HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոմիկ Վարդանյան

Մշակութային օրագրություն

Սեպտեմբերը թերևս կարելի է համարել Հայաստանի մշակութային տարվա ամենահագեցած ամիսը: Երբ աշունը սկսում է մի քիչ զգացնել իրեն, քամին ու հովը ավելանալուն պես, նկատվում է նաև, որ Երևանը և մարզերը վերածվում են ցուցադրավայրերի և ստեղծագործական տարածքների: Արվեստ Մշակութային աշնան կիզակետը Գյումրիում էր, որտեղ այս օրերին անցկացվում է միջազգային բիենալե: Բիենալեի կազմակերպումը մշակութային երկրորդ քաղաքում, այնքան էլ միջազգային չէ այս անգամ, անգամ տեղական մակարդակով էլ չի անցկացվում: Կազմակերպիչները նման զուսպ միջազգային բիենալեի կազմակերպումը բացատրում են զրոյական բյուջեով` պատճառաբանելով, որ հրաժարվել են պետական աջակցության լումաներից, չեն փորձել նաև դոնորային ֆինանսավորմամբ լրացնել պետական աջակցության բացակայությունը և հավուր պատշաճի կազմակերպել միջազգային բիենալեն, որը տարիներ առաջ մի այնպիսի բարձր նշաձող էր ընտրել իր համար, որ տպավորություն էր ստեղծվում, թե հնարավոր է, որ մի քանի տարի հետո այն դառնա ժամանակակից արվեստի Հայաստանի գլխավոր այցեքարտը: Իհարկե, խոսակցություններ կան, որ այս բիենալեի ոչ բավարար կազմակերպվածությանը ոչ այնքան ֆինանսների բացակայության հետևանք է, որքան կազմակերպիչների ներքին տարաձայնությունների ուղղակի արտահայտություն, որը շարունակում է մնալ բամբասանքների մակարդակի: Թե ինչ է կատարվել իրականում, «Հետքը» կպարզի առաջիկայում, բայց բիենալեի սպասելիքներն այս տարի ի վերուստ չեն արդարացնում ոչ մշակութային պետական քաղաքականության պատասխանատուներին, և ոչ էլ ժամանակակից արվեստի ջատագով նվիրյալներին: Սեպտեմբերին մայրաքաղաքում մի քանի կարևորագույն ցուցահանդես է բացվել, որ կարելի է այցելել. Առաջինը բացվել է սեպտեմբերի 3-ին` ՀՀ նկարիչների միության երկրորդ հարկի ցուցասրահում (համադրող` Շահեն Խաչատրյան), երկրորդը` Ժամանակակից արվեստի թանգարանում: Նկարիչների միությունը հյուրընկալել է «60-ականների մոհիկան» Քնարիկ Ավետիսյանին, իսկ Ժամանակակից արվեստի թանգարանը` «60-ականների» ամենաազատ ու բացառիկ խռովահույզ երևույթ Հենրի Էլիբեկյանին: Գաֆէսչեան արվեստի կենտրոնում էլ բացվել է Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի «Քաղաքի ուրվագծերը» ցուցահանդեսը: Կինո Երևանում ընթանում է «Ոսկե ծիրան»-ից բավականին ուշ ստեղծված, սակայն հայաստանյան խոշորագույն կինոփառատոններից մեկը` «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն երկրորդ փառատոնը, որն իր բնույթով կարծես բացառիկ նշանակություն ունի երևանաբնակ հանդիսատեսի համար, քանի որ ընտրված ֆիլմերը հնարավորություն են տալիս դիտել համաշխարհային անիմացիայի կարևորագույն գլուխգործոցները: Փառատոնը բացառիկ է ոչ միայն ֆիլմերի ընտրությամբ, այլև այն նպատակով, որը հիմնադիրները դրել են իրենց առջև` Հայաստանում զարգացնել անիմացիայի տեղական ոլորտը և այն միջազգային շուկա արտահանել: Սակայն նկատելի է, որ մշակութային արդյունաբերության փառատոնային այս գործիքը կիրառվում է առանց հավուր պատշաճի իրազեկման, ինչը ցայտնոտային իրավիճակի հետևանք է` չնայած փառատոնի տեղեկատվական կենտրոնում ամեն ինչ հնարավոր է գտնել` ի տարբերություն Գյումրու բիենալեի: Կազմակերպիչները կարծում են, որ հայ հանդիսատեսը փառատոնի միջոցով Հայաստան ժամանած հյուրերի հետ հանդիպումների նկատմամբ ցուցաբերում է կատարյալ անտարբերություն: Մինչդեռ Փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին յուրօրինակ համեմատություններ է անում. ասում է, որ փառատոնի հյուրերին հանդիպելու համար, օտարերկրացիներ են գալիս Հայաստան: «Մոսկվա» կինոթատրոնը այս օրերին մարդաշատ է. սակայն փառատոնը չէ գլխավոր պատճառը: Սեպտեմբերյան կինոյում տոմսարկղերի մոտ հերթեր է գոյացրել «Խաչագողի հիշատակարանը» չափազանց շատ գովազդված հայկական ոչ որակյալ կինոն: Թատրոն Մայրաքաղաքային թատերական ազդագրերը ամսվա սկզբին ցավալիորեն պատրաստ չէին: Պատճառը նոր թատերաշրջանի բացումն էր, ինչը ենթադրում է, որ հանդիսատեսին կարելի էր իրազեկել ավելի վաղ: Սակայն, այս խնդիրը միշտ էլ կա Հայաստանում: Մինչդեռ թատրոնի մարդիկ հաճախ բողոքում են, թե հայ հանդիսատեսը կտրվել է թատրոնից` անտեսելով այս հանգամանքը, որն իր նպաստն է բերում թատրոն-հասարակություն անջրպետի մեծացմանը: Համեմետության համար նշենք, որ հետխորդային Ռուսաստանի թատրոնի խաղացանկերը հասանելի են երեք ամիս առաջ ու չնչին փոփոխությունների են ենթարկվում` ի տարբերություն հայաստանյան թատրոնների: Թատերական սեպտեմբերը, բացի նոր թատերաշրջանի բացումից, փառատոնային իրադարձություն էլ կունենա. սեպտեմբերի 15-ին կմեկնարկի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը: Երաժշտություն Ինչ է մնում անել դասական երաժշտության սիրահարներին, եթե ոչ արտագրել փողոցային ազդագրերը և գրեթե ամեն օր ցանկության դեպքում այցելել համերգասրահներ` միջազգային արդեն իսկ հեղինակավոր փառատոնների համերգներին ներկա լինելու համար, մանավանդ որ սեպտեմբերին Երևանում միաժամանակ մեկնարկում է երկու փառատոն` Երևանյան 4-րդ միջազգային երաժշտական փառատոնը և Վերադարձի փառատոնը: Բայց Հայաստանում, դասական երաժշտության սիրահարներից բացի, կան նաև ռոքի մոլի սիրահարներ, որոնք 10.000 դրամով կարող են մեկնել Ջերմուկ, ապրել վրաններում և դառնալ «Երաժշտություն առանց սահմանների» միջազգային ջազ փառատոնի հանդիսատեսը: Սեպտեմբերի 18-ից 20-ը «Ճանապարհորդություն առանց սահմանների» նախագծի շրջանակներում, բայց ոչ մշակույթի ապակենտրոնացման քաղաքականության արդյունքում Ջերմուկի օդանավակայանում երկու մասից բաղկացած փառատոնը` («Հայկական կիթառ» ամենամյա փառատոն և Միջազգային ռոք փառատոն) հյուրընկալելու է բայք-փառատոնը, որին կմասնակցի 100-150 բայքեր աշխարհի տարբեր ծայրերից: Կիթառի սիրահարները ավելի վաղ` սեպտեմբերի 15-ին, պարզապես կարող են ներկա լինել հայերի սիրելի Ռուբեն Հախվերդայնի համերգին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter