2008-ի լուսավոր ստվերները
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ դեռեւս չէր եղել 2008թ. նման հակասական իրողություններով, ապրումներով, սպասելիքներով խտացած տարի։ Առաջին երեք ամիսները ոչ միայն դարձան անկախության անցած 17 տարիների ընթացքում իշխանության թույլ տված տարերային սխալների եւ հասարակական քաոսային հարաբերությունների ու ընկալումների պատճառով հասարակության մեջ աստիճանաբար կուտակված լարվածության պարպման շրջան, այլեւ բեկումնային նշանակություն ունեցան առաջ քաշված հարցադրումներին պատասխաններ փնտրելու իրական մարտահրավերները գիտակցելու առումով։
Արդեն տարվա կեսերին պարզ դարձավ, որ առանց այդ հարցերի հստակ պատասխանները տալու ոգչ հասարակությունը, եւ ոգչ էլ պետությունը ի վիճակի չեն լինելու ներդաշնակ առաջընթաց ապահովել։ Այլ խնդիր է, որ թե՛ պետությունը, եւ թե՛ հասարակությունը հավասարապես պատրաստ չէին այդ մարտահրավերին՝ չնայած առաջացած վստահության ճգնաժամի եւ դրա հետեւանքների երկկողմանի գիտակցմանը։ Այդ անպատրաստ լինելու հետեւանքով Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի գալիք տարին, թերեւս, դիմավորում է սեփական ճակատագրի եւ երկրի ապագայի հետ կապված աննախադեպ անորոշության, տագնապի խորը զգացումներով, որոնք չվերանալու դեպքում կարող են սոցիալական, ներհասարակական նոր ցնցումների պատճառ դառնալ։
Նման իրավիճակ Հայաստանում վաղ թե ուշ հասունանալու էր։ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ մեծ քաղաքականություն վերադարձը պարզապես ավելի արագացրեց գործընթացը, դրան համակարգված բնույթ հաղորդեց։ Նա ընդամենը պատրաստեց բաժակի այն պռունկը, որտեղից պետք է թափվեր արդեն լավայի վերածված հասարակական մաղձը եւ այն հունավորեց դեպի մոնոլիտ դարձած իշխանության անխորտակ թվացող ամրոցները։
Իշխանությունը, որը ելնելով 1998թ. եւ 2004թ. ընդդիմության ձախողված փորձերից, սովոր էր ընդամենը բաժակից թափվող եւ հիմնականում գոլորշիացող հեղուկի տարերային հոսքերին, բացարձակապես չէր կարող պատկերացնել, որ Տեր-Պետրոսյանին կհաջողվի հասարակական դժգոհությունը լավայի վերածել։
Խուսափելու համար քաղաքական դաշտում սպառնացող շոշափելի կապիտուլյացիայից՝ իշխանությունը կատարեց իրականում չափազանց հուսահատական քայլեր, որոնք ուղղված էին ուժային մեկ ալիքի միջոցով ծավալված հասարակական շարժումը խեղդելուն եւ կազմալուծելուն։ Այդ մասին հապճեպորեն, հընթացս կայացված որոշման պատճառով իշխանությունը հետագայում ստիպված էր լինելու սկսել հետքերի մաքրման մի նոր հուսահատ գործընթաց՝ թաքցնելու համար թույլ տված սխալները։ Արդյունքում բանտերում հայտնվեցին պետական իշխանությունը յուրացնելու մեջ մեղադրվող մարդիկ, իսկ մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված հարուցված քրեական գործի նախաքննությունը գրեթե 9 ամիս ձգձգվեց` միայն այդ մեղադրանքը հաստատելու համար բավարար ապացույցներ ձեռքբերելու համար։
Շղթայական ռեակցիայով դա ուղղակիորեն հարվածեց Հայաստանի արտաքին վարկանիշին, որը մի քանի ամսվա մեջ տարածաշրջանային «ժողովրդավարության կղզյակից» վերածվեց «քաղբանտարկյալներ» ունեցող, մարդկանց ազատ կամարտահայտման իրավունքը բռնադատող երկրի։ Որպես դրա անմիջական արտահայտություն՝ ԵԽԽՎ-ն հունիսին եւ սեպտեմբերին ընդունեց բանաձեւեր, որոնցով կոչ էր անում վերականգնել գործի եւ իշխանության նկատմամբ հասարակական վստահությունը, իսկ տարեվերջին, արդեն հույսը կտրելով իշխանությունների «քաղաքական կամքին» ապավինելուց, մոնիտորինգային հանձնաժողովի միջոցով այդ կառույցում Հայաստանին ձայնից զրկելու առաջարկություն ներկայացրեց։
Իշխանությունն, իհարկե, որոշ գործընթացներ ձեռնարկեց։ Մասնավորապես, սկսեց կենսագործվել հանրային խորհուրդ ստեղծելու գաղափարը, ապա եւ առաջնորդվելով ԵԽԽՎ այդ բանաձեւերով սահմանված պահանջներով` նախ մարտի 1-ի իրադարձությունները քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծվեց, ապա, նույն նպատակով, փաստահավաք խումբ։ Որոշ բարեփախումներ կատարվեցին հարկային, մաքսային ծառայության ոլորտներում, ոստիկանությունում։ Սակայն դրանք իրականում զուտ իմիտացիոն բնույթ ունեին, որոնք ուղղված էին մարտի 1-ից հետո առաջացած ներհասարակական լարվածության թուլացմանը, երկրորդ՝ կոչված էին փոխհատուցելու ներքաղաքական իրավիճակը շտկելու իշխանության կամքի բացակայությունը, այլ կերպ ասած՝ շեղելու ուշադրությունը ժողովրդավարության ոլորտում առաջացած ճգնաժամի նկատմամբ իշխանության դիրքորոշումից։
Ստեղծված դրությունը սպառնում էր Սերժ Սարգսյանի՝ նաեւ արտաքին լեգիտիմության ընկալմանը, ինչի սպառնալիքի չեզոքացմանն էլ ուղղվեց շեշտադրումների փոփոխությունը թե՛ ԼՂ հիմնահարցի, եւ թե՛ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում Երեւանի պաշտոնական դիրքորոշման մեջ։ Եվ արտաքին նախաձեռնողական քաղաքականության քողի տակ ուղղակի թաքցվեց Թուրքիայի դերի անուղղակի մեծացումը տարածաշրջանում, ԼՂ հարցում ներգրավվելու նրա նկրտումներին որոշակիորեն հագուրդ տալը, Մոսկովյան հռչակագրի ստորագրման արդյունքում ԼՂ-ի լիովին անտեսումը որպես հակամարտող եւ բանակցող լիիրավ կողմի, դրանով պայմանավորված` հակամարտության էությունը ինքնորոշումից դեպի տարածքային պահանջների հարթություն տեղափոխելը։
Այս քայլերն աստիճանաբար սահմանափակում էին արտաքին քաղաքականության ոլորտում երկրի շահերը պաշտպանելու համար Հայաստանի մանեւրելու հնարավորությունները, ինչը տարեվերջին հանգեցրեց մի իրավիճակի, երբ միջազգային հանրությունն, ի վերջո, շատ կոնկրետ խնդիր դրեց երկրի իշխանությունների առջեւ՝ կատարել զիջումների հետ կապված տրված բոլոր խոստումները։ Դրան էին ուղղված թե՛ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանին այդ կառույցում ձայնից զրկելու մասին առաջարկությունը, թե՛ «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի կողմից 2009թ. համար նախատեսված Հայաստանին հատկացվելիք գումարի տրամադրումը ժամանակավորապես սառեցնելու մասին կայացված որոշումը։ Սակայն ամենավտանգավորն այն է, որ իշխանությունը կարծես փորձում է իմունիտետ ձեռք բերել նաեւ այս մարտահրավերների նկատմամբ։ Դրա մասին են վկայում դեկտեմբերի վերջին մի քանի իշխանամերձ քաղաքական գործիչների կողմից հնչեցված այն հայտարարությունները, թե մոնիտորինգի հանձնաժողովի ներկայացրած առաջարկության՝ ԵԽԽՎ-ի կողմից ընդունվելուց եւ ՀՀ-ի նկատմամբ այդ պատժամիջոցը կիրառելուց հետո ոչինչ էլ չի լինի։
Այնուամենայնիվ, պետք է նկատել նաեւ, որ 2008 թվականը մեծ փոփոխություններ բերեց նաեւ ընդդիմադիր դաշտում։ Տեր-Պետրոսյանի վերադարձից եւ արմատական ընդդիմության դիրքերն ամուր գրավելուց հետո ողջ քաղաքական դաշտը հստակեցվեց. գործող հիմնական խաղացողները մնացին իշխանությունը եւ համաժողովրդական շարժումը, իսկ մյուս մանր ու միջին քաղաքական ուժերը ստիպված էին ընտրություն կատարել այս երկուսի միջեւ՝ սեփական գոյությունը քաղաքական դաշտում արդարացնելու համար։ Արդյունքում ընդդիմադիրի դիմակի տակ ծպտված եւ «ընդդիմություն» կատեգորիան պերմանենտ շահարկող կուսակցությունները, քաղաքական գործիչները մարգինալացվեցին։ Այս գործընթացը վերականգնեց ընդդիմության նկատմամբ հասարակության կորսված վստահությունը, դրանով հանդերձ հանրությանը վերադարձրեց ինչ-որ բան փոխելու հույսն ու հավատը՝ կապված սեփական ուժերի ու հնարավորությունների հետ։
Թեեւ ընդդիմության պլանները՝ կարժ ժամանակահատվածում իշխանափոխություն իրականացնել, վերջնական արդյունքում տապալվեցին մարտի 1-ի իրադարձությունների պատճառով, սակայն քաղաքական դաշտի վերձեւման պրոցեսը դրանից չտուժեց։ Շարժման հաստատակամությունը, ընտրած տակտիկան, կազմակերպչական լուծումները բացառեցին որեւէ արհեստական ընդդիմության ներմուծումը։ Բացի դրանից, Հայաստանում արմատավորվեց հասարակական շարժման հենքի վրա քաղաքականության իրացման մշակույթ։ Տեր-Պետրոսյանի քաղաքական սթափությունն ու պրագմատիզմը, իրողությունները ճիշտ գնահատելու, վերլուծելու եւ դրանց արդյունքում համարժեք որոշումներ կայացնելու հմտությունը համաժողովրդական շարժումը զերծ պահեցին փոշիանալուց։ Դրան նպաստեց նախ շարժմանը քաղաքական բովանդակություն հաղորդելու քաղաքական կուրսը՝ Հայ ազգային կոնգրեսի վերածվելու միջոցով, ապա եւ քաղաքական դադարների բոլորովին նոր մարտավարությունը, որը իսկական շփոթություն է առաջացրել իշխանական դաշտում եւ վերջինիս զրկում է ընդդիմությանը թուլացնելու որեւէ օգտակար միջոց գտնելու հնարավորությունից։
Ներկայումս, փաստորեն, քաղաքական-հասարակական կյանքում ստեղծվել է շատ անսովոր, սակայն պարզ ու հասկանալի իրավիճակ. իրար են բախվել հին ու նորացված երկու արժեքային համակարգ. ամեն գնով որեւէ գաղափարական-ծրագրային ենթահողից զուրկ, սակայն վարչական, տնտեսական ու ուժային լծակները սեփական շահերին ծառայեցնելու գերնպատակին ուղղված իշխանության պահպանմանն ուղղված կամքը եւ գաղափարի համար պայքարելու կամքը։ Եթե նախկինում հասարակությունը հակված էր համակերպվելու այն մտքի հետ, որ միեւնույն է՝ տիրապետողն առաջինն է, որը եւ պարտադրում էր հասարակական հարաբերությունների ձեւավորման բոլոր կանոնները, ապա մարտի 1-ից հետո ինչ-որ չափով հավասարակշռություն ստեղծվեց այս երկու «արժեքների» միջեւ, ինչն էլ հենց համընդհանուր անորոշության, տագնապների պատճառ դարձավ։ Այսինքն` ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլորը՝ եւ՛ իշխանությունը, եւ՛ ընդդիմությունը, եւ՛ հասարակությունը յուրաքանչյուրն իր հերթին գիտակցում է փոխվելու անհրաժեշտությունը, սակայն չեն համարձակվում որեւէ քայլ կատարել՝ դրա մեղքը բարդելով մեկը մյուսի վրա։ Սա իսկապես նոր ցնցումների դաշտ կարող է ստեղծել։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել