Կոնգրեսականության ցանկացած կամպանիա առանց շարքային քաղաքացու մասնակցության դատապարտված է ձախողման
Այն գրավոր խոսքը, որը չի տեղավորվում ընդդիմադիր կոնգրեսական մամուլի տնօրենների աշխարհայացքի ու գեղագիտական ճաշակների ձևաչափի մեջ, մնում է անտիպ: Այդ իսկ պատճառով բազմաթիվ թերթերում կոնգրեսական գաղափարախոսությունը պրոպագանդող հրապարակախոսների հրապարակախոսությունը կամաց-կամաց վեր է ածվում մենախոսության:
Ես մի փոքր այլ կերպ եմ պատկերացրել հրապարակախոսական ժանրի կանոնը, և այդ մի փոքր այլամտածողությունն էլ, փաստորեն, զրկում է ինձ հանրային կյանքին ակտիվ առնչվելու հնարավորությունից: Որոշ հարցերում ընդհանուր եզր կա իմ ու կոնգրեսական հեղինակների միջև, բայց կա նաև տարակարծություն:
Փորձեցի մասնակցել լեզու-դպրություն բանավեճին: Չստացվեց: Արգելվեց իմ խոսքը: Ռուսական մտքի, գիր ու գրականության գնահատականն են տալիս կոնգրեսական վերլուծաբանները` անիրազեկ զրուցատեղի դարձնելով իրենց իրավասության տակ գտնվող տպագիր միջոցը: Շարքային քաղաքացուն չհետաքրքրող սեպտեմբերյան հանրահավաքում շոշափվելիք մի քանի առաջնայնություներից զատ` կոնգրեսականությունը հիմա էլ իր պաշտպանության տակ է վերցրել հայոց լեզուն: Հայոց լեզուն պաշտպանի կարիք չունի, սիրելիներս:
Այ, սոցիալապես ճնշվածը այդ պաշտպանության կարիքն ունի: Աշխատավոր մարդը, որից գնալով հեռանում է կոնգրեսականությունը, ունի պաշտպանվածության կարիք: Սոցիալական արմատական փոփոխությունների, իսկ ավելի հստակ` սոցիալական հեղափոխության կարիք ունի մեր երկիրը: Ռուսի գալ-գնալը չի խանգարում մեզ մարդ դառնալ ու համախմբվել մարդու շուրջը:
Աշխատող մարդու նյութականի բարելավման մասին մտածեք: Բագրատյանական ազատականության քարոզը հնացել փտել է, այն չի լսվում էլ: Կուշտ է հայ մարդը 90-ականների սկզբի էքսպերիմենտներից: Այլ բան մտածեք: Կոնգրեսականության հումանիտար գերխնդիրը հավասար պայմանի ձևավորումը պետք է լինի:
Կոնգրեսական միտքը, այո, ունի այլախոհության ու նոր լիցքի կարիք: Ազնիվ ու մտածող շատ մարդ Կոնգրեսի շարքերում չէ: Եվ եթե շարունակվի հրապարակային խոսքի ուզուրպացիան, շատ մարդ չի էլ մոտենա այդ կառույցին: Պարզ մի պատճառով: Կոնգրեսը իր փակ տարածքում արդեն սահմանափակում է ազատ խոսքն ու միտքը: Դեռ իշխանություն չէ, բայց ունի ցենզ ու խոսքի սահմանափակում: Բա ի՞նչ կլինի, եթե գա իշխանության: Դեռ իշխանություն չէ Կոնգրեսը, բայց պահանջում է մտածել իր նման: Ի՞նչ կլինի մեր վիճակը, եթե այդ կառույցը գա իշխանության:
Սա ստիպում է լրջանալ, սա ստիպում է ինձ ու ինձ նման մի քանի միլիոն շարքային մարդու Հայաստանում ու սփյուռքում լինել զգոն: Ով մոտեցավ Ձեր միկրոֆոնին ու ձեր քարոզը չտարավ, դա նրա առաջին ու վերջին մոտենալը եղավ: Իմ մանկության տարիներից Մուկուչ անունով մի մարդու եմ հիշում: Բակ էր իջնում իր նարդիով, իր նարդիով էլ գնում էր տուն: Տաներ թե տարվեր միևնույնն է` ինքն էր խաղում: «Նարդին իմն է. ես պիտի խաղամ»,- ասում էր: Սա էր Մուկուչի կարգախոսը: Այդպիսին էր նրա աշխարհընկալումը: Նա տեղը չէր զիջում: Այլ մարդ մոտենալ չէր կարող Մուկուչի նարդուն:
Նույնպիսին է նաև կոնգրեսական հրատարակչի մտածողությունը, կոնգրեսական միտինգավորի մտածողությունը: «Թերթը իմն է, նրանում ես պիտի տպագրվեմ, միկրոֆոնն իմն է դրանից ես պիտի խոսեմ»:
Սա՞ է կոնգրեսական թերթատիրոջ, միտինգատիրոջ կրեդոն: Կոնգրեսական մտածելակերպը ձևավորող առաջնորդակազմը ազատ քաղաքացու իմ այս բունտի դեմ ունի մի հակափաստարկ: Նրանք ասել են ու կասեն` «առանց քեզ էլ կփոխենք իրերի վիճակը»: 2008 թ.-ի փետրվարին առանց մարդու իմ տեսակի իրերի վիճակը փոխել չստացվեց: Այս անգամ էլ չի ստացվելու: Չի ստացվելու ոչինչ առանց շարքային աշխատավոր մարդու:
Ինքը լինելով հեղհեղուկ մտածելակերպի տեր` կոնգրեսական հրապարակախոսը հոգնած ընդհանրացումներ է անում ու խոսում է ազգի գաղափարազուրկ լինելու մասին: Կոնգրեսական քարոզասացը յուրացրել է մի քանի տասնյակ հազարի հասնող լյումպենացված զանգվածի գեղարվեստական ճաշակն ու ինքնահիանում է իրեն տրամադրված թերթի սյունակներում ու միտինգներում: Հարգելի կոնգրեսական հրապարակախոսներ ինքնահիացումը չի հումանիտար գերխնդրի լուծման տանող ճանապարհը: Այդ խնդրի ձեր պատկերացումները չեն համապատասխանում շարքային քաղաքացու պատկերացրածին:
Այդ մասին ես բարձրաձայնում եմ չլսված, չընդունված: Ցանկացած խմբակայնությունից դուրս մարդկանց քանակը անհամեմատ ավելի շատ է, քան պատկերացնում են կոնգրեսական վիճակագիրները: Չկուսակցականացված, իր ընտրության ազատությունը հարգող ու պաշտպանած մարդկանց քանակը հասնում է մի քանի միլիոնի` Հայաստանում ու սփյուռքում միասին վերցրած: Թյուր, սխալ պատկերացումներ ունեք դուք այն ժողովրդի մասին, որին փորձում եք առաջնորդել: Դուք չեք սիրում, դրա համար էլ չեք ճանաչում ձեր քաղաքացուն:
Եվ եղեք վստահ, որ կոնգրեսականության ցանկացած կամպանիա, առանց շարքային քաղաքացու մասնակցության, դատապարտված է ձախողման:
Արամ Մաթևոսյան
14 սեպտեմբերի 2010 թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել