Ալավերդին աղբավայր կունենա
Այսօր` ԵԱՀԿ Ալավերդու Օրհուս կենտրոնում տեղի ունեցած բնապահպանական քննարկումների ժամանակ, Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը ներկայացրեց 2011թ. պետբյուջեից համայնքին հատկացված «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության բնապահպանական վճարների մասհանումների գումարով բնապահպանական ծրագրի նախագիծը: Քաղաքապետարանը դեռևս չի ստացել մասհանումների հատկացված գումարների պաշտոնական տվյաները: «Իմ կողմից հրապարակված թվերը մոտավոր են լինելու. իմ ունեցած բանավոր խոսակցության արդյունք են: Միգուցե այս գումարների հետ կապված փոփոխություններ կլինեն, բայց չեմ կարծում, որ դրանք մեծ փոփոխություններ լինեն»,- տեղեկացրեց քաղաքապետը:
Բնապահպանական մասով հատկացված գումարներն ուղղվելու են քաղաքի աղբավայրի կառուցմանը: Վերջին տարիներին Արթուր Նալբանդյանը հաճախ է խոսում Ալավերդիում աղբավայր կառուցելու մասին, սակայն խնդրի լուծման համար ֆինանսական աղբյուրներ չեն գտնվում:
Այս անգամ էլ քաղաքապետն աղբավայրի խնդիրը համարեց առաջնային: Համայնքի 2011թ. բնական միջավայրի պահպանման և բնակչության առողջության վերականգնման ծրագրի նախագծում նշվում է, որ Ալավերդի քաղաքը չունի արդյունաբերական և տնտեսական աղբի հեռացման համակարգ: Ներկա աղբանոցը չի վերահսկվում, տեղակայված է համայնքից 9 կմ հեռավորության վրա (Հաղպատ համայնքի վարչական տարածքում), աղբատար մեքենաները դժվարանում են մուտք գործել այնտեղ, ինչի պատճառով էլ Ալավերդու արդյունաբերական և տնտեսական աղբը վերջին տարիներին թափվում է ուղիղ Դեբեդ գետը:
Արթուր Նալբանդյանը հայտնեց, որ նոր աղբավայրի կառուցման նպատակով ավագանին արդեն համաձայնել է տրամադրել քաղաքի Մադան թաղամասից դեպի հարավ-արևմուտք գտնվող 4,6 հա հողամաս, որի փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ Բնապահպանության նախարարության ՇՄԱԳ փորձաքննությանը և ստացել դրական եզրակացություն:
Նոր աղբավայրի կառուցման նախահաշվային արժեքը նախնական հաշվարկներով կազմում է 145 մլն դրամ: «Մենք նախատեսում ենք, որ 2011թ. անպայման աշխատանքները կսկսենք»,- ասաց Արթուր Նալբանդյանը:
Բնապահպանական մասհանումների 70 %-ն օրենքով սահմանված կարգով քաղաքապետարանը նպատակաուղղելու է բնապահպանությանը, 30 %-ը` առողջապահությանը: Արթուր Նալբանդյանը տեղեկացրեց, որ 2011թ. համար ավագանուն ներկայացրել է 135 մլն դրամի մասհանումների նախնական ծրագիր, սակայն երբ իմացել է, որ հատկացումը մոտ 55 մլն դրամ է կազմելու, ծրագրում կատարել է փոփոխություններ: «Թիվը պաշտոնապես ստանալուց հետո բնապահպանական ծրագիրը կուղարկվի ՀՀ Բնապահպանական նախարարություն` հաստատելու համար»,- ասաց քաղաքապետը:
Ըստ ներկայացվելիք բնապահպանական ծրագրի` աղբավայրի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը նախապատրաստելու համար տրամադրվելու է 3,7 մլն դրամ: Աղբավայրի կառուցման համար կհատկացվի 34,9 մլն դրամ: Քաղաքապետն ասաց, որ ակտիվորեն աշխատում է ՀՀ կառավարության և միջազգային կառույցների հետ` մնացած անհրաժեշտ գումարները ձեռք բերելու համար: «Չի բացառվում, որ դոնորներ գտնելու համար մեզ ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունն օգնի»,- վստահեցրեց Արթուր Նալբանդյանը:
Նրա կանխատեսմամբ` աղբավայրի կառուցման մեջ միջազգային դոնոր կազմակերպություններ ներգրավելու գործում հաջողություններ կլինեն, քանի որ համայնքն ունի ոչ միայն պահանջված 10, այլև 20, 30 և ավելի տոկոս ներդրման հնարավորություն: Քաղաքապետը դա համարեց լուրջ նախապայման աշխատանքները սկսելու համար: «ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ աշխատում ենք: Չի բացառվում, որ 2011թ. ծրագիրի առաջին փուլը ավարտենք, իսկ երկրորդ փուլն ավարտենք 2012թ.»,- ասաց Արթուր Նալբանդյանը:
Աղբավայրի նախագծային աշխատանքների մեծ մասն ավարտված է: Քաղաքապետի երազած աղբավայրը լինելու է Հայաստանի լիցենզավորված աղբավայրերից մեկը: «Հանրապետությունում մեկ կամ երկու լիցենզավորված աղբավայր կա: Հաջորդը լինելու է Ալավերդու աղբավայրը: Այն լինելու է ջրահեռացման դրենաժներով, բասեիններով, որը վերջում քլորացվելու է: Հետո արդեն մաքուր ջուրը կմիանա Դեբեդին»,- ասաց Արթուր Նալբանդյանը:
Նա փորձել է ֆինանսական համատեղ ներդրումային աշխատանքներ նախապատրաստել աղբավայրեր չունեցող, սակայն բնապահպանական սուբվենցիաներ ստացող Աքորի, Օձուն, Հաղպատ համայնքների հետ` հետագայում այն համատեղ օգտագործելու պայմանով, սակայն վերջիններս հրաժարվել են ներդրումներին մասնակցելուց: «Եթե վաղը, մյուս օրը այդ նույն համայնքները դիմեն մեզ` աղբավայրն օգտագործելու համար, մեր համայնքը այն անպայման կտրամադրի միայն վճարովի հիմունքներով»,- ասաց Արթուր Նալբանդյանը:
Քննարկմանը ներկայացվեց նաև 2011թ. բնապահպանական սուբվենցիայով նախատեսված բնակչության առողջության վերականգնման ծրագիրը, որով նախատեսված են 16 մլն դրամի ծախսեր: Քաղաքապետի տեղակացմամբ` 6 մանկապարտեզի 406 սանի լրացուցիչ սննդի ապահովման համար նախատեսվում է հատկացնել 4,7 մլն դրամ: Համայնքի 300 հղի կանանց երկու ամսվա վիտամիններով հարուստ սննդի համար կտրամադրվի 4,5 մլն դրամ, 90 պալարախտով հիվանդների վիտամիններով հարուստ սննդի համար` 3,6 մլն դրամ: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս նախատեսված գնումները կկատարվեն «Կատա» խանութների ցանցից: 25 բնակիչի առողջարանային ուղեգիր տրամադրելու համար կհատկացվի 3,75 մլն դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել