Սենատը չպետք է հաստատի Բրայզայի թեկնածությունը որպես ԱՄՆ դեսպան Ադրբեջանում
Օգոստոսի սկզբին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սենատոր Բարբարա Բոքսերի խնդրանքով մինչև հետաձգել էր Մեթյու Բրայզայի` Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածության քվեարկությունը սեպտեմբերի կեսերը: Սենատորներ Բոքսերին, Հարի Ռեյդին և Ռոբերտ Մենենդեսին չէին բավարարել Բրայզայի ոչ միայն բանավոր, այլև գրավոր պատասխանները լսումների ժամանակ և դրանցից հետո:
Վերջին 40 օրվա ընթացքում` մինչ Կոնգրեսն արձակուրդի մեջ էր, մի շարք թերթեր ու կայքեր կասկածի տակ առան նման կարևոր պաշտոնին Բրայզայի թեկնածության նպատակահարմարությունը: Նրանք շահերի բախման որոշ հարցեր առաջ քաշեցին Բրայզայի և թուրքական ծագում ունեցող նրա կնոջ` Զեյնո Բարանի առնչությամբ, որը մինչև վերջերս Վաշինգտոնի վերլուծական կենտրոններից մեկի` Հադսոնի ինստիտուտի Եվրասիայի քաղաքականության հարցերով կենտրոնի տնօրենն էր:
Սույն հոդվածում կանգ կառնենք միայն 2007 թ. օգոստոսի 23-ին Ստամբուլում Բրայզայի և Բարանի հարսանյաց հանդեսի ժամանակ նրանց նվեր ստանալու մեղադրանքի վրա: Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա այն կտապալի Բրայզայի ոչ միայն դեսպան դառնալու հնարավորությունները, այլև, որն ավելի կարևոր է, լուրջ իրավական խնդիրներ կառաջացնի նրա համար:
Ըստ ԱՄՆ օրենքների` պետական պաշտոնյաներին և նրանց ամուսիններին արգելվում է նվերներ ստանալ, անգամ հարսանեկան, բացառությամբ մտերիմներից ստացած նվերների: Այդպիսի նվերների մասին պետք է զեկուցել ԱՄՆ կառավարությանը և հարկային ծառայություններին: Բրայզայի դեպքում հարցն էլ ավելի է բարդանում, քանի որ եթե նա նվերներ է ստացել և չի զեկուցել այդ մասին, միևնույն ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում երդում տալով ասել, որ այդպիսի նվերներ չի ստացել, ապա նա կարող է մեղադրվել նվերի մասին չհայտնելու, հարկերից խուսափելու և սուտ վկայություն տալու համար:
Բրայզայի հանրահայտ հարսանիքը զգայացունց հետևանքներ ունեցավ, երբ ադրբեջանցի լրագրող Ադիլ Խալիլը «Ազադլիգ» ադրբեջանական ընդդիմադիր թերթին հայտնեց, որ Բրայզա-Բարան զույգի հարսանիքի ծախսերի մեծ մասը վճարել է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Հեյդար Բաբաևը: Նախարարը հերքեց մեղադրանքը և զրպարտության համար դատական հայց ներկայացրեց, որի հիման վրա Խալիլին ձերբակալեցին, դաժան ծեծի ենթարկեցին ու դանակահարեցին, և նա ստիպված փախավ Ֆրանսիա:
Անհիմն մեղադրանքներով ձերբակալվեց նաև թերթի խմբագիր Գանիմաթ Զահիդը: Անցյալ ամիս «Ազադլիգը» դադարեց լույս տեսնել այն բանից հետո, երբ իշխանությունները խմբագրությունը դուրս վռնդեցին իր գրասենյակից: Ադրբեջանական դատական բոլոր ատյաններն անցնելուց հետո, թերթի խմբագիրը Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայց ներկայացրեց` ընդդեմ Ադրբեջանի:
Ըստ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների հաղորդումների` տարբեր երկրների շուրջ 400 հայտնի հյուր է 2007 թ. ներկա եղել Բրայզայի ճոխ հարսանիքին, որն անց է կացվել անվտանգության խիստ միջոցառումների ներքո: Թուրքիայից հյուրերի թվում եղել են Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսը, Պոլսո Հայոց պատրիարքը, խորհրդարանի պատգամավորներ և գլխավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Բրայզան իր հարսանյաց հանդեսին հրավիրել էր նաև Հայաստանի ղեկավարներին, այդ թվում` նախագահ Ռոբերտ Քոչարյանին և արտգործնախարար Վարդան Օսկանյանին, որոնք չեն մասնակցել այդ արարողությանը: Այդ ժամանակ Բրայզան ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալն էր և Արցախի հակամարտության գծով ԵԱՀԿ Մինսկի միջնորդական խմբի ամերիկացի համանախագահը:
Բրայզայի` Ստամբուլում կայացած հարսանիքին ներկա են եղել նաև ադրբեջանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, որը հարսանիքի վկաներից էր, Տնտեսական զարգացման և բնական պաշարների նախարար Հեյդար Բաբաևը, խորհրդարանի փոխխոսնակ Վալեհ Ալեսքերովը և Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Էլին Սուլեյմանովը: Հարսանիքի սկզբում ընթերցվել է Իլհամ Ալիևի շնորհավորական ուղերձը: Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից իմ ձեռք բերած փաստաթղթերի` ադրբեջանցի խմբագիրը պնդել է, որ Ալիևը «հատուկ նվեր էր ուղարկել հարսնացուին»:
Չնայած Բրայզան և Բարանը հյուրերին խնդրել էին նվերների փոխարեն նվիրատվություններ կատարել թուրքական բարեգործական մի ծրագրի` սակայն Միջին Արևելքում ընդունված ավանդույթ է նորապսակ զույգերին ընծաներ, հատկապես թանկարժեք զարդեր մատուցելը: Օրինակ, հուլիսին Քաբուլում Հիլարի Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ասաց, որ պետքարտուղարին նվեր է ուղարկելու` նրա դստեր հարսանիքի առթիվ:
Ըստ Լրատվամիջոցների իրավունքների ինստիտուտի` նախարար Բաբաևի փաստաբանները Բաքվում դատական նիստի ժամանակ հաստատել են, որ նա ներկա է եղել հարսանիքին և «անգամ նվեր է պատրաստել» Բրայզայի համար: Սակայն Սենատում լսումների ժամանակ Բրայզան հերքել է այն պնդումը, թե ադրբեջանցի պաշտոնյան ֆինանսավորել է իր հարսանիքը` ավելացնելով, որ բոլոր ծախսերը հոգացել են իր և կնոջ ընտանիքները:
Մինչև Սենատում Բրայզայի թեկնածության քվեարկությունը պետք է հանգամանորեն ուսումնասիրել այն մեղադրանքը, թե արդյոք Բրայզան հարսանեկան նվերներ ստացե՞լ է: Չնայած սենատորները և հայկական, հունական ու կիպրական համայնքները բազմաթիվ պատճառներով դեմ են Բրայզայի թեկնածությանը` սակայն միայն հարսանեկան ծախսերն ու նվերները կարող են լուրջ իրավական հետևանքներ ունենալ: Ուստի, Սենատը պետք է սպասի Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմած ադրբեջանցի խմբագրի դատական գործի արդյունքներին:
Մինչև Բաքու շտապելը Բրայզան պետք է լիովին համագործակցի նման հետաքննության հետ, որպեսզի ցրի իր գլխին կուտակված կասկածների ամպը: Նա պետք է տրամադրի իր հարսանիքի հյուրերի ամբողջական ցուցակը և հայտնի այն բոլոր նվերների մասին, որոնք նորապսակներն ու նրանց ընտանիքները ստացել են հարսանիքի առթիվ:
ԱՄՆ հետաքննիչները պետք է հանդիպեն բոլոր նրանց հետ, որոնք ներկա են եղել Բրայզայի հարսանիքին և ճշտեն, թե նրանք արարողության առթիվ ինչ նվերներ են մատուցել նորապսակ զույգին: Պետք է Բրայզայից նաև պահանջել, որ նա հաշվետվություն ներկայացնի հարսանեկան ծախսերի մասին ու պարզաբանի, թե ինչպես են դրանք վճարվել:
Մի քանի օր առաջ սենատոր Բոքսերը նամակ էր գրել ինձ` խորը մտահոգություն հայտնելով լսումների ժամանակ և դրանցից հետո իր հարցումներին Բրայզայի ոչ լիարժեք պատասխանների վերաբերյալ: Նա խոստացավ շարունակել ջանքեր գործադրել` «պարզելու, թե արդյոք Միացյալ Նահանգների համար նա պատշաճ ներկայացուցի՞չ է այս չափազանց անկայուն տարածաշրջանում»:
Սենատոր Բոքսերը և նրա գործընկերները կամ պետք է մերժեն Բրայզայի թեկնածությունը, կամ առկախեն այն, մինչև նրա դեմ ներկայացված բոլոր մեղադրանքներն ուսումնասիրվեն, և ապացույցներ ներկայացվեն դրանց իսկությունը բացահայտելու համար:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ.՝ Ռ.Ավագյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել