HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիի 7-րդ Բիենալեն առանձնացավ ձեռքբերումների առումով

Գյումրիի 7-րդ Բիենալեի 3-րդ օրն անցավ քննարկումների ու վերլուծությունների մթնոլորտում: Կազմակեպիչներին ու մասնակիցներին հուզող ընդհանուր հարցերից առաջնայինը վերաբերում էր նախագծի սկզբում դրված խնդրի լիարժեք իրականացմանը: Մյուս կարևորագույն հարցն այն էր, թե ինչպիսի՞ն կմնա մարդկանց հիշողություններում Գյումրիի 7-րդ Բիենալեն, և արդյոք եղա՞ն ձեռքբերումներ: «Այո, մենք, որքան էլ զարմանալի է, ունեցանք ձեռքբերում դեռ Բիենալեն չավարտված- հայտնեց գլխավոր համադրող Ազատ Սարգսյանը:- Նախորդ բիենալեներին դա մենք չենք ունեցել, չեն եղել շարունակական համագործակցություններ: Մարդիկ եկել են, ցուցադրել իրենց արվեստը, ներկայացրել նախագծեր, ու դրանով ավարտվել է ամեն ինչ: Բայց ահա այս Բիենալեն դեռ չավարտված` երկրորդ օրն արդեն Գյումրիի և Երևանի պատանի ստեղծագործողները միտք հղացան մի քանի նմանատիպ նախագծեր իրականացնել համատեղ, ու սա ձեռքբերում է մեզ համար»: 7-րդ Բիենալեի համադրողները ձեռքբերումների առումով առանձնացրին անշահախնդիր աջակցության փաստը, որ գրանցվեց Գյումրիում: Պետությունն անմասն մնաց արդեն 12 տարի գոյություն ունեցող և շարունակական ընթացք ապահովող այս նախագծի ֆինանսավորումից, սակայն այն ամեն դեպքում կայացավ: Կայացավ սիրո, «էնտուզիազմի» ու պարզապես եղածը պահպանելու ու շարունակելու երիտասարդների ցանկության շնորհիվ: «Մշակույթի նախարարությունն արվեստի ասպարեզում այսօր ուզում է անել բաներ, որոնք գոյություն չունեն, իրենք չեղած ռեսուրսներ են հորինում ծրագրերի համար, որոնք փորձում են կյանքի կոչել, ու տեր չեն կանգնում արդեն եղածներին,- նշեց արվեստաբան Նազարեթ Կարոյանը:- Երբ նախարարությունը որևէ ծրագրի տալիս է X գումար, ամեն տեղ հայտարարում է, որ ինքն է կազմակերպիչը: Նախագծի համար, որ գոյություն ունի արդեն 12 տարի, էդ մենք չէ, որ պիտի դիմեինք. նրանք պիտի շահագրգիռ լինեին, որ եղածը չմեռնի հանկարծ, շարունակվի»: Ազատ Սարգսյանը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ Գյումրիի Բիենալեն իր տեղն ունի միջազգային բիենալեների շարքում, և կան արվեստագետներ, ովքեր հայտնի են հենց մեր Բիենալեին ունեցած մասնակցությամբ կամ այստեղ ստեղծած գործերով: Ազատ Սարգսյանը հիշատակեց ավստիրացի Աննա Առտակերին, ով 2008թ. մասնակցել է Գյումրիի 6-րդ Բիենալեին և այժմ էլ պատրաստվում է մասնակցել Քուանջոյի Բիենալեին Մերկուրովի թանգարանի հետմահու դիմակների լուսանկարների հավաքածուով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter