպես ասած, ուժեղացնում էր Ռուսաստանի` որպես երրորդ ձայնի անտեսանելիությունը»։

Արեւմտյան արդիությունը արեւելք ներմուծելու «թարգմանական» առաքելությունը, փաստորեն, սահմանում էր ռուսական արդիականությունը՝ միաժամանակ թույլ տալով ձեւավորել եւ արտահանել արդի աշխարհի ռուսական պատկերը։ Այսպիսով, ռուսական գաղութների, իսկ այնուհետեւ էլ՝ խորհրդային ազգերի նկատմամբ կայսրության վերաբերմունքի, նրանց տիրապետելու եւ իշխանությունը պահպանելու եղանակների մեջ ակներեւ են Օրիենտալիզմի տարրեր, որոնց ամբողջությունը նախնական մոտեցմամբ կարելի է անվանել «թարգմանված» կամ «երկրորդ ձեռք» կամ պարզապես ռուսական-խորհրդային Օրիենտալիզմ։

Եթե հիշենք, օրինակ, որ 19-րդ դարի առաջին կեսին շատերը պարսկական տիրապետությունից արեւելահայության ազատագրվելու եւ արեւմտյան արդիականացման ընթացքին առնչվելու միակ հնարավորությունը կապում էին Ռուսաստանի հետ, ապա կարելի է եզրակացնել, որ Արեւելյան Հայաստանի արդիականացման գաղափարը սկզբից եւեթ ծնվել եւ մարմին է առել ռուսական միջնորդական առաքելության տրամադրած շրջանակում, որպես ռուսահայ, իսկ այնուհետեւ՝ խորհրդահայ նախագիծ։

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter