«ՀԲ փորձագետների ձեռքերով մենք ամբողջ արդյունաբերությունը զրոյի հասցրինք»
«Եթե քաղաքապետարանի, կառավարության մակարդակով հակաէկոլոգիական որոշումներ են լինում, այդ դեպքում հասարակությանը չես կարող էկոլոգիապես կրթել»,- ասում է բնապահպան Կարինե Դանիելյանը:
Անցյալ շաբաթ Կառավարությունը օրենքի նախագիծ ընդունեց ընդերքի վերաբերյալ, որը պետք է ներկայացնի Ազգային ժողով: Կարինե Դանիելյանն ասում է, որ ըստ Հայաստանի ստորագրած բոլոր միջազգային փաստաթղթերի` այդ օրինագիծը նախ պետք է քննարկվեր, ապա նոր ուղարկվեր Ազգային ժողով:
«Մեզ խիստ անհանգստացնում է, որ մենք իջել ենք մի մակարդակի, որ հումք և էժան աշխատուժ ենք մատակարարում զարգացած երկրներին: Պատահական չէ, որ համաշխարհային բանկն է մշակել դա: Համաշխարհային բանկի փորձագետների ձեռքերով մենք ամբողջ արդյունաբերությունը զրոյի հասցրինք»,- ասում է Կարինե Դանիելյանը:
Մինչդեռ Բնապահպանության նախարարության Բնապահպանական ծրագրերի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը հակառակ կարծիքն ունի: «Ընդերքը պետք է շահագործվի, որովհետև յուրաքանչյուր երկիր պետք է իր բնական պաշարները օգտագործի: Երանի այն հասարակությանը, որ ունենա ընդերքշահագործում և չունենա խնդիրներ»,- ասում է նա:
Վիկտոր Մարտիրոսյանը նշում է, որ Ազգային ժողովը լսումների մի ամբողջ համակարգ ունի և չի ուզում վիճարկել այդ օրինագծի հրատապությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել