HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձեր ձեռքերն ավելի գեղեցիկ են

Ամանորի մաղթանք մի քիչ Ուիթմենի, մի քիչ էլ Ջբրան Խալիլի ոճով՝ վասն ազատության

«Դանեմարքը բանտ է»,- ասում է Համլետը, մինչդեռ Շեքսպիրի համանուն ողբերգության մեջ չկան բանտային տեսարաններ եւ կալանավոր գործող անձինք։ Մինչեւ իսկ Համլետն ինքը չէր հետապնդվում, թեեւ մերօրյա կուռ տրամաբանությամբ լիովին արժանի էր։ 

Համլետը տեսնում եւ ընկալում էր ամբողջը ու եզրահանգում իր կարճ, բայց մեծ բովանդակություն պարունակող ձեւակերպմանը։

«Դանեմարքը բանտ է»։ Այսինքն՝ այդ Դանեմարքում բոլորն ինչ-որ բանի գերին են ու պատանդը՝ մեկը թագի, մեկն իր իսկ գործած մեղքի, մեկն իր կրքերի, մյուսը դավաճանության։ Եւ այս ամենի մեջ միակ մարդն, ով զգում էր բանտը, Համլետն էր, որովհետեւ տեսնում ու ընկալում էր ամբողջը։ 

Հիմա, Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին, անկարելի է ազատության մաղթանք չհղել նրանց, ովքեր բանտում են։ 

Ուրեմն՝ առաջին հերթին ազատության մաղթանք եմ հղում նրանց, ովքեր հանուն իշխանության եղբայրասպան դարձան։ Ազատվե՛ք, այդ իշխանությունից, որովհետեւ դա է ձեր կապանքը։ 

Ազատության մաղթանք եմ հղում նաեւ նրանց, ովքեր պաշտպանում ու պահպանում են իշխանությամբ կապանքվածներին։ Հավատացեք, եթե դուք դադարեք պաշտպանել ու պահպանել, ձեր պաշտպանյալ-պահպանյալներն ազատ կլինեն, դուք եւս կազատվեք գերությունից։ 

Ազատության մաղթանք կա նաեւ նրանց համար, ովքեր հավատում ու հավատացնում են, թե սպասելով, ձգձգելով, խաբելով ու ինքնախաբվելով` ազատվելու են։ Չէ, կապանքները չեն քանդվում ո'չ հրովարտակներով, ո'չ էլ հրամաններով, հատկապես, երբ դրանց հանգույցները ներծծված են եղբոր արյամբ։ 

Ազատության մաղթանք կա նաեւ նրանց համար, ում թվում է, թե իրենք անձամբ են ազատ։ Բայց չէ՞ որ ավելի ազատ չեն, քան Դանեմարքի արքայազնն ինքը, ով իր հոր թագավորությունը բանտ էր համարում։ Անձամբ ազատի կապանքն էլ բավարարվածությունն է անձնական ազատությամբ։ Ազատվեք այդ կապանքից ու կտեսնեք, որ հենց դուք եք ազատության մերանը։ 

Ազատության մաղթանք կա նաեւ նրանց համար, ովքեր արդար են, բայց չեն հավատում արդարությանը, ովքեր ազնիվ են, բայց չեն հավատում ազնվությանը, ովքեր քաջ են նույնիսկ, բայց երկնչում են քաջությունից։ Դո՛ւք, արդարնե՛ր, ազնիվնե՛ր, քաջե՛ր՝ փակված ինքնակերտվածքի ձեր զնդաններում, աղճատում եք արդարությունն էլ, ազնվությունն էլ, քաջությունն էլ։ Ակամա, գուցե։ Ազատ եղեք, եւ ձեր ինքնակերտվածքը, որ զնդան է, թագավորություն կդառնա։ 

Ազատության մաղթանք կա նաեւ նրանց համար, ովքեր խոհեմ են, բայց ոչ ողջամիտ։ Համլետն ասում է. «Խոհեմությունը մեզ վախկոտ է դարձնում»։ 

Համլետն այսպես է ձեւակերպում այն երեւույթը, որը մենք ժամանակակից լեզվով կոչում ենք կոնֆորմիզմ, քանզի առանց ողջ մտքի` խոհեմությունը մեր վախերի արդարացումն է։ Արդարացի վախ չի լինում, ազատվեք այդ կապանքից եւս։ 

Ազատության մաղթանք կա նաեւ նրանց համար, ովքեր շփոթում են շանսատակությունն ու զոհաբերությունը, ովքեր կրում են «գոռ բախտի պարսաքարերն» իբրեւ սիրո ու նվիրման ապացույց։ Իմացյալ ձեր զրկանքն առանց ազատության մի ձնծաղիկ անգամ չի ծլեցնի։ 

Ազատության մաղթանք կա նաեւ նրանց համար, ովքեր լքում են բանտը ազատությունն այլուր գտնելու հույսով։ Այլուր այլերի ազատությունն է։ Եթե ձեր ներսում կա ճաղավանդակ, դուք չեք տարբերվում էկզոտիկ թռչնից։ Ազատվեք, խնդրեմ, թութակ լինելուց։ 

Ազատության մաղթանք կա նաեւ նրանց համար, ովքեր գիտեն ու չեն ասում, ովքեր տեսնում են, բայց չեն նկատում, ովքեր հասկանում են, բայց լռության ճոճքին պառկած` հետեւում են այլոց արիությանը, երբեմն նաեւ հիանում։ Եւ նրանց թվում է, թե ազատությունը մենաշնորհ է այն բոլոր մենաշնորհների պես, որոնք գտնվում են փոքրաթիվ մարդկանց ձեռքում եւ անհասանելի են պստիկ մահկանացուներին։ Ձեր կապանքը դուք եք, ազատվեք ձեզնից։ 

Ազատության մաղթանք կա նաեւ նրանց համար, ովքեր սպասում են։ Սպասում են ողորմության, սպասում են գթասրտության, սպասում են կարեկցանքի։ Ողորմությունն Աստծուց է, իսկ ողորմած Աստված արդեն ազատ է ստեղծել ձեզ։ Ընդունեք այդ ողորմությունն ու այլեւս կարիք չեք ունենա գթասրտության ու կարեկցանքի, որը, Հրանտ Մաթեւոսյանը կասեր, «պարոնտիրոջ» ձեռքին է։ Մի նայեք «պարոնտիրոջ» ձեռքին։ Ձեր ձեռքերն ավելի գեղեցիկ են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter