Կարողացել են ապօրինի հատել հայ-թուրքական սահմանը
Վերջերս Երասխավանի հատվածից հայ-թուրքական սահմանը հատել են քուրդ ամուսիններ և մի քանի օր շարունակ անարգել շրջել Հայաստանի տարածքում: Գյուղացիների հավաստմամբ` նրանք բնակվել են լեռներում: Վերջին անգամ ամուսիններին տեսել են Վայքի գյուղերից մեկի մոտակայքում: Մի առևտրական, տեսնելով նրանց, զանգահարել է ոստիկանություն: Ամուսիններին ձերբակալել են և տեղափոխել Վայքի ոստիկանություն, որտեղից, սակայն, հրաժարվեցին տեղեկատվություն հաղորդել «Հրապարակին»:
Հիշեցնենք, որ սա վերջին ամիսների ընթացքում նշված վայրից սահմանն անցնելու երկրորդ դեպքն է, որը ոչ միայն չի բացահայտվել, այլև խնամքով թաքցվում է:
Ոչխարների արտահանումը շարունակվում է
Շարունակվում է Հայաստանից ոչխարների արտահանումը Իրանի Իսլամական Հանրապետություն: Ոչխարներով բեռնավորված իրանական բեռնատարները շաբաթ օրը պարբերաբար խցանումներ էին առաջացնում Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին:
Միջպետական ճանապարհի եզրային մասը շինարարական աշխատանքների պատճառով փորվել է, ինչն էլ դժվարացնում է երթևեկը: Մառախլապատ եղանակին մարդատար ավտոմեքենաները ստիպված էին զիջել ճանապարհը` 5-10 րոպե անհարկի կանգնելով: Մինչև կեսօր ոչխարներով բեռնված մոտ 60 բեռնատար այդ օրը հատեց սահմանը: Ըստ հայ վարորդների` արդեն մի քանի օր է, ինչ նման իրավիճակ է միջպետական ճանապարհին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել