
Գուգարքի անտառտնտեսության Եղեգնուտի անտառպետությունում կատարված մոնիթորինգից հետո արդեն մի քանի օր է անցել, բայց ոստիկանության Գուգարքի բաժնում ապօրինի ծառահատումների մասին ոչ մի հաղորդում չի ստացվել: Գուգարքի անտառտնտեսության պետ Անատոլի Մխիթարյանը պատճառաբանում է, որ մոնիթորինգի խմբի կողմից պաշտոնական հաղորդում չի ստացել, որպեսզի իր հերթին հաղորդեր ոստիկանությանը: Ստացվում է, որ բոլորն սպասում են մոնիթորինգի խմբին, իսկ մոնիթորինգի խումբը «տասն է չափում, որ մեկ կտրի»:
Իսկ մինչ այդ տեղեկացնենք, որ արդեն հաղորդում է եղել:
«Հետքը» դժվարությամբ կապ հաստատեց ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Էդիկ Շարմազանովի հետ և պայմանավորվածություն ձեռք բերեց հաջորդ օրվա համար` խնդրելով հանդիպում կազմակերպել մոնիթորինգի խմբին Լոռի հանգստյան տան մոտ դիմավորած Գուգարքի բաժնի երկու ոստիկանի հետ, ովքեր բարոյահոգեբանական ճնշում էին գործադրել «Հրապարակ» օրաթերթի թղթակից Էդվարդ Արզումանյանի վրա:
Է.Շարմազանովը մեզ խոստացավ տեսակցություն կազմակերպել ոստիկանների հետ:
Իսկ հաջորդ օրը, երբ «Հետքը» նրան ներկայացավ մոնիթորինգի մասնակից, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակից Սուրեն Անանյանի և տուժած լրագրողի հետ և խնդրեց առանձնասենյակ հրավիրել ոստիկաններին, նա, երևի կռահելով, որ առերեսում պետք է լինի, ասաց, որ ոստիկանները ծառայողական հանձնարարությամբ դուրս են եկել:
Ականատեսները Է.Շարմազանովին ներկայացրին վերոհիշյալ անտառպետությունում ապօրինի ծառահատումների իրական պատկերը, իսկ Է.Արզումանյանը` նաև անտառում կատարված եղելության` ոստիկանների ճնշումների մասին: Է.Շարմազանովը, բնականաբար հերքեց, որ նման միջադեպ է եղել: «Կարող է կողմերի միջև խոսակցություն եղել է, բայց որևէ միջադեպ, լրագրողի վրա ճնշում չի եղել»,-ասաց նա:
Առերեսման փորձը ձախողվեց: Բայց Է.Շարմազանովն օգտագործեց առիթն ու հաղորդում գրել տվեց ապօրինի ծառահատումների մասին: Կարծելով, որ 116 թվի վերաբերյալ ահազանգողը «Հրապարակ» օրաթերթն է` Է.Շարմազանովը պահանջեց, որ «Հրապարակի» թղթակիցը հաղորդում տա այդ մասին: Է.Շարմազանովը, հավանաբար ինտերնետ մուտք չունենալու պատճառով, չգիտեր, որ ապօրինի ծառահատման և հատված ծառերի իրական քանակի մասին առաջին ահազանգը եղել է «Հետքում», ապա նաև «Էկոլուրում», իսկ դիտորդական խմբի անդամները դեռ մոնիթորինգի ընթացքում էին հայտնաբերված թվերը հրապարակում Facebook-ում և այլ սոցիալական կայքերում: Ինչևէ, Է.Արզումանյանը հաղորդում տրվեց ապօրինի ծառահատումների մասին:
Այնպես որ, ահազանգը եղել է, հաղորդումը` նույնպես. մոնիթորինգի խմբին այլ բան չի մնում, քան հանձնվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել