HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսուցիչների պատասխանը տնօրենին

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվ. թ.11 դպրոցում տնօրեն Ռուզան Ազիզյանի կողմից աշխատողների իրավազրկման փաստի վերաբերյալ ս.թ. հուլիսի 8-ին մամլո հաղորդագրություն էր տրվել նույն դպրոցի ուսուցիչներ Լիլիա Մարգարյանի և Մարգարիտ Իսպիրյանի կողմից: Սահմանադրության և օրենքի կոպիտ խախտումներ պարունակող «Աշխատողի վարքագծի պարտադիր կանոններ» ներքին իրավական ակտի ընդունմամբ տնօրենը կարողացել էր կամազրկել գրեթե ողջ կոլեկտիվը և արհեստակցական կազմակերպությունը, իսկ սեփական կարծիք ունեցողներին` հերթով ազատել աշխատանքից. Գոհար Բարսեղյան, Նաիրա Եղիազարյան, Լիանա Սիմոնյան այժմ նաև` Լիլիա Մարգարյան և Մարգարիտ Իսպիրյան: Վերջին երեք ուսուցիչների դեմ Ազիզյանը նաև հայց է ներկացրել Մալաթիա-Սեբաստիա ԸԻ դատարան` պատիվը, արժանապատվությունը արատավորող տեղեկություններ տարածելու փաստով հերքում ներկայացնելու պահանջով (գործը գտնվում է դատավոր Իսկուհի Վարդանյանի վարույթում), վկայակոչելով «Առավոտ»թերթի 11.12.2009թ. համարում տպագրված «Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի մութ պատմությունները» հոդվածը: Դրան ի պատասխան, ուսուցիչները հակընդդեմ հայց են ներկայացրել, որը պարունակում է նաև «Աշխատողի վարքագծի պարտադիր կանոններ» ներքին իրավական ակտն անվավեր ճանաչելու  պահանջ: Հակընդդեմ հայցին կից ուսուցիչները ներկայացրել են անհերքելի ապացույցներ (մանկխորհի նիստի և սեփական երկխոսությունների ձայնագրություններ տնօրենի հետ), տնօրենի կողմից ուսուցիչների իրավունքների կոպիտ ոտնահարումների վերաբերյալ: Այսպես` ա/ Ռ. Ազիզյանը դիմելով Լ. Մարգարյանին սպառնում է անցնել ֆիզիկական հաշվեհարդարի. «Հիմի ասեմ, գլուխդ կջարդեն, բոլորը կանգնած են, ասում են մի հատ էլ խոսի` գլուխը ջարդելու ենք»… Այնուհետև աշխատանքից ազատելու սպառնալիք. «Ես քեզ այնպես եմ ազատելու, որ Եվրոխորհուրդ էլ դիմես, ասեն սխալ եք»… Այնուհետև` «Եթե դու գտնում ես, որ ես Նաիրա Եղիազարյանին անհիմն եմ ազատել (աշխատանքից),  ուրեմն դու ստանում ես նկատողություն…  խիստ նկատողություն»: Ի դեպ, ս.թ. սեպտեմբերի 10-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը` նախագահությամբ Գ. Մատինյանի, մերժեց դպրոց-ՊՈԱԿ-ի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը, օրինական ուժի մեջ թողնելով Մալաթիա-Սեբաստիա ԸԻ առաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի  կայացրած վճիռը` Նաիրա Եղիազարյանի աշխատանքից ազատման 066 հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի գումարը բռնագանձելու պահանջի մասին (ընդամենը… 21 ամսվա` այս պահի դրությամբ): բ/Գործավարը տնօրենի ցուցումով չի տրամադրում հաշվառման թերթիկը (տաբելը) ժամանակին աշխատանքի ներկայացած Լ. Մարգարյանին ստորագրելու, ապօրինաբար պահանջելով մի դեպքում` ներկայացնել աշխատանքային պայմանագրի Լ. Մարգարյանին պատկանող օրինակը, մյուս դեպքում` մեկ այլ փաստաթուղթ, իսկ վերջում էլ չի խորշում ստելուց, ասելով. «Էն ժամանակ դուք չստորագրեցիք, հիմա արդեն ուշ է»: գ/ Տնօրենը մեթոդապես կշտամբում է իր ստացած աշխատավարձի վերահաշվարկը պահանջող աշխատողին, ամփոփելով. «Հիմա  ինչ ես էկել`  հացիս վայիս ես ըլնում»… իսկ հետո, չկարողանալով քիչ թե շատ խելքը գլխին բացատրություն գտնել, հանկարծ «պայթում է» և զարհուրելի ճիչեր արձակում, ինչից սարսափած` աշխատողը իրեն մի կերպ դուրս է գցում: դ/ Տնօրենը մանկխորհի նիստում ընթերցում է արհկոմի նախագահի «գլուխգործոց» նամակներից մեկը,  որն ավարտվում է այսպիսի մաժորային տոնայնությամբ. «Խնդրում եմ  և պահանջում.  ազատել աշխատանքից Լ. Մարգարյանին և Մ. Իսպիրյանին, քանի որ նրանք անուղղելի են, եթե նախկինում մեզ թափահարում էին տեսուչով և իրավաբանով, հիմա էլ մեզ թափահարում  են իրենց դատարաններով»: Ճիշտ է, ցուցաբերելով «մեծահոգություն», տնօրենը այդպես էլ չհարգեց արհկոմի պաղատանքները, այլ միայն կրթական բարեփոխումների բեռից  ճնշված` «ճարահատյալ» ազատեց նրանց  աշխատանքից կրճատման` միանգամայն անմեղ հիմքով, աշխատելով պահպանել ջրից չոր դուրս գալու համար անհրաժեշտ բոլոր ձևականությունները: Տնօրենի այդ «մեծահոգությունը» չգնահատող ուսուցիչները, հնարավոր է` նաև միամտաբար հավատալով արհկոմի նախագահի այն պնդմանը, թե տեսուչը, իրավաբանը և հատկապես դատարանները այլևս իրենցն են , ազատման հրամանի օրինականությունը ևս բողոքարկեցին, նույն` Մալաթիա- Սեբաստիա ԸԻ դատարանում:  Գործը գտնվում է  դատավոր Լիլիթ  Կատվալյանի վարույթում: Ի գիտություն Ռ. Ազիզյանի պետք է ասել, որ նա գործ ունի ոչ թե մի խումբ նեղացած կանանց, այլ իրենց սահմանադրական իրավունքները գիտակցած քաղաքացիների հետ, որոնք պատրաստ են բոլոր օրինական միջոցներով մինչև վերջ պայքարելու արդարության հաղթանակի և օրինականության վերականգնման համար: Նույն դպրոցի նախկին (դեռևս) ուսուցիչներ` Լիլիա Մարգարյան, Մարգարիտ Իսպիրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter