ԱԺ-ում բուռն բանավեճ էր. քննարկվում էր աղբահանության հարցը
Այսօր ԱԺ քառօրյայի առաջին նիստի մեծ մասը նվիրված էր աղբին. կառավարությունը ԱԺ է ներկայացրել «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Մոտ մեկ տասնյակ պատգամավոր էր հերթագրվել, որ հարցեր ուղղի կառավարության ներկայացուցչին` Արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանին:
Պատգամավորներին նախ մտահոգում էր նոր օրենքով սահմանված աղբի վարձավճարների հարցը: Պարզվում է` պատգամավորների մի մասը նույնպես ֆինանսական խդիրներ ունի և կդժվարանա վճարել կառավարության առաջարկած աղբի վարձավճարները: Եթե օրենքի նախագիծն այս տեսքով ընդունվի, ապա 1 տոննա աղբի համար կարող է համայնքներում սահմանվել մինչև 30.000 դրամ վարձավճար, 1 խմ աղբի համար` 10.000 դրամ, իսկ յուրաքանչյուր բնակչի համար առավելագույնը 1.000 դրամ կամ բնակելի մակերեսի 1 քմ համար` առավելագույնը 100 դրամ վարձավճար:
Ըստ նախագծի` աղբահանության համար կարելի է վճարել կանխիկ կամ անկանխիկ` յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 20-ը: Աղբահանության վճարները մուտքագրվելու են համայնքային բյուջե: Ստացվում է, որ եթե ընտանիքը բաղկացած է, ենթադրենք, 5 անդամից, իսկ համայնքի ավագանին մեկ շնչի համար աղբի վարձավճար է սահմանել 1.000 դրամ, ապա այդ ընտանիքն ամսական 5.000 դրամ միայն աղբի համար է վճարելու:
Պատգամավորներից շատերն առաջարկեցին օրենքի նախագծից հանել կամ մշակել վարձավճարներին վերաբերող 3-րդ գլուխը: «Մենք հաճախ ենք խոսում միջազգային չափորոշիչների մասին, բայց մոռանում ենք, որ մեր աշխատավարձերը հեռու են միջազգայինից: Այս վարձավճարները սոցիալական ծանր բեռ են լինելու մեր քաղաքացիների համար` հաշվի առնելով տիրող գնաճը»,- նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ ասաց, որ նախագծում նման թվեր գրելուց առաջ կառավարությունում պետք է լավ մտածեին. «Ստացվում է` քաղաքացիներին տրվող նպաստի գումարի չափով էլ նրանցից կոմունալ վարձավճարներ են պահանջում»,- ասաց Ս.Ավետիսյանը:
Օրենսդիրները նկատել էին, որ օրենքի նախագծում բացակայում են պատասխանատվության մեխանիզմները: ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի սրտով չէր այս նոր օրենքի նախագիծը: Ըստ նրա` աղբահանության հարցն ավելի շատ կուլտուրայի հարց է, քան օրենսդրական կարգավորման խնդիր: Հ.Նաղդալյանն առաջարկեց, որ չնախատեսված վայրերում աղբ թափող մարդկանց գլխին էլ աղբ չթափող մարդիկ աղբ լցնեն, որպեսզի հարցը լուծվի:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին էլ զարմացրել էր, որ պատգամավորներն այդքան ակտիվ են քննարկում աղբահանության հարցը: Գ.Սահակյանը ևս համաձայնեց, որ կառավարության ներկայացրած վարձավճարները շատ բարձր են և Ն.Առուստամյանին առաջարկեց փոփոխել նախագծի 3-րդ գլուխը:
Նման բուռն քննարկում էլ պատգամավորներին սպասվում է վաղը` օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քվեարկելու ժամանակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել