Մեկնարկեց ԱԺ քառօրյան
Մի շարք օրինագծեր քննարկվեցին մի քանի պատգամավորի ներկայությամբ
Այսօր մեկնարկեց ԱԺ չորրորդ գումարման 8-րդ նստաշրջանը, որն անցկացվում է կառավարության նիստերի դահլիճում: 131 պատգամավորից նիստին գրանցվել էր 102-ը: Քառօրյայում ընդգրկված է 34 հարց: Օրակարգը հաստատելուց անմիջապես հետո պատգամավորները սկսեցին իրար հետևից դուրս գալ դահլիճից, և մի շարք օրենքների նախագծերի քննարկումն անցկացվեց մի քանի պատգամավորի ներկայությամբ: Դահլիճն առաջինը լքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Առաջինը քննարկվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը վերաբերում էր բացառապես հեռուստաընկերություններին: Մի շարք դեպքերում բարձրացվել է հեռուստաընկերությունների սփռման համար նախատեսված պետական տուրքը: Այս փոփոխությունը կապված է հեռուստաընկերությունների թվայնացման հետ: Այսպես, օրենքի նախագծով կառավարությունն առաջարկում է հանրապետական սփռման համար տարեկան պետական տուրքը սահմանել բազային տուրքի 20 հազարապատիկի չափով, իսկ մարզերի հեռուստաընկեևրությունները պետք է վճարեն բազային տուրքի հազարապատիկի չափով:
Զեկուցող Էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց, որ հեռուստաընկերություններն ամբողջությամբ թվային հեռարձակման կանցնեն 2015 թ.-ից: «Թվային հեռարձակումը քիչ ծախսեր է պահանջում: Այնպես որ առաջարկվող պետական տուրքի ավելացումը չի վնասի հեռուստաընկերություններին»,- պատգամավորների մտահոգությանն ի պատասխան` ասաց Վ. Դանիելյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանին, օրինակ, հետաքրքրում էր, թե այդ պայմաններում ինչպես են կայանալու մարզային հեռուստաընկերությունները: Բացի դրանից` կառավարությունն ի՞նչ քայլեր է անելու, որ հատկապես Հայաստանի գյուղերում սփռվեն հայկական և ոչ թե այլ երկրների հեռուստաընկերությունների հաղորդումները:
Վ. Դանիելյանը հանգստացրեց պատգամավորներին` ասելով, որ պետությունը երաշխավորելու է, որ հանրապետության ամբողջ տարածքում հայկական հեռուստաընկերությունները սփռվեն:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Արծրուն Աղաջանյանն էլ այլ հարթությամբ դիտեց տուրքի բարձրացումը; Ըստ նրա` այդ քայլով կառավարությունը խփում է փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, քանի որ հեռուստաընկերությունները կբարձրացնեն գովազդի գինը, իսկ միջին ձեռնարկատերերը հնարավորություն չեն ունենա եթերում գովազդել իրենց արտադրանքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել