«Մաքուր հայրենիք հնարավոր է լինի, եթե առկա է մաքուր բնություն»
Կառավարության որոշմամբ հաստատվել է «Մաքուր հայրենիք» ազգային ծրագիրը, ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: Շատերը դա դիտարկում են որպես աղբահանության ծրագիր, բայց իրականում աղբահանությունը «Մաքուր հայրենիքի» դրույթներից մեկն է միայն:
Ծրագիրը նախատեսում է նաև հանրության լայն շերտերի ընդգրկմամբ կոնկրետ տարածքների մաքրում և բարեկարգում, ամենօրյա գործելակերպի մշակում, հետևողականության ու սրտացավ վերաբերմունքի սերմանում մաքուր բնակավայր, մաքուր հայրենիք ունենալու համար, ինչպես նաև երիտասարդ սերնդի էկոկրթության բարելավում, օրենսդրական դաշտի կատարելագրոծում, դերերի և պարտականությունների հստակեցում, էկոմշակույթի և ավանդույթների սերմանում:
«Մաքուր հայրենիք» ծրագրի իրականացումը բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում. նախատեսվում է հիմնադրել «Մաքուր հայրենիք» ծրագրի բարեգործական ֆոնդ: Բնապահպաններ Կարինե Դանիելյանը և Գոհար Օգանեզովան ողջունում են ծրագիրը` չնայած շատ բան նրանց համար դեռևս անհասականալի է: Կարինե Դանիելյանն ասում է, որ իրենց զարմացնում է փակ աշխատանքը այս ոլորտում, և որպեսզի հանրությունը վստահի ու մասնակցի ծրագրին, պետք է հրաժարվել իմիտացիոն հարցերից: Նա նշում է, որ եթե իրենք աշխատեին, ծրագրի վերնագիրը կլիներ «Մաքուր և կանաչ հայրենիք», որովհետև այդ երկու երևույթները փոխկապակցված են:
«Մաքուր հայրենիք հնարավոր է լինի, եթե առկա է մաքուր բնություն: Մարդը իրենից հետո աղբ է թողնում, ոչ մի այլ արարած այդպես չի անում: Պետք է ուշադրություն դարձնենք կանաչի վրա, նախ պետք է աղբը մաքրենք, հետո խոսենք մաքուր հայրենիքի մասին»,- ասում է Գոհար Օգանեզովան: Նա նշում է, որ Հայաստանում կա ընդամենը երկու արգելոց` Խոսրովն ու Շիկահողը, ընդ որում Խոսրովի արգելոցի մեջտեղում ռեստորան են բացել:
«Մաքուր հայրենիքը» չպետք է դա թույլ տա: Ասուլիսի մյուս բանախոսը` Բնապահպանության նախարարության Բնապահպանական ծրագրերի ՊՈԱԿ-ի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանն, ասում է, որ իրենք չեն կարող արգելել մարդկանց գնալ և հանգստանալ բնության գրկում, բայց խնդիրն այն է, որ մարդը պետք է ունենա այնքան կուլտուրա, որ չկեղտոտի շրջակա միջավայրը:
«Էկոտուրիզմը երբեք չի ասում` ռեստորան կառուցիր: Դա հակասում է էկոտուրիզմին: Եթե մենք երկիրը ծածկում ենք թունավոր պոչամբարներով, սեյսմիկ անվտանգությունը չենք ապահովում, ապա մաքուր հայրենիքը մեզ չի փրկի: Ամբողջ երկիրը պոչամբարներով ծածկենք ու ասենք` «մաքուր հայրենիք»»,- ասում է Կարինե Դանիելյանը` հավելելով, որ Հայաստանում արդեն 15 պոչամբար կա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել