HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Like That-ը և «Տեսնել գույնով» նախագծերը մինչև սեպտեմբերի 17-ը կցուցադրվեն «Սթիլ» պատկերասրահում

Երիտասարդ այլընտրանքային նկարիչները Գյումրիից և Երևանից 7-րդ բիենալեին ներկայացել էին «Նման մի բան» կոչվող նախագծով: Like That ցուցահանդեսը փորձ էր Գյումրու միջազգային բիենալեի շրջանակներում ներկայացնել 14-24 տարեկան երիտասարդ արվեստագետների աշխատանքներ, որոնցում արտահայտված են նրանց պատկերացումները, կոնֆլիկտներն ու զգացմունքները: Նախագծի համադրող Արման Գրիգորյանը դասավանդում է Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոցում: Գյումրիի 6-րդ բիենալեին մասնակցել է արվեստագետի կարգավիճակում. Համադրողի դերում սա առաջին փորձն է: «Նման մի բան» նախագիծն իրականություն է դարձել «Ուտոպիանա» արվեստ կենտրոնի աջակցությամբ: «Մի փոքր ֆինանսավորում մեր նախագիծն ունեցել է, դրա համար էլ բուկլետներ ունեցանք, պաստառներ,- ժպտում է Արման Գրիգորյանը:- Դե գիտեք, որ այս տարվա բիենալեն բյուջե չունի, և ամեն ինչ «էնտուզաիզմի» հաշվին է: Մեր նախագծում 15 հոգի գյումրեցիներ են և միայն 8-ն են Երևանից, 4 գործ բերել ենք կրթահամալիրի սաների աշխատանքներից: Մեր երեխաները նկարում են պատերին, և այդ մի փոքր ֆինանսավորումը հնարավորություն տվեց դրանք վերածել ահա այսպիսի մեծ պաստառների ու ներկայացնել մարդկանց դատին»: Արման Գրիգորյանը գոհ է 7-րդ բիենալեից, թեկուզ միայն հենց նրա համար, որ  ներկայացված են հիմնականում երիտասարդներդ ստեղծագործողների աշխատանքները: Նա նոր սերունդի մեջ տեսնում է ոգևորություն և ինչ-որ բան անելու ցանկություն: «Եթե հետ գնանք 1998թ., երբ ստեղծվեց առաջին բիենալեն, այդ ժամանակ Կարենը Ալեքյանը և Կարենը Բարսեղյանն ուսանողներ էին, իսկ հիմա արդեն համադրողներ են: Մի՞թե դա ձեռքբերում չէ»,-հարցնում է Like That-ի համադրողը: Արման Գրիգորյանի կարծիքով` հատուկ շոու պետք չէ անել մարդկանց գրավելու ու ցուցասրահներ բերելու համար: «Օրինակ ես մասնակցում եմ, և իմ ոգևորությունն ինձ հերիքում է»,- ասում է արվեստագետը: Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը ժամանակակից արվեստի սիրահար է: Նա հրաժարվեց եվրոպական և հայկակական ժամանակակից արվեստների միջև համեմատություն անցկացնելուց` նշելով, որ ամեն ինչ յուրովի ընկալելու խնդիր կա: Դեսպանն ասաց, որ արդեն իսկ հայ արվեստագետների գործերում տեսնում է եվրոպական արվեստի ազդեցությունը, ինչը նշանակում է երկխոսության կայացում: «Կարծում եմ` դրան նպաստել են և նախորդ տարիների բիենալեները, և իհարկե զարգացած ինտերնետը, երբ ցանկացած պահի կարող ես ունենալ քեզ պետքական ինֆորմացիան, տեսնել, ուսումնասիրել,- պարզաբանում է Մեծ Բրիտանիայի դեսպանը:- Իհարկե, Մեծ Բրիտանիայում ժամանակակից արվեստի թանգարաններն ավելի շատ են, և պետության աջակցությունն էլ ավելի մեծ է: Մարդիկ ավելի հեշտությամբ են կարողանում շփվել արվեստի այդ տեսակի հետ: Եվ դա խոսում է ոչ այնքան այն մասին, որ արվեստագետները շատ բան են անում, այլ ռեսուրսների, առկա հնարավորությունների»: Ըստ Չարլզ Լոնսդեյլի` բյուջեի սղության պատճառով միջազգային մասնակցության սահմանափակումը Գյումրիի 7-րդ միջազգային բիենալեին ամենևին չի նսեմացրել նրա նշանակությունը: Սակայն Չարլզ Լոնսդեյլը կազմակերպիչներին խորհուրդ է տվել հենց այս տարվանից նախապատրաստվել հաջորդ` 2012թ.-ի բիենալեին` ամեն ինչ չթողնել վերջին պահին: «Ճիշտն ասած համաշխարհային ճգնաժամը խփել է բոլորի գրպաններին, այդ թվում և արվեստագետների, սակայն դա չպետք է ենթադրի հրաժարում գեղեցիկ և հետաքրքիր նախագծերից»,- ասում է դեսպանը: Ընդհանուր առմամբ Գյումրիի 7-րդ բիենալեն լավ տպավորություն էր թողել Չարլզ Լոնսդեյլի վրա, հատկապես երիտասարդ արվեստագետների գործերը: Բնականաբար, մյուս ուրախացնող հանգամանքն էլ բիտանական գործերի ցուցադրությունն էր բիենալեի շրջանակներում: Բրիտանական գործերից կազմված «Տեսնել գույնով» ցուցահանդեսը, որ ներկայացրել էր Մեծ Բրիտանիայի դեսպանատունը և երիտասարդ այլընտրանքային ստեղծագործողների Like That-ը մինչև սեպտեմբերի 17-ը դեռ կհյուրընկալեն այցելուներին «Սթիլ» պատկերասրահում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter