«Ցտեսություն ասենք կառավարությանը»
Այսօր Ազգային ժողովը 75 կողմ, 15 դեմ և 3 ձեռնպահ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծին դեմ քվեարկեցին «Ժառանգություն» և «Դաշնակցություն» խմբակցությունները: Հիշեցնենք, որ օրենքի նախագծով առաջարկվում է համայնքներում ավագանիներին հնարավորություն տալ 1 տոննա աղբի համար վարձավճարը սահմանել մինչև 30.000 դրամ, 1 խմ աղբի համար` 10.000 դրամ, իսկ յուրաքանչյուր բնակչի համար առավելագույնը 1.000 դրամ կամ բնակելի մակերեսի 1 քմ համար` առավելագույնը 100 դրամ վարձավճար:
Աղբահանություն մասին օրինագծի քվեարկությունից պատգամավորներն անմիջապես անցում կատարեցին «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննակմանը: ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի և ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի միջև բանավեճ ծավալվեց:
Ըստ Արծվիկ Մինասյանի` ներկա կառավարության վարած սոցիալական քաղաքականությունը հանգեցնում է նրան, որ ժողովրդի մեջ վերջնականապես անվստահություն առաջանա երկրի նախագահի նկատմամբ: Պատգամավորի բնորոշմամբ` այս փոփոխությունը ևս չի բարելավի քաղաքացիների սոցիալական վիճակը: Բացի դրանից` կառավարությունն այսօր չունի այս ոլորտը կանոնակարգող ամբողջական ռազմավարություն:
«Կառավարությունը հայտարարել էր, որ բոլոր աշխատավարձերի գծով բարձրացումներ լինելու են: Երկրի նախագահի նախընտրական ծրագրում էլ կար այդ մասին: Բայց վերցրեք կառավարության միջնաժամկետ ծրագրերը և կտեսնեք, որ այդ ամենը մնացել է թղթի վրա: Կոնկրետ ծրագրային որևէ փոփոխություն չկա: Այդ դեպքում պետք է ցտեսություն ասենք այս կառավարությանը»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքերով` Հայաստանում ավելացել է անվստահությունը երկրի ապագայի նկատմամբ, իսկ հարցվածների 45 %-ը պատրաստ է հեռանալ երկրից:
Հակոբ Հակոբյանն էլ արձագանքեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար եղած ժամանակ Արծվիկ Մինասյանն ակտիվ դերակատարություն է ունեցել նպաստների համակարգի ձևավորման գործում: Դաշնակցական պատգամավորն էլ Հակոբ Հակոբյանին մեղադրեց ոլորտին չտիրապետելու մեջ և հակադարձեց, որ ինքը ոլորտը կարգավորելու համար բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել, սակայն կառավարությունը ոչ մի քայլ չի արել դրանք կյանքի կոչելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել