HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սև կյանք». Ռուբեն Մանգասարյանի ֆոտոպատմությունը փորձում է փոխել Գադյանների կյանքը

Սեպտեմբերի 16-ին` ժ.19:00-ին Art Gallery ցուցասրահում (Լեո 52) կազմակերպվում է «Սև Կյանք» ցուցահանդեսը: Այս ֆոտոպատմությունն Ադրբեջանից գաղթած հայ ընտանիքի մասին է, որ ապրում է Բագրատաշենում: Հայտնի ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանը լուսանկարեց նրանց «սև կյանքն» ավելի քան 6 տարի: Լուսանկարները հայտնվեցին բազմաթիվ միջազգային խոշոր հրատարակություններում, դրանց շարքում՝ BBC-ն և ճապոնական Days-ը: Այս լուսանկարների միջոցով Ռուբենը նրանց համար օգնություն գտավ ամբողջ աշխարհից: Բայց ընտանիքը դեռ ապրում է նույն սարսափելի պայմաններում… Ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ Ռուբենի աշխատանքը և մամուլի ուժը, որ կարողացավ տարբեր երկրներից մարդկանց ուշադրությունը գրավել մի խեղճ ընտանիքի վրա, որն ապրում է Հայաստանի սահմանին: Միևնույն ժամանակ ցուցահանդեսը նպատակ ունի գտնել ավելի շատ օգնություն այս ընտանիքի համար և մեկընդմիշտ լուծել նրանց խնդիրը: Գադյանների «Սև կյանք»-ը ծայրահեղ աղքատության և թշվառության մասին է: Նրանց խափանված ծխատար խողովակով վառարանը, որի մեջ այրում են պլաստիկ և պոլիէթիլեն, թանձր ծխով է լցնում տունը` մրով պատելով ամենքին և ամեն ինչ: 45-ամյա Լիդա Գադյանը բաքվեցի փախստական է: Մինչ պատերազմը, Ադրբեջանում նա աշխատում էր ճաշարանում՝ որպես աման լվացող: 90-ականներին նա մոր և որդու հետ տեղափոխվեց Հայաստան. ամուսինը լքեց նրան: Մինչ վերջերս Լիդան մարմնավաճառությամբ էր վաստակում ընտանիքի օրվա հացը: Արդյունքում ևս 7 երեխա ունեցավ: Երկուսին լքեց անմիջապես հիվանդանոցում: Մյուս երկուսը մահացան՝ մեկը ծնվելիս, և մյուսը՝ 5-ամսականում՝ սովից: Հիմա Լիդան ապրում է իր երեխաների՝ 18-ամյա Արմենի, 9-ամյա Արթուրի, 16-ամյա Մարիամի և 6-ամյա Մարիայի հետ: Լիդայի մայրը՝ Ասյան, մահացավ մոտ 3 տարի առաջ: Արմենը և Մարիամը երբեք դպրոց չեն հաճախել: Նրանք գրեթե երբեք չեն լքում տունը՝ դառնալով վայրենի և չշփվող: Արդեն 7 տարի է, Լիդայի ընտանիքը այն վագոնից, որտեղ ապրում էր, տեղափոխվել է նոր տուն, որը կառուցվել է հատուկ փախստականների համար: Այս տներից ոչ մեկը չունի էլեկտրականություն, ջուր և ոչ էլ զուգարան: Լիդան թողեց մարմնավաճառությունը և սկսեց զբաղվել մանր առևտրով` ցածր գնով ծխախոտ գնելով և մի քիչ ավելի թանկ վերավաճառելով:  Ինչևէ, նրա վաստակած գումարը բավարար չէր նույնիսկ հացի համար: Հիմա նա չի աշխատում և պետությունից 30.000 դրամ նպաստ է ստանում: Ամբողջ ընտանիքը քաղցած է: Լիդան չի կարողանում վառելափայտ գնել: Նա վառարանի համար աղբ է հավաքում: Այրվող պլաստիկի ծանձր ծուխը խցանում է ծխատար խողովակը, դուրս գալիս անցքերից և լցվում սենյակները՝ սև ներկելով ամեն ինչ: Դժվար է տանը գտնել որևէ իր, որը սև չէ: Սև են պատերը, միջանցքի վարագույրները, անկողնու սպիտակեղենը և նույնիսկ այստեղ ապրող մարդիկ: Ռուբեն Մանգասարյանը լուսանկարել է Գադյանների ընտանիքը` սկսած 2003 թ.-ից և մինչև իր կյանքի վաղաժամ ավարտը` 2009 թ.: Այս ամբողջ ընթացքում պատմությունը հրապարակվել է տեղական և միջազգային լրատվամիջոցներում, ցուցադրվել մի շարք փառատոններում (Visa Pour L’Image, Պերպինյան, Photoquai, Փարիզ, Interfoto, Մոսկվա և այլն): Տեսնելով այս լուսանկարները՝ շատ մարդիկ տարբեր երկրներից առաջարկեցին իրենց օժանդակությունը: Իսկ երբ պատմությունը հայտնվեց BBC-ի կայքում, Ռուբենը մեծ արձագանք ստացավ ընթերցողներից: Բազմաթիվ մարդիկ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայից, Ռուսաստանից և այլ երկրներից այս ընտանիքի համար ուղարկում էին փող, սնունդ և հագուստ: Երբ ընտանիքն օգնություն էր ստանում կյանքը միառժամանակ բարելավվեց: Բայց ավելի ուշ, երբ այդ օգնությունն արդեն չկար, նրանք վերադարձան նույն «սև կյանքին»: Մահվանից անմիջապես առաջ Ռուբենը որոշեց ավելի վճռական գործել և մեկընդմիշտ լուծել Գադյանների ընտանիքի խնդիրը: «Այս մարդիկ ի վիճակի չեն ինքնուրույն լքելու իրենց սև կյանքը,- գրում է նա մահվանից մի քանի օր առաջ.- նրանք դեռ կրում են Ղարաբաղյան պատերազմի սթրեսը, նրանք մեկուսացված են ամբողջ աշխարհից: Նրանց մայրը ունի հոգեկան խնդիրներ, տատիկն արդեն մահացել է, և երեխաներն ապրում են նույնիսկ առանց տարրական կրթության: Եթե ոչ ոք չօգնի, նրանց բոլորի ապագան դատապարտված է նույն «սև կյանքին»: «Ֆեյսբուքում» ստեղծվել է խումբ, որի մասնակիցները պատրաստվում են կազմակերպել համախմբվածության և բարի կամքի դրսևորման ակտ, որ կփոխի այս ընտանիքի կյանքը: Խմբի անդամները հավատում եմ, որ դա իրենց կհաջողվի, և ուզում են ցույց տալ աշխարհին, թե ինչպես կարող է լուսանկարը փոխել սոցիալապես անապահով մարդկանց կյանքը… Սա կարող է լավ օրինակ ծառայել, և մարդիկ կգիտակցեն, որ դա իրոք հնարավոր է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter