HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոմիկ Վարդանյան

Շեքսպիրյան փառատոնի մուտքն ազա՞տ է, թե՞ վճարովի

Սեպտեմբերի 15-ին Երևանում մեկնարկում է Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որը տևելու է մինչև սեպտեմբերի 24-ը: Փառատոնի շրջանակներում Հայաստան են ժամանել Ցյուրիխի դրամատիկական թատրոնը (Շվեյցարիա), Ինսթաբիլի Վագանտի թատրոնը (Իտալիա), Լվովի «Վոսկրեսենիե» թատրոնը (Ուկրաինա): Հայաստանից փառատոնին մասնակցում են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, Հայաստանի թատերական գործիչների միությունը, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը, Մնջախաղի թատրոնը, Շրջիկ թատրոնը, Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնն ու Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը: Փառատոնին հայ հանդիսատեսը հնարավորություն ունի դիտել 10 ներկայացում, ընդ որում` դրանցից երկուսը կազմակերպվելու է բացօթյա. Շրջիկ թատրոնի «Խաղո՞ւմ ենք Շեքսպիր» ներկայացումը տեղի է ունենալու Կիրովի անվան մանկական այգում (սեպտեմբերի 20-ին` ժամը 21:00-ին), իսկ Լվովի «Վոսկրեսենիե» թատրոնի «Պրոսպերո» ներկայացումը` Անգլիական այգում (սեպտեմբերի 24-ին` ժամը 21:30-ին): Փառատոնին աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի թատերական գործիչների միությունը: Այս տարի փառատոնը նվիրված է հայ թատերագետ, ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի Շեքսպիրյան կենտրոնի հիմնադիր Ռուբեն Զարյանի ծննդյան 100-ամյակին: Ըստ կազմակերպիչների տարածած հաղորդագրության` Շեքսպիրյան փառատոնի շնորհիվ վերականգնվում են հայ թատրոնի շեքսպիրյան ավանդույթները, ինչի վկայությունն է հայկական 7 նոր բեմադրությունը, որն ընդգրկված է փառատոնի ծրագրում: Փառատոնի բոլոր ներկայացումների մուտքն ազատ է: Օտարալեզու ներկայացումները զուգահեռաբար թարգմանվելու են լուսագրերով: Փառատոնի ամենահեղինակավոր ներկայացումն է համարվում Փիթեր Բրուքի «Varum, varum»-ը (Ցյուրիխի դրամատիկական թատրոն), որը հայ հանդիսատեսը կարող է դիտել սեպտեմբերի 17-ին և 18-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում: Փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 15-ին և և 22-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվելու է «Լեգենդ Մակբեթի մասին» (շեքսիրյան պատմություն 2 մասից) ներկայացումը, որը թատրոնի 88-րդ թատերաշրջանի առաջին պրեմիերան է և այն սակավ ներկայացումներից, որ ազդարարվում էր սեպտեմբերից սկզբից: Թատրոնի տոմսարկղի աշխատակիցը «Հետքի» հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ «Լեգենդ Մակբեթի մասին» ներկայացման առաջնախաղի տոմսի արժեքը 1000-ից 1500 դրամ է, և հավելեց, որ տոմսերի մեծ մասն արդեն սպառվել է: Փառատոնային է նաև Դրամատիկական թատրոնի Վիլյամ Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» (ողբերգություն 2 գործողությամբ) ներկայացումը, որի ազդագիրը հասանելի էր դարձյալ սեպտեմբերի սկզբից: «Հետքը» թատրոնի տոմսարկղից պարզեց, որ տոմսերը վաճառվում են 1000, 1500 և 2000 դրամով: Թատրոնի տոմսարկղի աշխատակիցը հաստատեց, որ ներկայացումը ընդգրկված է Շեքսպիրյան փառատոնի խաղացանկում: Մնջախաղի թատրոնի տնօրեն Կարինե Ստեփանյանը հաստատեց, որ սեպտեմբերի 20-ին Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում իրենց թատրոնը ներկայացնելու է «90-րդ սոնետ» ներկայացումը: Պատանի հանդիսատեսի թատրոնի ադմինիստրատորը մեզ հայտնեց, որ «90-րդ սոնետ» ներկայացման մուտքն ազատ է: Փառատոնի PR ղեկավար Վլադ Մուրադյանը ևս հայտնեց, որ ներկայացումների մուտքն անվճար է: «Հետքը» հետաքրքրվեց, թե Երևանի քաղաքապետը շարունակո՞ւմ է մնալ փառատոնի կազմկոմիտեի նախագահի պաշտոնում (ըստ panorama.am-ի` Գագիկ Բեգլարյանը նախորդ փառատոնի կազմկոմիտեի նախագահն էր): Փառատոնի PR ղեկավարը շեշտեց, որ միշտ էլ փառատոնի կազմկոմիտեի նախագահը եղել է Հակոբ Ղազանչյանը, ուղղակի փառատոնն անցկացվել է քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հովանու ներքո: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Փառատոնը բավականին ընդգրկուն ծրագիր ուներ: Փառատոնի շրջանակներում, բացի ներկայացումներից, կազմակերպվում էին այլ միջոցառումներ, վարպետաց դասեր Հայաստան ժամանած թատրոնի աշխարհահռչակ դեմքերի մասնակցությամբ: Ի դեպ, ՀՀ մշակութային նախարարության կայքէջում, երկու տարվա վաղեմության այսպիսի տեղեկատվություն կա. «Անկասկած է, որ այս փառատոնը, որը ԱՊՀ տարածաշրջանում միակ նմանատիպ փառատոնն է, միտում ունի դառնալու միջազգային ամենահեղինակավոր Շեքսպիրյան միջոցառումներից մեկը»: Սեպտեմբերի 15-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունենալու փառատոնի բացմանը նվիրված ասուլիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter